Կանացիությունն ու տղամարդկությունը քաղաքական կատեգորիա չեն. Լ. Նազարյան

հոկտեմբերի 9, 2019

Հարցազրույց ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ

-Հանրային-քաղաքական դաշտում բոլորը՝ ներկա, նախկին ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները բողոքում են, միմյանց մեղադրում ատելության խոսք, անձնական վիրավորանք, սպառնալիք տարածելու, ֆեյքեր պահելու մեջ, բայց կողմերից ոչ մեկը չի պատրաստվում առաջինը կտրել այս արատավոր շղթան: Ի՞նչ է պետք անել:

-Այս ամենը նոր չի սկսվել, հետևաբար, նախկին իշխանության ներկայացուցիչների բողոքներն այս առումով կոկորդիլոսի արցունքներ են։ Բազում օրինակներ կարող ենք հիշել, թե ինչպես են հիմա արդեն աջուձախ դատապարտող նախկին պաշտոնյաները ուղիղ վիրավորանքներ հասցրել լրագրողներին, հանրային գործիչներին, հրապարակում կանգնած մարդկանց: Սա՝ զուտ որպես անցյալի արձանագրում, սակայն ես չեմ ուզում, որ մենք հանկարծ գնանք սիմետրիկ արձագանքի ճանապարհով: Գրեթե վստահ եմ, որ նախկինները չեն դադարելու իրենց խոսքային ագրեսիան, ավելին՝ սրելու են, հրահրելու են ու փորձելու են ցանկացած գործչի հանել հավասարակշռությունից: Եվ այս պայմաններում մենք՝ որպես նոր Հայաստանի կառավարող ուժ, ոչ միայն նախկիններին պետք է հաղթահարենք, այլև ինքներս մե՛զ, որովհետև մենք ենք այսօր քաղաքական մշակույթի նշաձող սահմանողը: Հավատացած եմ, որ լավ քաղաքական գործչին երբեք չի կարող բավարարել խտրական կամ նսեմացնող խոսքով համեմված քննադատությունը, որովհետև դա քննադատական խոսքի անկարողության, սնանկության նշան է: Լուծումը կլինի այն, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ որոշի, որ իր խոսքում բացառում է վիրավորանքը, և վե՛րջ: Վիրավորանք, ատելության խոսք ասող քաղաքական գործիչները կմնան լուսանցքում: Մեզ նաև շատ է պակասում քաղաքական հումորը, որը թեժ մթնոլորտը պարբերաբար պարպելու և թշնամականի չվերածելու լավ միջոց է: Այնինչ, նույնիսկ պատահում է, որ հումորով ասված խոսքը մեզանում չի ընկալվում, ինչպես, օրինակ, իմ հումորով արձագանքը Պաշտպանության նախարարի հետ հարցուպատասխանի ժամանակ տարբեր արձագանքներ առաջացրեց։

-Ընդունված է՝ քաղաքական հակառակորդները միմյանց մասին այնքան էլ մեղմ չեն արտահայտվում. որտե՞ղ է սահմանը, որը չի կարելի հատել: Օրերս «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին անձնական վիրավորանք էր հնչեցրել։ Արփինե Հովհաննիսյանն էլ է մեղադրվում նախկինում Դանիել Իոաննիսյանին անձնապես վիրավորելու մեջ: Ինչու՞ է այդպես, ըստ Ձեզ, ինչու՞ են քաղաքական գործիչները ընտրում միմյանց վիրավորելու ճանապարհը։

-Ես հիմա չեմ ուզում առանձին անձերի մասին խոսել ու քննարկել, թե ով ինչ է ասել: Ես հաճախ եմ մտածում, թե ի՞նչ է քաղաքականությունը, և համոզված եմ, որ մարդու անձնական կյանքը, սեռը, արտաքինը, առողջությունը, մտավոր կարողությունները, փոխկապակցված անձինք, խոսքը չի վերաբերում այդ անձանց հետ կապված կոռուպցիոն խնդիրներին, կանացիությունը, տղամարդկությունը քաղաքական շահարկման կատեգորիաներ չե՛ն: Ինձ համար այդտեղ է սահմանը, որովհետև այս երևույթները կապված են մարդկանց հույզերի, հոգեկան աշխարհի հետ ու, իմ համոզմամբ, ոչ մի դեպքում չի կարելի խաթարել մարդու հոգեկան կայունությունը: Իմ պատկերացմամբ, դա ևս բռնություն է: Եթե մենք՝ որպես հանրություն, մերժում ենք բռնությունը, ապա հոգեբանական բռնությունը նույնչափ մերժելի պետք է լինի: Այո, քաղաքականությունը կոշտ, հարվածող ու ոչնչացնող լեզու է կիրառում, և կան քաղաքական կերպարներ, որոնց պե՛տք է քաղաքականապես ոչնչացնել, դելեգիտիմացնել, արժեզրկել նրանց խոսքը, բայց այդ ավերածությունները չպետք է արվեն մարդու անձնական կյանքի դաշտում: Նման մեթոդներ համակարգային կերպով կիրառվում են սոցիալական ցանցում մի քանի հոգու, խմբերի, անգամ չակերտավոր լրատվականների կողմից՝ ներկայիս կառավարող ուժի ներկայացուցիչների հանդեպ: Սա արվում է գիտակցաբար ու հետևողականորեն՝ հոգեբանորեն ճնշելու ու հանգստությունը խաթարելու, թիմի ներսում անհանգստության և անվստահության մթնոլորտ ձևավորելու, մեր աշխատանքի արդյունավետությունը նվազեցնելու համար: Եվ պետք է հասկանալ, որ այս մտածված հոգեբանական տեռորը որպես զենք է գործադրվում մեր և մեր հասարակության դեմ, ու ամեն մեկս պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ ագրեսիան մեզ չմոտենա, մնա այդ սև խոռոչում:

-Կա՞ տարբերություն պաշտոնյա ու ոչ պաշտոնյա խոսքերի միջև. սոցիալական ցանցերում հաճախ շարքային քաղաքացիներն են վիրավորում, հայհոյում պաշտոնյաներին:

-Այո, իհարկե, կա տարբերություն: Երբ մարդիկ այնքան են բարկացած, որ դուրս են գալիս փողոց ու ուղիղ հայհոյանք կամ վիրավորանք են հնչեցնում հանրային շահերը և մարդու իրավունքներն արհամարհող իշխանության ներկայացուցչի հասցեին, ես դա կարող եմ հասկանալ: Դա ես ընկալում եմ որպես սեփական պահանջներն ու զգացմունքներն ուղիղ ցույց տվող ժողովրդական արտահայտչամիջոց: Այդ ժամանակ անիմաստ է փողոց դուրս եկած մարդուն ասել, որ նա պահպանի բարեվարքության կանոնները: Եթե մարդիկ հասել են փողոց, ուրեմն, իրենց բարկությունը հասել է հայհոյանք հնչեցնելու աստիճանի, ու պետք չէ նեղսրտել, թե վայ, մեզ հայհոյում են: ժողովրդական արդարացի բարկության դրսևորումների դեպքում պաշտոնյաների անելիքը ոչ թե վիրավորվելը, այլ մարդկանց առաջ քաշած խնդիրը հասկանալը և այն լուծելը պետք է լինի։ Չէ՞ որ ի պաշտոնե հանրության շահերը սպասարկելու համար են ընտրվել կամ նշանակվել։ Խոսքը, սակայն, չի վերաբերում կազմակերպված հոգեբանական գրոհներ իրականացնող՝ նեղ շահեր սպասարկող խմբերին, որոնց սանձարձակ գործունեությանը վերջին ժամանակներս ականատեսն ենք լինում: Ամեն դեպքում, եկեք համաձայնենք, որ պաշտոնյան չի՛ կարող նույնկերպ պատասխանել իրեն հայհոյող քաղաքացուն: Դա չի նշանակում, որ երկխոսությունն արգելակող նման ծայրահեղ վարքագիծը խրախուսելի է: Ես իմ պաշտոնական էջերում պարզապես արգելափակում եմ այն օգտատերերին, որոնք հայհոյանք են գրում, ջնջում եմ վիրավորական արտահայտությունները ու խնդրում, որ ասելիքն ասվի առանց անձնական վիրավորանքների: Հայերենը շատ բազմաշերտ ու հարուստ լեզու է, ուրեմն, մենք պետք է և կարող ենք մշակել մեր խոսքն այնպես, որ չտուժի մեր քննադատությունը կամ ասելիքը, դրա հուզական լիցքն ու արտահայտչականությունը, և, միաժամանակ, երկխոսելու տարածք մնա։

-Տիկին Նազարյան, ասում եք, որ յուրաքանչյուրից անհատական ջանք է պահանջվում քաղաքական նոր մշակույթի հաստատման համար։ Իշխանությունն անելիք չունի՞: Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն է խնդրում, ինչո՞ւ նույնը չեն անում խմբակցության կին պատգամավոորները, որոնք շատ հաճախ են խոսում կնոջ դերի ու իրավունքների մասին: Չկա՞ կանացի սոլիդարություն, համերաշխություն դրսևորելու կարիք, և չե՞ք կարծում, որ հիմնականում հենց կանայք են թիրախավորվում:

-Չէի ասի, որ հե՛նց կանայք են վիրավորանքների կամ հարձակումների թիրախում: Պարզապես կանանց հասցեին արվող խտրական, վիրավորական արտահայտությունները շատ հաճախ հենց սեռով են պայմանավորված: Օրինակ, եթե կինը քաղաքական իմաստով անընդունելի խոսք կամ վարքագիծ է դրսևորել, հակահարվածը լինում է ապաքաղաքական. սկսում են քննարկել արտաքինը, ամուսնական կարգավիճակը և այլն: Տղամարդուն ոչ ոք չի ասում՝ վա՜յ, ի՜նչ տգեղ տղամարդ է կամ՝ վա՜յ, էս ի՞նչ է հագածը կամ՝ գնա ամուսնացի, մի օգուտ լինի քեզանից: Նման հետադիմական, սեքսիստական արտահայտություններ հնչել են և՛ խորհրդարանում, և՛ սոցիալական ցանցում: Ի՞նչ անել….Նախ անընդհատ պահել նշաձողը սեփական օրինակով։ Չվարանել արտահայտվել, քննադատել՝ կրկին պահելով երկխոսության տեղ թողնելու հնարավորությունը։ Ներել սայթաքումները, եթե դրանք չեն կրկնվում և պատահականություն են։ Ինչպես նաև՝ շատ ավելի համակարգային և ապագային միտված լուծումների մասին մտածել, որոնք իրենց դրսևորումը կունենան նաև կրթական համակարգում։ Որպեսզի ապագայում քաղաքացիները սովորեն հարգալից և անխտրական լինել, նախ պետք է սկսենք նախակրթարաններից, դպրոցներից։ Կրթական հաստատություններից մինչև ընտանիքներ պետք է աշխատանք տանենք, որ հենց երեխաների և ցանկացած մարդու հանդեպ հարգալից ու անխտրական վերաբերմունքը սովորական նորմ համարվի, որպեսզի տարիների ընթացքում իրավունքի և արժանապատվության, հանդուրժողականության և համերաշխության գաղափարները իրական կյանքի մաս դառնան, որպեսզի մերժվի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությունը: