2020թ. կբացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը

հոկտեմբերի 24, 2019

Կառավարությունն առաջարկեց, Ազգային ժողովն էլ համաձայնեց բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների բոլոր իրական սեփականատերերին: Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը 108 կողմ և 2 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Ընդերքի մասին օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լալա Շուշանյանի խոսքով՝ նախագիծը ԱԺ երեք խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնության արդյունք է:

Մերժեցին ու իրենցը բերեցին

Կառավարությունն այս նախաձեռնությամբ հանքարդյունաբերող ընկերություններին առաջարկում է պետությանն ու հանրությանը ներկայացնել իրենց բոլոր սեփականատերերի անունները: Գործադիրի առաջարկությամբ դեռևս ապրիլի 23-ին խորհրդարանն ընդունել էր այդ փոփոխույթյունները, բայց այն տարբերությամբ, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է բացահայտվեին 10 տոկոս և ավելի բաժնեմաս ունեցող սեփականատերերը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի հեռու գնաց և սեպտեմբերին օրինագիծ բերեց` առաջարկելով բացահայտել 10 տոկոս և անգամ ավելի քիչ մասնաբաժին ունեցող սեփականատերերի անունները: Խորհրդարանական մեծամասնությունը մերժեց այն, և ահա կառավարությունը ԼՀ-ի առաջարկությունը ներկայացրեց այլ ձևակերպմամբ` հանքերի սեփականատեր համարվող ընկերությունների կառավարման մարմինները`ընդհանուր ժողովը, խորհուրդը և գործադիր մարմինը համարվեն իրական համասեփականատեր կամ վերջնական սեփականատերեր: Իրական սեփականատեր կհամարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք: Այսինքն`կառավարությունը ցանկանում է բացահայտել, թե ովքեր են մեր ընդերքի սեփականատերերն ու հանքարդյունաբերությունից հարստացողները:

«Այդպիսով բաժնեմասի տոկոսների հարց չի առաջանում, և սա կառավարության ու խորհրդարանական խմբակցությունների պայմանավորվածության արդյունք է` ընդլայնել «իրական սեփականատերեր» հասկացությունը: Այս փոփոխությունը կկիրառվի 2020թ. հունվարի 30-ից»,- հայտարարեց Լալա Շուշանյանը:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ Ընդերքի մասին օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող մեկ այլ խումբ փոփոխություններով կառավարությունը հստակեցնում է ընդերքգտագործման վարչարարությունը, ընդերքգօտագործողների պարտականություններն ու լրացնում շահագործման թույլտվության գործընթացում առկա բացերը: «Նաև առաջակում ենք հստակեցնել վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու կանոնները, որպեսզի բացառվեն կամայականություններն ու մեր երկիրը տիրապետի հանքարդյունաբերական ճիշտ տվյալների»,- հավելեց Լալա Շուշանյանը:

Հայաստանում նավթ են փնտրում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդունելի համարելով կառավարության այս նպատակները՝ մի քանի հարցադրում արեց. «Ցանկանում եք մետաղական հանքավայրերի ակտիվ քաղաքականությունը փոխարինել ՏՏ ոլորտի զարգացմամբ, բայց դա մեր արտահանման մոտ 40 տոկոսն է։ Այդ գործընթացը ո՞նց է գնում։ Երկրորդը` հանքարդյունաբերությունից բնօգտագործման վճար է գանձվում. ես աշխատում եմ մի նախագծի վրա, որ հասկանանք, թե որքան է դրա օպտիմալ չափը։ Եվ երրորդը`երկրում նավթի պաշարների առկայության ուսումնասիրություն տարվե՞լ է, թե ոչ»:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր` Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարեց, թե նախագիծը բավարար չէ հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակը բարելավելու համար, և հատկապես մետաղական հանքարդյունաբերության մեջ պետք է արմատական փոփոխությունների գնալ, քաղաքականություն փոխել: «Պետությունը պետք է մասնակից լինի, պետք է բաժնեմաս ունենա ցանկացած կարևոր նախագծում։ Եվ որևէ ընկերություն պատահական չի հայտնվել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Վերցրել են Խորհրդային միության տարիներին կատարված ուսումնասիրությունների արխիվացված նյութերն ու դիմել են հող վերցնելու համար, թե ուսումնասիրություն ենք անելու։ Պետությունն այս ոլորտից պետք է լուրջ արդյունքներ ունենա։ Ի՞նչ է նշանակում՝ 100 տոննա ոսկու 10-12 մլրդ դոլարի դեպքում ունենալ ընդամենը 400-500 մլն դոլարի հարկ։ Դա ծիծաղելի է, թալան է։ Այլ երկրներ վաճառքի 60-70 տոկոսը բյուջե են տանում։ Ադրբեջանում նավթի արդյունահանումից այդքանը բյուջե է գնում։ Մենք ի՞նչ ենք անում, ասում ենք հանքը նվեր տարեք, մի բան էլ մեր բյուջե գցեք։ Ես նոր օրենսդրական նախաձեռնություն եմ անելու և գտնում եմ, որ սա ոչինչ չասող նախագիծ է»,- հավելեց Սերգեյ Բագրատյանը:

Եզրափակիչ խոսքում Լալա Շուշանյանն ընդդիմախոսներին ասաց` հույս չունենաք, թե կառավարությունը սահմանափակվելու է այս նախագծով, բազում նախագծեր կբերվեն։ «Ինչ վերաբերում է նավթի պաշարների առկայության ուսումնասիրությանը, ունենք մի թույլտվություն, և քննարկման փուլում է մեկ այլ թույլտվություն։ Իսկ ռոյալթիի` բնապահպանական վճարների դեպքում ուսումնասիրում ենք միջազգային փորձը: Պետք է ուսումնասիրություններ իրականացնենք ըստ արդյունահանման ծավալների կամ համապատասխան հանքանյութի տեսակի, բայց արդեն ֆիքսել ենք, որ ռոյալթիի չափը վերանայման կարիք ունի»,- ԲՀԿ-ական պատգամավորներին պատասխանեց փոխնախարարը։

Ի դեպ, տարածված կարծիքը՝ թե իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը ներդրվում է հատկապես մետաղական հանքարդյունաբերական հսկա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» իրական բաժնետերերին բացահայտելու համար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը չկիսեց. «Ինչու միայն Զանգեզուրի, խոսքը բոլորն է վերաբերում»,- Parliamentmonitring.am-ի հետ զրույցում ասաց նա: