Բյուջե 2020-ը ՝ աննախադեպ ցուցանիշներով

հոկտեմբերի 8, 2019

2020թ. համար կառավարությունը նախատեսել է աննախադեպ մեծ պետական բյուջե: Եկամուտները պլանավորվել են 1տրլն 697 մլրդ դրամ՝ 2019թ. 1տրլն 496 մլրդ դրամի փոխարեն, իսկ ծախսերը`1 տրլն 880 մլրդ դրամ՝ 1տրլն 648 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն, հաջորդ տարի այս տարվա բյուջեի համեմատ 201 մլրդ դրամ կամ մոտ 400 մլն դոլար ավելի եկամուտ և 240 մլրդ դրամ կամ մոտ 480 մլն դոլար ավելի ծախսեր են նախատեսվել: ՀՀ որևէ կառավարություն որևէ բյուջեով նախորդ տարվա համեմատ եկամուտների ու ծախսերի այսպիսի թռիչքաձև աճ չի պլանավորել` այն մոտ կրկնակի պակաս է եղել: Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտը գործող բյուջեի համեմատությամբ ավելացել են 13-14 տոկոսով:

«Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Ակնհայտ է, որ այսպիսի քաղաքական նպատակի իրագործումը հնարավոր է միայն ամուր տնտեսական հենքի առկայության դեպքում՝ որպես նպատակ ունենալով նաև մրցակցային տնտեսության զարգացումը և հանրային միջոցների արդար բաշխումը»,- նշված է փաստաթղթում։

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հաստատել է 2020թ. պետական բյուջեն և այն ուղարկել է խորհրդարանի դատին:

Աննախադեպ ցուցանիշները շարունակվում են

Ծախսերի ու եկամուտների այս մեծությունը, բնականաբար, ազդեցություն կունենա բյուջեի մյուս ցուցանիշների վրա: Նույնն է թողնված, սակայն, ՀՆԱ-ի աճի ցուցանիշը` 4,9 տոկոս: Թեև այս տարվա համար գործադիրը կանխատեսում է նախատեսվածից ավելի` 6,3 տոկոս աճ: Ընդ որում, նախատեսվում է արդյունաբերության 5 տոկոս, գյուղատնտեսության 0,5, շինարարության 4 և ծառայությունների 6 տոկոս աճ: Ի դեպ, մեր երկրի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսնումներ են անում հայաստանյան և միջազգային մի շարք կառույցներ ևս։ Կենտրոնական բանկը, օրինակ, համամիտ է կառավարության հետ` մեր երկրի տնտեսությունը կաճի 4,9տոկոսով, այս ցուցանիշի վրա է կանգ առել նաև Համաշխարհային բանկը, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամաբ՝ եկող տարի մեր տնտեսությունը մի փոքր քիչ կաճի` 4,5 տոկոս:

Հարկերը, որոնք եկամուտների գերակշիռ մասն են կազմում, նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 22,6 տոկոսի 2019թ. 20,7 տոկոսի փոխարեն, իսկ ծախսերը` 26,5 տոկոսի 2019թ. 24,4 տոկոսի փոխարեն: Նշենք, որ սա նույնպես աննախադեպ ցուցանիշ է մեր երկրի տնտեսության համար: Համեմատելու համար հիշեցնենք, որ նույն ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը խորհուրդ է տվել տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը բարելավել 0, 3-0, 4 տոկոսով: Նախորդ կառավարությունները գործել են այդ ցուցանիշների շրջանակում: Հարկեր/ՀՆԱ-ն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս տնտեսության մեջ ստվերի առկայությունը: Եվ եթե այս կառավարությունը նախատեսում է հարկեր/ՀՆԱ-ն բարձրացնել մոտ 2 տոկոսով, ուրեմն, ստվերային տնտեսության զգալի կրճատում է սպասվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սպասվում է, որ 2019թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կավելանա 1.3-1.5 տոկոսով: Մինչդեռ բյուջեով նախատեսված էր ավելացնել կրկնակի քիչ` 0,7 տոկոս: Սա նշանակում է, որ այդ 2020թ. այդ ցուցանիշը կիսով չափ ապահովվել է այս տարի:

2020թ. ավելանալու է նաև դեֆիցիտը` պետական պարտքը` կազմելով 182,6 մլրդ դրամ այս տարվա 151 միլիարդի փոխարեն: Բայց կառավարությունը նախատեսում է այդ ողջ գումարը ներգրավել ներքին աղբյուրներից` պետական պարտատոմսերի, մուրհակների ու այլ միջոցների հաշվին և արտաքին պատք չվերցնել: Սա նույնպես աննախադեպ երևույթ է մեր երկրի առնվազն վերջին 10 տարիների համար:

Խոշոր ծախսերը

2020թ. այս աննախադեպ բյուջեով կառավարությունը նախատեսել է 13.000 դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ, 10 տոկոսով բարձրացնել նաև կենսաթոշակները: Այդ գումարները ևս ներառված են բյուջեի նախագծում:

Այդպիսով բյուջեի ամենամեծ ծախսերը` ավելի քան 489 մլրդ դրամը բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը: Մեծությամբ երկրորդը գումարը հասել է ընդհանուր բնույթի ծառայություններին` 347 մլրդ դրամ: Ծախսերի երրորդ առելի մասը բաժին է հասել պաշտպանության ոլորտին` 310 մլրդ դրամ: Բյուջեում չորրորդ և հինգերրորդ տեղերում են կրթության և առողջապահության ոլորտները համապատասխանաբար 163 մլրդ և 111 մլրդ դրամով: Եվ պետական պարտքի սպասարկմանը տրամադրվել է 169 մոտ մլրդ դրամ

Խոստումները կրկնվում են

Բյուջեի նախագծում գործադիրն ընդգծել է, որ տնտեսական քաղաքականության հաջողության գրավականը հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի առկայությունն է, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման և մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ստեղծումը: Այդ կապակցությամբ կառավարությունը նախատեսում է լայն հանրային քննարկումների ճանապարհով ախտորոշել պետության հանրային միջոցների բաշխմանը կոչված հարկային համակարգը, ինչպես նաև բյուջետային ծախսերի միջոցառումները և նախաձեռնել դրանից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

«Պետական մարմիններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու ծախսերի արդյունավետության մանրազնին ուսումնասիրմանը և ոլորտային առաջնահերթությունների վերանայմանը՝ հիմնվելով տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների ախտորոշման արդյունքների վրա, ինչն անպայմանորեն իր արտացոլումն է ստանալու ինչպես ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման ընթացքում, այնպես էլ առաջիկա տարիների պետական բյուջեների նախագծերում»,- 2019թ. բյուջեի այս խոստումը նույնությամբ կրկնվում է հաջորդ տարվա բյուջեի նախագծում: