Հիմա էլ պետք է նայենք, թե ով է բանակում ծառայել, որ գործ տանք, ով ոչ՝ ո՞չ. Ալիկ Սարգսյան

նոյեմբերի 14, 2017

Ազգային ժողովում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը սահմանափակում է տարկետման իրավունքը: Պաշտպանության ոլորտին վերաբերող մեկ այլ նախաագծով էլ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», առաջարկվում է 27 տարին լրացած և արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին, մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վերադառնալու և յուրաքանչյուր զորակոչի համար վճարում կատարելու դեպքում, հետապնդումից ազատվելու հնարավորությւոն տալ: Յուրաքանչյուր զորակոչի համար սահմանվում է 200.000 դրամ: Այս նախագծերի շուրջ է Parliamentmonitoring.am-ը զրուցել ՀՀԿ խմբակցության ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանի հետ:

- Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների բողոքը հաշվի առնելով՝ իշխանությունը պատրա՞ստ է զիջումների գնալ:

- Նախագծի քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ են ներկայացվել, բայց ես չեմ ուզում դրանց մասին խոսել: Չեմ կարծում, թե այդ սահմանափակումից գիտությունն առանձնապես տուժելու է: Հատկապես որ որոշակի մանիպուլիացիաներ կան՝ ինչ-որ կեղծ դիսերտացիաներ, կեղծ բակալավրիատներ, մագիստրատուրաներ, հետո կեղծ ասպիրանտուրա, և դա ունի մի նպատակ՝ բանակում չծառայել: Իսկ զորակոչից խուսափելը շատ վատ բան է, այսօր ցանկացած հայ մարդ պետք է իր պարտքը կատարի երկրի նկատմամբ: Թող գնան, ծառայեն այդ պայմանագրային երեք տարին, դառնան սպա, ինչը պատվաբեր է: Պետությունը բակալավրիատից հետո վճարում է գիտությամբ զբաղվել ցանկացողի ուսման վարձը, իսկ ծառայության ընթացքում վարձատրելու է: Այնպես չէ, որ կտանեն առաջին գիծ, կասեն՝ չասավոյ կանգնի, նա սպա է լինելու: Թե չէ ուզում են այդ ամենից խուսափեն, սողանցք գտնեն ու իրենց պապաների, քեռիների միջոցով արանքից դուրս գան՝ չծառայեն: Այս նախագիծը հավասարության լուրջ տարրեր է պարունակում: Իհարկե, գիտությունը շատ կարևոր է, բայց մեկը մյուսի հաշվին անցկացնելը ճիշտ չէ:

- Սահմանին զինծառայողների թվի խնդիր կա, դրա՞ համար է այս նախագիծը ներկայացվել:

- Եթե ես ասեմ՝ ոչ, կհավատա՞ք: Իհարկե, պետք է համալրենք նրանց շարքերը: Եթե մի մասին գնալու հնարավորություն տանք, մինչև 27 տարեկանների մի մասը հայտնվի հետախուզման մեջ, հետո գումար հայթայթի, որ ազատվի հետապնդումից, ո՞վ է ծառայելու: Եթե նրանք այս երկրի քաղաքացին են ու իրենց երբեմն թույլ են տալիս հայրենասիրությունից խոսել, թող այդ երկու տարին իրենց պարտքը կատարեն:

- Բայց ուսանողները բողոքում են, որ բանակ գնալու պատճառով իրենց գիտական գործունեություն ընդհատվում է:

- Եթե նրանց բանակ գնալով գիտությունը 10%-ով է տուժում, ապա պետությունը շահում է 90 %-ով: Սովորողը կսովորի, բազմաթիվ դեպքեր ունենք, որ մարդիկ ծառայել են ու հետո շարունակել ուսումը: Այնպես չէ, որ այս նախագծով պետությունը կտրուկ մերժում է տարկետման իրավունքը, բայց չթողնենք մարդկանց հայեցողությանը, ծանրութեթև անեն, թե ով է գիտությամբ զբաղվելու, ով է ուզում դրա միջոցով ազատվել բանակից:

- Բայց ինչպե՞ս է դա որոշվելու, չէ որ այն կարող է սուբյեկտիվ և ոչ արդարացի լինել:

- Այս դեպքում գոնե այդ սուբյեկտիվիզմը կիջնի նվազագույնի, հիմա սողանցքները շատ են: Անհարմար է, գիտությունն էլ այսօր ֆինանսական հնարավորություններով է պայմանավորված: Թող ինձ ներեն գիտությամբ զբաղվողները, մարդիկ կան, որոնք դիսերտացիա են պաշտպանել, դոկտորական նկրտումներ ունեն, բայց հազիվ տառաճանաչ են: Դրանցով ո՞ւր ենք լցնում մեր երկիրը: Իսկ եթե այս օրինագիծն ընդունվի, մարդիկ նման քայլի չեն գնա:

- Իսկ ժամանակին տարկետման իրավունքը ներդնելով արդյո՞ք իշխանությունը չի նպաստել, որ մեր երկիրը լցվի նման  գիտնականներիով:

- Պահն է թելադրում, թե ինչ է պետք երկրին: Ցանկացած օրենսդրություն բխում է տվյալ իրադրությունից:

- Մտավախություն չունե՞ք, որ ուսանողների այս պայքարը կարող է ծավալվել ու քաղաքական բնույթ ստանալ:

- Ես երիտասարդների հետ որևէ խնդիր չունեմ, հատկապես որ նրանց մեջ շատ հարգելի տղաներ կան, որոնք մասնակցել են նաև ապրիլյան քառօրյային, բայց լսե՞լ եք մեծամասնության կարծիքը, թե շարքային բանվորը, գյուղացի մարդն ինչպես է դատում: Այդ 300-1000 երիտասարդների փոխարեն մի անգամ էլ տասը հազարի կարծիքը լսեք:

- Իսկ Պաշտպանության նախարարությունն ունի՞ բոլոր գիտությամբ զբաղել ցանկացողների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վարձերը փոխհատուցելու հնարավորությունը: Կա՞ հաշվարկ, թե տարվա կտրվածքով որքան գումարի մասին է խոսքը:

- ՊՆ-ն այդ հաշվարկը կատարել է, նորմալ է, կվճարեն: Այս ծրագիրը դառնում է պետության բանակի մտավոր ռեզերվը, որ վաղը-մյուս օրը գիտությունն էլ ծառայեցնեն մեր անվտանգությանը: Պետք չէ բանակը տարանջատել գիտությունից: Բանակը մեր երկրի թիվ մեկ գերակա խնդիրն է, անվտանության երաշխավորը:

- Ուսանողները, հանրությունը հակադարձում է, որ պաշտոնյաներից շատերը չեն ծառայել և տարկետման ու այլ պատճառաբանություններով խուսափել են բանակից:

- Դա այլ խնդիր է: Ժամանակին եթե այս օրենքն ընդունեինք, այդ մարդկանց 90 %-ը ծառայած կլիներ, ու նրանց խիղճն ավելի հանգիստ կլիներ: Իսկ ովքեր ինչ-որ պաշտոնների են նշանակվել, ունեն արժանիքներ: Հիմա պետք է նայենք, թե ով է բանակում ծառայել, որ գործ տանք, ով ոչ՝ ո՞չ: Մի օր, հավանաբար, դրա ժամանակն էլ կգա:

- Պաշտպաանության հանձնաժողովը նոյեմբերի 10-ի կեսօրին նշանակված նիստը տեղափոխեց երեկոյան, որին ընդամենը 4 պատգամավոր էր մասնակցում: Ներկա չէին նաև ընդդիմության անդամները: Չե՞ք կարծում, որ դա չմասնակցողների հատուկ վերաբերմունքն էր նախագծին:

- Ոչ: Առաջին նիստին քվորում չկար, ես հետաձգեցդի, հետո 4 պատգամավորների դիմումով երեկոյան նիստ գումարվեց: Ընդդիմադիր <Ելք> խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն առաջին նիստին մասնակցում էր, երկրորդին չկարողացավ: Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվեց, միևնույնն է, ինչ պետք է որոշվեր, որոշվեց: