Խմբակցության նիստերին չեմ մասնակցում շահարկումներից խուսափելու համար. Թ. Թովմասյան

սեպտեմբերի 30, 2019

-Տիկին Թովմասյան, եղել եք «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, և երբ թերթը իշխանության կամ ձեր խմբակցության մասին որևէ տեղեկություն է հրապարակում, Դուք եք հայտնվում թիրախում։ Որքանո՞վ եք այսօր առնչվում խմբագրության գործունեությանը։

-ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերից սկսած՝ և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո չեմ զբաղվում «Ժողովուրդ» օրաթերթի աշխատանքներով: Իհարկե, շփվում եմ իմ նախկին գործընկերների հետ խորհրդարանում, ԱԺ-ում ճաշարան ենք գնում...բայց խմբագրական, լրագրողական աշխատանքով ֆիզիկապես չեմ հասցնում զբաղվել:

-Ասում եք, որ կապ չունեք լրատվամիջոցի հետ, բայց միևնույնն է. այնտեղ հնչող քննադատությունը առանձին պաշտոնյաների հասցեին ընկալվում է քննադատություն հենց Ձեր կողմից։

Դե, խելագարության կանխավարկածով միշտ կարելի է առաջնորդվել: Ես չէի նախընտրի այդ ճանապարհով գնալ:

-«Ժողովուրդ» վերջերս գրեց, թե առաջիկայում պաշտոնանկություններ են սպասվում։ Քննարկվե՞լ է խմբակցությունում նման հարց, և հնարավո՞ր է՝ Դուք էլ դուրս գաք խմբակցությունից։

-Ես մեր խմբակցության նիստերին չեմ մասնակցում ամիսներ շարունակ՝ հենց նման շահարկումներից խուսափելու համար: Ով ինչ կերեւակայի, կենթադրի, իր խնդիրն է: Կա ճշմարտություն, որը մեկն է ու բոլորի համար:

-Լրատվամիջոցի թիրախում շատ պետական կառույցների հետ մեկտեղ, պարբերաբար հայտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Կա՞ անձնավորված մոտեցում, Դուք անձամբ դժգո՞հ եք նրա գործունեությունից։

-Արդեն ասացի, որ խմբագրական աշխատանքի հետ կապ չունեմ, իսկ Դուք կոնկրետ անձի մասին եք հարցնում: Ուղղակի փոքր պատմական էքսկուրս անեմ՝ բացեք, կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի 8 տարիների համարները և տեսեք՝ առողջապահության քանի նախարար է քննադատվել, ինչ փաստերով, ինչ չափաբաժնով: Ուղղակի նորից ցանկալին մատուցվում է որպես իրականություն: Ընդամենը: Մարդիկ պետք է այնպես աշխատեն, որ չհայտնվեն մամուլի ուշադրության կենտրոնում, եթե հայտնվում են, թող մեղավորներ չփնտրեն՝ բացի իրենցից: Մամուլը հայելու դեր է տանում: Պետք է ուժ ունենալ՝ նայելու այդ հայելու մեջ ուղիղ:

-Կառավարության գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։ Գոհացուցիչ ի՞նչ եք տեսնում, որը կարող եք ներկայացնել Ձեր ընտրողներին։

-Շատ հարցերում հպարտորեն եմ իմ ընտրողներին ինֆորմացիա փոխանցում, բայց կան նաև խնդիրներ, որոնք ներկայացնում եմ ցավով ու խնդրում եմ ըմբռնումով մոտենալ:

-Դուք բավական հաճախ եք հանդիպումներ Ձեր ընտրողներին։ Ի՞նչ եք նկատել, որևէ բան փոխվե՞լ է նրանց կյանքում։

-Շնորհակալ եմ, որ նկատել եք ակտիվությունս: Բնակիչներից էլ եմ հաճախ լսում այդ մասին ու լավ եմ զգում, որ ամենօրյա ծանր աշխատանքս գնահատվում է: Համայնքներ կան, որ գոհ են, քանի որ տարիների կուտակված հարցերը տեղից շարժվել են, համայնքներ էլ կան՝ դժգոհում են, թե ոչինչ չի փոխվել ու շտապում են: Տարբեր իրավիճակներ են:

-Տիկի՛ն Թովմասյան, «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ։ Շատերն այն համարում են ճնշում ՍԴ-ի վրա։ Կա՞ ճնշում։

-Թույլ տվեք չմեկնաբանել։

-Դուք ի՞նչ եք կարծում՝ ՍԴ-ում կա՞ ճգնաժամ, և արդյո՞ք Հրայր Թովմասյանը պետք է հեռանա։

-Կներեք, այդ հարցի շուրջ մեկնաբանություն չեմ տալիս։