Կուսակցական նոր համակարգ նոր Հայաստանում

հոկտեմբերի 18, 2019

Աշխատանքային խումբ. առաջին ամփոփում

Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին օրենքի» փոփոխությունները մշակող աշխատանքային խումբը հոկտեմբերի 18-ին հրավիրված խորհրդարանական լսումներում ներկայացրեց կատարված աշխատանքը: Լսումները՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով, հրավիրվել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ԱԺ 3 խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի նպատակը ընտրակարգի փոփոխությամբ խաղի նոր կանոնների հաստատումն է: Խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ խնդիր ունեն ձևավորել նոր քաղաքական դաշտ. «
Հեղափոխությունից հետո պետք է փոխվի խաղի այն հաստատված կանոնը, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրակարգով իսկապես ստանա ձայների մեծամասնություն. բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ԱԺ-ի խնդիրն է հենց վերափոխել այդ խաղի կանոնները: Դրա մի մասն էլ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունն է»:

Ինչն է փոխվելու և ինչպես

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը, որը աշխատանքային խմբի համակարգող փորձագետն է, «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Այսպես, առաջարկվում է կուսակցություն ստեղծելու համար պահանջվող հիմնադիր անդամների թիվը նվազեցնել ու դարձնել 300՝ 800-ի փոխարեն:

Եթե գործող օրենսդրությամբ կուսակցությունը հիմնադրման համար պետք է տարածքային ստորաբաժանում ունենա մարզերի մեկ քառորդում, ապա փոփոխություններով այս պահանջը հանվում է՝ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացումը, ժամանակակից հաղորդակցման միջոցները, երբ մարդիկ շատ արդյունավետ կարող են աշխատել տներից: Այդուհանդերձ, այդ դրույթի փոխարեն, առաջարկվում է պետական աջակցությամբ գրասենյակ տրամադրել խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ մուտք գործած կուսակցություններին, որպեսզի նրանց հետ տեղի բնակչությունը ակտիվ կարողանա շփվել:Ինչ վերաբերում է կուսակցությունների գործունեության կասեցմանը, ապա Մազմանյանի ներկայացմամբ, դրանք կարող են կասեցվել կոպիտ խախտման կամ կրկնակի խախտման դեպքում:

Փորձագետը, կարևորելով կուսակցությունների ներքին ժողովրդավարության ամրապնդումը, խոսեց կուսակցության ներսում խորհուրդ ձևավորելու մասին: «Գործող օրենքով կոլեգիալ, ղեկավար մարմնի պահանջ չկա: Գործող օրենքը պահանջում է, որ կուսակցությունները, որպես ղեկավար մարմին, ունենան համագումար, այն էլ՝ 4 տարին մեկ անցկացվող, և պահանջվող երկրորդ ղեկավար մարմինը պետք է լինի մշտական: Մեզանում դա կուսակցության գործադիր մարմինն է», -ասաց Արմեն Մազմանյանը՝ ընդգծելով, որ մշտապես գործող ղեկավար մարմնի նկատմամբ հսկողություն սահմանելու համար առաջարկվում է ունենալ կոլեգիալ ղեկավար մարմին:

Առաջարկվող խորհրդի կազմում նույն սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Համաձայն ներկայացված հայեցակարգի՝ կուսակցությունների ֆինանսավորման ու դրանց թափանցիկության ապահովման շուրջ աշխատանքային խմբում կա կոնսենսուս՝ ավելացնել կուսակցությունների համար պետական աջակցության ծավալը: «Աջակցությունը առաջարկվում է ավելացնել բազմակի, միգուցե հինգ անգամ, միգուցե տասը, բայց դա քննարկման հարց է»,- նշեց Արմեն Մազմանյանը:

Աշխատանքային խմբում միակարծիք են. կուսակցությանը կարող են նվիրատվություն անել միայն ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունը, ինչպես նաև կանխիկ նվիրատվությունները բացառվում են: Փորձագետի խոսքով՝ ինքն անակնկալի է եկել, երբ ԱԺ ներկայացված քաղաքական ուժերը բոլորն էլ ընդունել են այս առաջարկը: Մազմանյանն արմատական փոփոխություն որակեց կուսակցությունների՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորության բացառումը: Մասնակի բացառություն կարող է լինել հրատարակչական գործը, լրատվությունը՝ ոչ առևտրային եղանակով: Այսինքն՝ կուսակցությունները չեն կարող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերություն ստեղծել:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ֆինանսական վիճակն ուսումնասիրող և ԿԸՀ-ի կազմում գործող վերահսկիչ վերստուգիչ մարմնի գործառույթներն ու լիազորությունները աշխատանքային խումբը առաջարկում է վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: «ԿԸՀ-ն չէր ընդդիմանում այդ գաղափարին», -շտապեց նշել Մազմանյանը:

Կուսակցական համակարգ կա՞, թե՞ չկա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց՝ Հայաստանում կուսակցությունների ինստիտուտ չկա: «Կուսակցությունների հանդեպ վստահությունը 2- 5 %-ի միջակայքում է՝ համաձայն բավականին վստահելի սոցհարցումների։ Խորհրդարանի ֆունկցիան է լուծել այս կարևոր խնդիրը, կերտել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում: Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, ապա մենք, վախենամ, Հայաստանում երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն»,-ասաց Դանիել Իոաննիսյանը: ԻՔՄ-ն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին տալ հարկային մարմին այցելելու հնարավորություն՝ իմանալու համար, թե իր հարկերից քանի տոկոսը որ կուսակցությանն է ուղղվում:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը համաձայն չէր: Ասաց. «Պարո՛ն Իոաննիսյան, Հայաստանում կուսակցական ինստիտուտները մահացած չեն, այդպես մի՛ ասեք»: Նրա խոսքով՝ սոցիալական ծանր վիճակն է, որ թույլ չի տալիս կուսակցություններին զարգանալ, կայանալ: «Մեր խնդիրը պետք է լինի կուսակցությունների կուսակցականացումը, որովհետև մինչ այժմ սոցիալական վատ պայմանները ստեղծել են կուսակցություններ, որոնք արձանագրել են իրենց նպատակը, և ոչ թե միջոցը: Լուսավոր Հայաստան, բարգավաճ Հայաստան, օրինաց երկիր. սրանք նպատակներ են, բայց դրանց հասնելու ձևերը չկան: Ուզենք-չուզենք՝ Հայաստանում պետք է ստեղծվեն սոցիալիստներ, կոմունիստներ, որովհետև այս տիպի կուսակցությունները մոդել ունեն: Մի խոսքով, մենք պետք է օգնենք մարդուն ընտրել ոչ թե Աստծուն, այլ ծրագիրը, զարգացման մոդելը»,- նշեց Արամ Մանուկյանը:

Կանայք ու կուսակցաշինությունը

Ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսեց նաև Լենա Նազարյանը. «Կներեք, բայց ես չեմ հավատում, որ կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ և փորձ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող է երկիրն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետև այդ կուսակցությունը չունի պատկերացում, թե ինչ է ժողովրդավարությունը և ինչի է այն պետք», -իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա առաջարկում էր, որ կուսակցությունների ղեկավար պաշտոնների ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը: «Կանայք պետք է զբաղեցնեն ղեկավար պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը, այսպես է արդար, հակառակն անարդար է: Կանայք ունեն կենսաբանական և սոցիալական գործոններով պայմանավորված տարբերվող փորձ, որը նույնպես պետք է ներկայացված լինի կուսակցություններում, ԱԺ-ում և կառավարությունում: Որպեսզի կանանց բարձրաձայնած հարցերը լուծում ստանան, նրանց ներկայացվածությունը պետք է հասնի որոշակի կրիտիկական մակարդակի, եթե այն կրիտիկական չէ, ձևական է», -նշեց Լենա Նազարյանը:

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները կշարունակվեն՝ մինչև նախագիծը մշակվի ու ներկայացվի խորհրդարան: