Առաջին ընթերցմանը «Իմ քայլը» կողմ էր, երկրորդին՝ դեմ

հոկտեմբերի 23, 2019

«Լուսավոր Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական, ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց: Ուշագրավ է, որ ընդամենը 1 ամիս առաջ, սեպտեմբերի 16-ին նույն այս նախաձեռնությունը ընդունվել էր 112 կողմ ձայնով, առանց դեմի:

ԱԺ նիստում ներկայացնելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի վերաբերյալ գործընկերների ու կառավարության առաջարկները՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, որ դրանք ընդունվել են:

Մասնավորապես, կառավարությունն առաջարկել էր, որ ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանապետի տեղակալները նշանակվեն համակարգի ծառայողներից: Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին, ապա, ըստ առաջարկվող նախագծի, այդ պաշտոններում կարող են նշանակվել ԱԺ պատգամավորի թեկնածուի համար Սահմանադրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող անձինք, այսինքն՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում բնակված, 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի:

Այս օրենդրական նախաձեռնության ընդդիմախոսները պնդում էին, որ ուժային կառույցների ղեկավարները պետք է պարտադիր լինեն համակարգի ներկայացուցիչներ՝ օժտված օպերատիվ-հետախուզական համապատասխան գիտելիքներով: Քննադատության առարկա էր նաև այդ պաշտոնի համար առաջարկվող տարիքը՝ 25 տարեկան:

«Հակաքարոզչության ալիք բարձրացրեց այս 25 տարվա ցենզը, որը սահմանադրական պահանջ է և, ըստ էության, մեր պաշտպանության նախարարը նշանակվում է նույն ցենզով, բայց մենք դեռևս չենք ունեցել 25 տարեկան պաշտպանության նախարար: Տեղակալների մասով մենք միայն եկել ենք ընդհանուր կոնսենսուսի, որ նշվի իրավաբանական բարձրագույն կրթության պարտադիր պայման», -ասաց Էդմոն Մարուքյանը:

Փաթեթը երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ ևս դրական եզրակացություն էր ստացել ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն նույն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց դեմ քվեարկել ներկայացված նախագծին:

Հատկանշական է, որ նախագծին դեմ քվեարկելու պատճառը ամենևին էլ հնչած քննադատությունները չէին: Հակառակը, Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ իրենք կողմ են ուժային մարմինների ղեկավար պաշտոնների ազատականացմանը:

«Վերահաստատում ենք, որ այս մարմինների ղեկավար կազմում նշանակումների ազատականացումը այն լուծումն է, որը հնարավորություն կտա ունենալ պրոֆեսիոնալ, վստահելի ղեկավար կազմ», -հայտարարեց Վարդանյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, կան առաջարկություններ, որ իրենք պետք է ներկայացնեն՝ ապահովելու հարակից այլ օրենքների ու իրավական ակտերի հետ փոխկապակցվածությունը:

Հոկտեմբերի 23-ին, 15 կողմ, 94 դեմ ձայնով նախագիծը մերժվեց, և որոշվեց այն վերադարձնել երկրորդ ընթերցման ռեժիմ: Այսինքն՝ պատգամավորները շահում են երկու շաբաթ ժամանակ՝ նոր առաջարկներ ներկայացնելու համար:

«Նախագծի հեղինակների հետ քննարկումների ընթացքում մենք հանգեցինք եզրակացության, որ պետք է ներկայացվի այնպիսի նախագիծ, որով կկանոնակարգվեն այս ոլորտի հիմնական նորմերը», -ԱԺ ամբիոնից ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում նախագծի համահեղինակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ թեպետ հետաձգումն իրենց սրտով չէ, բայց ցանկությունը մեկն է՝ ունենալ ընդունված օրենսդրական փաթեթ:

«Մեզ այլ ելք չէր մնում, քան ընդունել հետաձգման մասին առաջարկությունը և սպասել գրավոր առաջարկների: Նրանք ասում ենք, որ կողմ են նախագծին, բայց պետք է ներկայացվեն առաջարկություններ», -ասաց Մարուքյանը:

Ու թեպետ մեծամասնությունը վստահեցնում է, որ կողմ է նախագծի հիմնական փոփոխությանը՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնների ազատականացման հարցին, Մարուքյանը չի բացառում, որ մասնագիտական շրջանակներից հնչած քննադատությունները ազդել են խորհրդարանական մեծամասնության վրա: