«ՍԴ-ն վերածվել է իմպոտենտ կառույցի». մերժում՝ քաղաքական մերծամասնությանը

հոկտեմբերի 14, 2019

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը ՍԴ-ում ընթացք չստացավ. դատարանը հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում որոշեց վարույթ չընդունել և քննության չառնել ԱԺ որոշման նախագիծը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմից տեղեկացրել են, որ ՍԴ աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ-ն աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է կողմերին: Ըստ նույն օրենքի՝ եռօրյա ժամկետում դիմողը կարող է մերժման որոշումը բողոքարկել: Այդ հարցով վերջնական որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը Parliamentmonitoring-ին փոխանցեց, որ որոշումը խմբագրական փոփոխությունների ենթարկվելուց հետո պաշտոնապես կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքէջում։ «Երբ կլինի որոշումը, կծանոթանաք», -ասաց Գյուլումյանը՝
հրաժարվելով ներկայացնել որոշման հիմքերը։

Մեր տեղեկություններով, սակայն, ԱԺ որոշման նախագիծը մերժելու հիմնական պատճառ Սահմանադրական դատարանը համարել է դիմելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը։

Ի դեպ, ՍԴ աշխատակարգային նիստին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցել՝ արձակուրդում լինելու պատճառով։

ՍԴ-ն՝ իմպոտենտ կառույց

«Բավականին անսպասելի էր, որ կարող է անգամ վարույթ չընդունվել»,- Parliamentmonitoring-ին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծի հեղինակներից Սուրեն Գրիգորյանը։

Նա, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ՍԴ աշխատակարգային որոշման վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ մասին կարող է խոսել դրա հիմքերին ծանոթանալուց հետո միայն։

«Առերևույթ չեմ պատկերացնում՝ ինչ հիմքով կարող էր ընդհանրապես մերժվել։ Բայց ամեն դեպքում, զուտ մասնագիտական էթիկայից ելնելով, սպասենք որոշման հրապարակմանը», -ասաց Գրիգորյանը։

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկությամբ ընդունել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը։ Նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն էր: Այն պաշտպանել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվեց մեկնաբանել ՍԴ աշխատակարգային նիստի որոշումը՝ նկատելով, որ հիմքերը դեռ հայտնի չեն։ «Կհրապարակվի որոշումը, նոր կկարողանանք գնահատականներ տալ,- մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը։ 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մեզ հետ զրույցում նշեց՝ որոշումն անակնկալ չէր, քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ 

«Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ իմպոտենտ կառույց է և ունակ չէ բարդագույն հարցերին լուծում տալ։ Մինչդեռ ՍԴ-ն պետք է լիներ այն կառույցը, որտեղ պետք է հանգուցալուծվեին սահմանադրական ու քաղաքական ճգնաժամերը։ Մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ՍԴ-ն ինքն է ստեղծում ճգնաժամեր»,- Parliamentmonitoring-ի հետ զրույցում ասաց Ջուլհակյանը։

Պատգամավորը կարծում է, որ հարցն առանց քննության թողնելը ու ընդհանրապես վարույթ չընդունելը ապտակ է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նրա պնդմամբ՝ ՍԴ-ն կտրված է ժողովրդից , ունակ չէ և չի էլ ձգտում համապատասխանել ժողովրդի ակնկալիքներին։

«Սահմանադրական դատարանի քայլը ես համարում եմ անհեռատեսություն կամ հավկուրություն։ Նրանք պետք է հասկացած լինեին, որ ժողովրդի հետ նման լեզվով չեն խոսում», -նշեց Ջուլհակյանը՝ ՍԴ-ն որակելով «քաղաքականացված խմբակ»։

Հարցին, թե ի՞նչ գործընթաց կարող է հաջորդել այս որոշմանը, Ջուլհակյանը պատասխանեց, որ իշխանությունը առաջիկայում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը լուծելու տարբերակ կներկայացնի։
 

«Կառավարող ուժը միշտ փորձել է դատական իշխանությունն առողջացնելու անցնցում եղանակներ գտնել, այդ համատեքստում Սահմանադրական դատարանին քանիցս մարդասիրական միջանցք է տրամադրվել, որը, սակայն, կարծես թե չի գնահատվել ՍԴ անդամների կողմից։ Դրանով վերջիններն ապացուցել են, որ ոչ միայն չեն ներկայացնում ՀՀ քաղաքացու շահերը դատական իշխանությունում, ոչ միայն չեն իրականացնում իրենց ուսերին դրված վեհ առաքելությունը, այլև առաջնորդվում են սեփական շահերով, սպասարկում են կոնկրետ խմբակի շահերը՝ լծվելով նախկին հանցավոր ռեժիմի վերջին բաստիոնը պահելուն, ինչը նրանց չի հաջողվելու։ Եթե դեմ են դատական իշխանության առողջացմանն ուղղված անցնցում քայլերին, ապա ստիպված կլինեն համակերպվել ցնցումներին», -նշեց Ջուլհակյանը։

Ավելի քան 90 էջից բաղկացած նախաձեռնությամբ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ին էր ներկայացրել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու չորս հիմք: Առաջինը ՍԴ նախագահի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու և պաշտոններ զբաղեցնելու հանգամանքն է: Նախագծի հեղինակները հիմնավոր են համարում ՍԴ նախագահի և ՀՀԿ-ի փոխկապակցվածությունը, ինչպես նաև` Մարտի 1-ի գործով ՀՀԿ-ի և այդ գործով գլխավոր մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի համընկնումը:

Հիմքերից երկրորդը Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական կապն է: «Իմ քայլը» խմբակցությունը համոզված է, որ ՍԴ նախագահը պետք է այդ կապի և Ռոբերտ Քոչարյանի գործի քննարկմանը չմասնակցելու հարց բարձրացներ մյուս դատավորների առջև: 

Երրորդ հիմքը Մարտի 1-ի գործով Հրայր Թովմասյանի նախկին դիրքորոշումներն են, որոնք բխել են նախկին իշխանության շահերից և որոնք կարող էին ազդել Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման ելքի վրա: Եվ, վերջապես, Ռ. Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս՝ պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ մեկ այլ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը, որով նա անհնար էր համարել այդ վարույթին Հրայր Թովմասյանի մասնակցությունը: