Տնտեսության զարգացում չունենք, իրական հարկերն են հավաքվում. Ս. Բագրատյան

հոկտեմբերի 18, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 2019թ. համեմատ 201 մլրդ դրամով ավելի եկամուտի հավաքագրում և 240 մլրդ դրամով ավելի ծախսեր: Ինչպե՞ս եք գնահատում այս աննախադեպ հավելումները:

-Աճի իմաստով, իհարկե, աննախադեպ է, քանի որ նախկինում նման բյուջե չենք ունեցել: Հատկապես որ ծախսերը մոտենում են 4 մլրդ դոլարի: Դա լուրջ թիվ է: Նախկինում նույնպես ավելացումներ եղել են, բայց ոչ այս չափով: Բայց այս դեպքում էլ կարևոր է ծախսերի արդյունավետությունը: Հիմա պետք է երկու խնդիր լուծել` ծախսերի ներառականությունը և արդյունավետությունը, որպեսզի այս աճն ուղղվի առավել անապահով խավերին: Եվ անպես չլինի, որ հարուստներն ավելի հարստանան, անապահով շերտն ավելի աղքատանա: Բյուջեի այդ լրացուցիչ մուտքերը պետք է տեղաբաշխվեն ստորին օղակներում:

-Զինծառայողների, ոստիկանների, բուժաշխատողների և էլի որոշ մասնագիտական խմբերի աշխատավարձեր արդեն բարձրացել են, իսկ 2020թ. նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կբարձրանա 68 հազար դրամի, և 10 տոկոսով էլ կբարձրանան կենսաթոշակները. սա չի՞ նշանակում, որ այդ բաշխումը ստորին օղակներում արդեն կատարվում է:

-Այո, որոշակի նախագծեր արվել են, բայց կարևոր է, որ դա շարունակական լինի, և մենք ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որ տնտեսական աճից անապահով խավերին ավելի շատ բաժին հասնի, և ոչ թե հարուստներն ավելի հարստանան: Իսկ նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների բարձրացումը անհրաժեշտ, բայց բավարար քայլեր չեն: Շատ կուզենայի, որ անապահով խավերի համար մշակվեր հատուկ Start up-երի համակարգ, և նրանք հնարավորինս շատ ընդգրկվեին միկրոբիզնեսում: Մասնավորապես, գյուղացիական համայնքներում մենք պետք է փորձենք համակարգ ներդնել, որպեսզի գյուղացիական տնտեսությամբ զբաղվողները համարվեն հաստիքով աշխատողներ, կարողանան հարկեր վճարել, ժամանակին ստանալ արժանի կենսաթոշակ: Այդ ոլորտից եթե գոնե եկամտահարկ վճարվի, մենք կկարողանանք նրանց ֆիքսել որպես աշխատողներ: 365 հազար գյուղացիական տնտեսություններ ունենք:

-Բայց նրանցից շատերը ստացած բերքն իրենց կարիքների համար օգտագործելուց հետո ընդամենը մի քանի տոննա մթերք են կարողանում վաճառել: Երբեմն էլ չեն կարողանում իրացնել, ճանապարհներն են փակ լինում, կարկուտի և երաշտի պատճառով ընդհանրապես բերք չեն ստանում ու կառավարությունից փոխհատուցում են պահանջում: Նրանք կհամաձայնե՞ն հարկ վճարել:

-Ես խոսել եմ նրանց հետ, մեծ մասը պատրաստ է եկամտահարկ վճարել և ձևակերպվել որպես աշխատող: Եթե ներկայացվում է, որ հարկային դաշտ գալով` հետագայում նրանց կենսաթոշակն ավելի բարձր կլինի, նրանք դա ընդունում են: Իհարկե, կլինի մի շերտ, որը պատրաստ չի լինի դրան: Մենք այդ գործընթացը պետք է համալիր դիտարկենք. եթե նա հարկատու չէ, ապա պետությունը հանձնառություն չունի նրանց նկատմամբ: 6 մարզում արդեն գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր է սկսվում, ինչը գյուղացիական տնտեսություններին ռիսկերից հեռու կպահի: Այդպիսով նրանք կկարողանան ավելի մեծ վարկեր ներգրավել, չէ՞ որ գյուղատնտեսության էֆեկտիվությունն այդ ներդրումներով է պայմանավորված: Իսկ եթե դու հարկատու չես, ոչ ոք չի ուզենա քեզ մեծ վարկեր տրամադրել: Միջազգային կառույցները բավականին մեծ դրամաշնորհներ են տրամադրում: Մենք գյուղացուն զրկել ենք այդ բոլոր հնարավորություններից ընդամենը հարկ չվճարելու պատճառով:

-Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն է միշտ կարևորվում որպես հարկերի հավաքագրման մակարդակի արտացոլում, այս նախագծում նախատեսվում է դա հասցնել 22, 6 տոկոսի 2019թ. 20,7-ի փոխարեն` 1,9 տոկոսով ավելի: Ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս տարի արդեն եկող տարվա համար նախատեսված այդ ցուցանիշի մի մասն ապահովվել է: Այնուամենայնիվ, դա լա՞վ ցուցանիշ է:

-Դա բավարար ցուցանիշ չէ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը շարունակաբար պետք է մինչև 30-35 տոկոս բարձրանա:

-Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրից պահանջում է այդ ցուցանիշը տարեկան ընդամենը 0,3-0,4 տոկոսով բարելավել, նախկին իշխանությունները երբեմն դա ապահովում էին, երբեմն` ոչ: Ինչո՞ւ նախկին իշխանությունները չէին կարողանում հարկերի հավաքագրումն ավելացնել:

-Որովհետև ստվերային տնտեսությունը, հովանավորչությունը շատ մեծ էր: Հիմա երբ հովանավորչությունը վերանում է, աստիճանաբար ի հայտ են գալիս իրական հարկերը: Մենք այս պահին տնտեսության զարգացում չունենք, իրական հարկերն են հարկվում:

-Այսինքն, տնտեսությունը չի զարգանում, և հարկերի ավելացումը ստվերայի՞ն տնտեսությունը հարկելու հաշվին է տեղի ունենում:

-Այո: Եթե ուսումնասիրեք ՀՆԱ-ի աճը և հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, կտեսնեք, որ տնտեսությունը չի աճել այնքան, որ նման բարձր մուտքեր ապահովի: Այդ գումարները ստվերից են դուրս գալիս, որոնք նախկինում պայմանավորվածության արդյունքում չեն վճարվել:

-Իսկ ի՞նչ են արվել այդ գումարները, եթե բյուջե չեն վճարվել:

-Դրանք ձախ եկամուտներ են եղել, ատկատներ, հովանավորչության ծախսեր, ինչի արդյունքում բյուջե քիչ են վճարել: Բացի այն, որ ինչ-որ գումար տրվել է հովանավորչության համար, գործարարներն ինչ-որ գումար էլ պահել են իրենց՝ մարդը հանցագործություն է անում, դրանից ինքն էլ է ուզում օգտվել: Հիմա այդ երկու մասն էլ բյուջե են մտնում:

-Բայց եթե նախկինում ստվերը մեծ է եղել ու հիմա հարկային դաշտ է բերվում, այդ դեպքում նախատեսվող գումարները քիչ չե՞ն: Թվում էր, թե ստվերից ավելի մեծ գումարներ պետք է դուրս բերվեն:

-ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, թե ստվերային տնտեսությունն արդեն մոտեցել է 22 տոկոսի, մինչդեռ ունեինք 40 տոկոսին մոտ ստվերայնություն: Դրան պետք է հաջորդի տնտեսության իրական աճ: Այսինքն, ստվերայնության արդյունքում ոչ միայն հարկեր չեն վճարվել, այլև խոչընդոտվել է տնտեսության զարգացմանը, թույլ չեն տվել տնտեսության մեջ նոր խաղացողներ ի հայտ գան: Հիմա տնտեսությունը բաց է, և ՀՆԱ-ն նոր պետք է զարգանա, և հարկերն էլ ավելի կշատանան:

-Գաղտնիք չէ, որ այս տարի բյուջեով նախատեսված ծախսերը, հատկապես կապիտալ ծախսերը, մոտ 350 մլրդ դրամով թերակատարվել են: Որոշ տնտեսագետներ ասում են՝ արդյունքում 2-3 տոկոս տնտեսական աճ ենք կորցրել: Ինչո՞ւ է կառավարությունն այդքան թերացել:

-Կիսում եմ այդ կարծիքը, բայց պետք է հաշվի առնել նաև ռիսկայնությունը: Դրա մասին վարչապետն ասաց, որ փոշիացումը շատ մեծ է, և գերադասել են այդ 2-3 տոկոս աճն այս տարի չունենալ` հետագայում լրացնելու պայմանով: Ճիշտ է, այդ գումարներն ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը խիստ կարևոր է տնտեսության աճի համար, բայց պետք է արդյունավետությունն էլ հաշվի առնել:

-2020թ. բյուջեի դեֆիցիտը թեև ավելացել է և 151 միլիարդի փոխարեն հասել 182 մլրդ դրամի, բայց աննախադեպ է, որ կառավարությունը որոշել է այդ ողջ գումարը ձեռք բերել ներքին աղբյուրներից: Որտեղի՞ց պետք է վերցնի այդ գումարը:

-Մի մտածեք, թե պլանավորված դեֆիցիտն ամբողջությամբ պետք է ձեռք բերվի ու ծախսվի: Իսկ ամբողջությամբ ներքին ռեսուրսներից վերցնելն ավելի ճիշտ տարբերակ է, արդյունքում մեր երկրի հուսալիությունն ու միջազգային վարկանիշային կառույցների գնահատականն ավելի կբարձրանան: Եթե մենք ի վիճակի ենք մեր դեֆիցիտը սպասարկել ներքին ռեսուրսների հաշվին, դա մրցունակության մասին է վկայում:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում հեղափոխական կառավարության երկրորդ` 2020թ.բյուջեն:

-Իրատեսական: