ԱԺ-ն հրաժարվեց Հրայր Թովմասյանից, մնաց ՍԴ-ն

հոկտեմբերի 5, 2019

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը 98 կողմ և 1 դեմ ձայնով, փակ, գաղտնի քվեարկությամբ  ընդունեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Կողմ են քվեարկել «Իմ քայլ» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահի  լիազորությունները դադարեցնելու հիմքերը շատ թույլ են, հետևաբար, իրենք չեն մասնակցի քվեարկությանը։

ԱԺ-ի ընդունած այս որոշումն ուղարկվելու է Սահմանադրական դատարան: Վարույթ ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում ՍԴ-ն պետք է կայացնի իր որոշումը:  Որոշման կայացման ժամկետը կարող է երկարացվել ևս մինչև 50 օրով: Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ դիմումը քննության ընդունելու պահից Հրայր Թովմասյանի  լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Հետևաբար, նա իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցի: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են 9 դատավորներից 6-ի «կողմ» ձայները:

Լիազորությունները դադարեցնելու չորս հիմքերը

Ավելի քան 90 էջից բաղկացած նախաձեռնությամբ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ին ու ՍԴ-ին էր ներկայացրել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու չորս հիմք: Առաջինը ՍԴ նախագահի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու և պաշտոններ զբաղեցնելու հանգամանքն է: Նախագծի հեղինակները հիմնավոր են համարում ՍԴ նախագահի և ՀՀԿ-ի փոխկապակցվածությունը, ինչպես նաև` Մարտի 1-ի գործով ՀՀԿ-ի և այդ գործով գլխավոր մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի համընկնումը:

Հիմքերից երկրորդը Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական կապն է: «Իմ քայլը» խմբակցությունը համոզված է, որ ՍԴ նախագահը պետք է այդ կապի և Ռոբերտ Քոչարյանի գործի քննարկմանը չմասնակցելու հարց բարձրացներ մյուս դատավորների առջև: Չի բարձրացրել, ուրեմն, կարգապահական խախտում է թույլ տվել:

Երրորդ հիմքը Մարտի 1-ի գործով Հրայր Թովմասյանի նախկին դիրքորոշումներն են, որոնք բխել են նախկին իշխանության շահերից: Եվ, վերջապես, Ռ.Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս՝ պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ մեկ այլ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը, որով նա անհնար էր համարել այդ վարույթին Հրայր Թովմասյանի մասնակցությունը:

Ճնշել են

ԱԺ-ն քննարկման էր հրավիրել նաև Հրայր Թովմասյանին, վերջինս, սակայն, նպատակահարմար չէր համարել մասնակցել՝ պատճառաբանելով, թե իր լիազորությունները դադարեցնելու գործընթացն «ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն»: Նրա կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնությունն այդ որոշումով մեկ նպատակ է հետապնդում. «Քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել ստոպ, որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը: Բուն նպատակը դա»։

ՍԴ նախագահը հայտարարել էր, թե գործող իշխանությունը ուղղակիորեն փորձել է ՍԴ նախագահի վրա ճնշումներ գործադրել։ «Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»,- ԱԺ քննարկման նախօրեին մի հեռուստահարցազրույցում ասել էր նա:

Ի դեպ, հարցազրույցի ավարտին Հրայր Թովմասյանը ԱԺ չներկայանալու և իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու համար ներողություն էր խնդրել միայն ԲՀԿ-ից։

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը չուներ բացատրություն, թե Հրայր Թովմասյանն ինչու է խորհրդարանի երեք խմբակցություններից միայն ԲՀԿ-ից ներողություն խնդրել: «Թող որևէ մեկը անհաջող փորձ չկատարի և մեզ չկապի Հրայր Թովմասյանի անձի հետ: Դա անպտուղ փորձ է լինելու: Մենք ստեղ Հրայր Թովմասյանի հարցը չենք լուծում: Իրավական հիմնավորումները մեր կարծիքով բավարար չեն, որովհետեւ այնտեղ չկա էական կարգապահական խախտում: Ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք միանալ ցանկացած նախաձեռնության: Քավոր-սանիկությունն ասենք, ի՞նչ կապ ունի: Քավոր-սանիկությունն իրավական կատերգորիա՞ է: Որևէ օրենք ցույց տվեք, որտեղ գրած լինի, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է»,- հայտարարեց նա:

 «Իմ քայլը» շատ քայլեր ունի

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում էր, որ իրենց որշման մեջ քաղաքական որևէ նախադասություն չկա, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական էր համարում Հրայր Թովմասյանի հայտարարությունը, քանի որ «ՍԴ դատավորը օրենքով է պարտավոր դրսևորել քաղաքական զսպվածություն»։

Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եթե ՍԴ-ն մերժի ԱԺ որոշումը և չդադարեցնի Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Քայլերը, ինչպես քվեարկությունից առաջ լրագրողներին ասել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շատ են. «Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք՝ հիմա պրոցեսը ինչ պիտի լինի: Մենք ընդհանրապես որևէ բան, որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որևէ քայլ ցանկացած հարցի պարագայում»: