Հունանյանը կարծում է՝ իր «առաքելությունը» դեռ չի ավարտել. Ա. Բաբաջանյան

հոկտեմբերի 27, 2019

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

-Պարոն Բաբաջանյան ի՞նչ վիճակում էր Նաիրի Հունանյանը:

-Շատ ծերացած էր, ոչ մի բանով նման չէր այն Նաիրի Հունանյանին, որին տեսել ենք հոկտեմբերի 27-ի կադրերում: Մազերը թափված, հյուծված, բայց ասում էր, որ մայիսին ավելի լավ ֆիզիկական վիճակում է եղել, հիմա հյուծված է, որովհետև մարդիկ են մեռնում: Եվ իր մարմնի վրա զգում է այդ կորուստները:

-Հոկտեմբերի 27-ի՞ն առնչվող մարդկանց մահվան մասին է խոսքը:

-Ոչ, չէր մասնավորեցնում, խոսում էր ժողովրդիի անհատների մասին:

-Մտավոր խնդիրներ նկատեցի՞ք:

-Ժամանակ առ ժամանակ մթագնում էր միտքը, պատճառը, հավանաբար, դեղերն էին: Ասացին, որ ագրեսիվ դրսևորումներ է ունեցել: Պետը ինձ հարցրեց` կուզե ՞ք՝ ես էլ ներկա լինեմ հանդիպմանը, կարող է անվտանգության հարց առաջանա: Այս տարիների ընթացքում չի եղել դեպք, որ որևէ մեկը նրա հետ 2 ժամ խոսի: Նույնիսկ 20 տարի առաջ դատավարության ընթացքում որևէ մեկը 2 ժամ անընդմեջ չի խոսել:

-Իսկ ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք հանդիպել նրա հետ:

-Միտքը առաջացավ ոճրագործությանը 20 տարվա հեռվից նայելու անհրաժեշտությունից, երկրորդը պատճառը նրա`պայմանական վաղաժամկետ ազատման դիմումն էր: Մտածեցի` գուցե ինչ-որ բան ունի ասելու: Երեկոյան միտքը առաջացավ, առավոտյան զանգեցի Քրեակատարողական հիմնարկի պետին: Ես հասկացա, որ Հունանյանը ճանաչում է ինձ: Ունի հեռուստացույց և հետևում է իրադարձություններին:

-Համացանց, համակարգիչ ունե՞ր:

-Ոչ, բայց Կարմիր խաչը skayp-ի հնարավորություն է ստեղծել, որից ամիսը երկու անգամ օգտվում է, խոսում է Եվպատորիայում գտնվող Արմեն անունով հարազատ եղբոր հետ:

-Պահման պայմանները բարելավելու կամ այլ ցանկություն չհայտնե՞ց:

-Նման բան չի ասել: Ես հարցրեցի`ի՞նչ հույսով ես այդ դիմումը գրել, ասաց` սա ինձ պետք չէ, պետք է ժողովրդին: Նա մտածում է, թե դեռ առաքելություն ունի, որը չի ավարտել:

-Էլի սպանելու մասին՞ է խոսքը:

-Չեմ կարող շատ մանրամասներ ասել, բայց թվաց, որ նա համարում է, թե իր առաքելությունը դեռ ավարտին չի հասել:

-Հայ ժողովրդին «փրկելո՞ւ» առաքելությունը:

-Ի վերջո, նա որպես «փրկիչ» էր մտել ԱԺ և ասում էր՝ մենք ձեզ փրկում ենք արնախումներից, ձեր արյունը ծծողներից: Ես ասացի՝ բայց քո արածի հետևանքով իշխանությունը բաժին հասավ մարդկանց, որոնք այս երկրի հետ շատ վատ վարվեցին: Նա վստահ է, որ ավելի վատ կլիներ, եթե դա չաներ: Այսինքն, նա բավարար է համարում այն ելքը, որն ապահովվեց Հոկտեմբերի 27-ի արդյունքում:

-Չէ՞ր զղջում:

-Ոչ: Ասում էր, որ սպանելու նպատակ չի ունեցել, սպանությունը «ռեկաշետով» է տեղի ունեցել: Ես ասացի` բա ստուգողական կրակոցնե՞րը, բա Ռուբեն Միրոյանին միջանցքում սպանելը, ասում է՝ այն ժամանակ բոլոր պատգամավորները զենք ունեին, մտածում էի՝ նա էլ զենք ունի: Այնուամենայնիվ, նա համոզված էր, որ փրկելու առաքելություն ունի, և ասում էր` եթե ժողովուրդն ուզում է փրկվել, պետք է ինձ ազատի:

-Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից խոսե՞ց: Ի՞նչ կարծիքի էր նրանց իշխանության մասին:

-Ասում էր՝ ի տարբերություն հայաստանցիների` նրանք շատ համեստ մարդիկ են: Առանձնահատուկ հակակրանք ուներ հայաստանցիների նկատմամբ, մտածում է, որ գործուն մասնակցություն է ունեցել իշխանությունից Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացնելու գործում: Ասում էր, թե լինելով Արցախից՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հյուր էին, իսկ հյուրն ավելի համեստ է լինում: Ես ասում էի՝ համեստություն չի եղել, քեզանից հետո երկիրը հարստահարվել, կեղեքվել, թուլացել է: Ասում էր՝ ավելի վատ կլիներ, եթե ես դա չանեի:

-Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսե՞ց:

-Ես խոսեցի: Ասում է՝ տեսա՞ր, մեծամասնությունը չթողեց, որ ուրիշները գան իշխանության` հավանաբար, նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին, մեծամասնությունը կանգնեց և Սերժ Սարգսյանին պաշտպանեց: Ասում եմ՝ բայց10 զոհերի գնով: Ասում է՝ դա հեչ, բայց Սերժ Սարգսյանն ավելի համեստ էր: Նրա գործած ոճիրը ոռոգողները դա են նրան ներարկաել:

-Հավանաբար, նա դրսի աշխարհից քիչ տեղեկություն ունի:

-Գուցե, հեռուստատեսությունը հավանաբար չի կարողացել ամբողջությամբ ծածկել տեղեկատվական վակուումը: Նա որոշ անուններ շատ հարգանքով էր տալիս, որոնց հետ հանդիպել է Հոկտեմբերի 27-ից առաջ, և որոնք իր համար հեղինակություններ են, և որոնք հիմա հակահեղափոխականության ճամբարում ակտիվ դերակատարներ են:

-Ո՞ւմ մասին է խոսքը: Նրանք Հոկտեմբերի 27-ի հետ առնչություն ունեցո՞ղ մարդիկ են:

-Չեմ կարող ասել: Ես առնվազն տեսա, որ այդ մարդիկ կարևոր դերակատարություն են ունեցել նրա տրամադրությունների վրա: Հետաքրքիր էր, որ երբ ես որոշ անուններ էի տալիս, նրա հաշվարկներով այդ մարդիկ չպիտի ողջ լինեին, զարմացավ, որ ողջ են: Ինձ ասում էր՝ դա չպիտի ողջ լինի, դու խաբում ես: Կարևոր դերակատարներ, որոնց ինքը հիշատակել էր հայտնի տեսաերիզում: Դա նշանակում է, որ նրան ինչ-որ մարդիկ ասել են, թե դրանք ողջ չեն լինելու: Միայն կասեմ Տիգրան Նազարյանի մասին, որ մահացել է, ասաց` նա պիտի մեռներ:

-Իսկ խոսեցի՞ք վարկածի մասին, թե Հոկտեմբերի 27-ը պատվեր էր, ու կային, պատվիրատուներ:

-Չեմ խոսի այդ մասին: Ինձ տրված բոլոր պատասխանները պետք է նաև հոգեբանական ուսումնասիրության առարկա դառնան, որպեսզի որոշվի դրանց հավաստիությունը, թե, օրինակ, կա՞ գործի քննությունը վերաբացելու համար նոր հանգամանք: Ըստ իս՝ կա. Մեղրիի տարբերակը, որը նախկին պաշտոնյաները հաստատել են: Եթե Հունանյանի` ինձ փոխանցած տեղեկությունների շատ փոքր մասը քննչական մարմինները արժանահավատ գնահատեն, որոշ մարդկանց Մարտի 1-ի գործը ծաղիկ կթվա: Այնպես որ, թող հանգստանան, պիտի փառք տան, եթե Մարտի 1-ով սահմանափակվեն:

-Ձեզ արժանահավա՞տ էին թվում նրա խոքերը, նա չէ՞ր կեղծում:

-Նա շատ ստույգ հիշողությամբ վերարտադրում էր ոճրագործության օրվա որոշ դրվագներ, ասում էր արտահայտություններ, որոնք նրանից լսել ենք հայտնի տեսանյութում: Օրինակ, երբ Ռուզան Խաչատրյանին ասել էր՝ «Ալիկին զանգե՞լ ասել եմ, որ գա, տեսնենք` ինչ ենք անում»: Գիտի այսօրվա փոփոխությունների մասին, դժգոհ է նոր իրողություններից և ուզում է ազատվել, որ ավարտին հասցնի առաքելությունը:

-Եթե զարմացել է, որ ինչ-որ մարդիկ ողջ են, ուրեմն, մինչև ոճրագործությունը նախկին իշխանություններից նրան խոստացել են, որ այդ մարդիկ չե՞ն ապրելու:

-Այո: Ասացի՝ դու չկարողացար իրագործել քո նպատակը և իշխանության գալ: Նա չէր ափսոսում, թե ով էր եկել իշխանության, ասում էր՝ ավելի վատ կլիներ, եթե նրանք մնային:

-Մեղրիի տարբերակի մասին ի՞նչ էր խոսում:

-Այդ մասին չեմ կարող ասել: Ես կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք պատվիրատուներ են տեսնում այս գործում, կամ նրանք, որոնք դա հերքում են, երկուսն էլ սխալ են: Հունանյանն ադեկվատ է, և որոշ իրողությունների դեպքում նրա ինքնապաշտպանական ռեակցիաները դրա մասին են վկայում:

-Իսկ արտաքին պատվիրատուների մասին խոսեցի՞ք, Ռուսաստանի մասին են շատ ակնարկում:

-Մենք թյուր պատկերացում ունենք դրա մասին: Մեզ թվում է, թե ՌԴ-ին ձեռնտու էր այդ ընթացքը և գործի այդպիսի ելքը, բայց ես համոզված եմ, որ արտաքին ուղղվածության տրամադրություններ ոռոգողներն այն մարդկանցից էին, որոնք ՌԴ-ին էլ համոզում էին, թե Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը ՌԴ թշնամիներն են, ու նրանց պետք է հեռացնել, որ հայ-ռուսական հարաբերությունները ավելի զարգանան: Ես համոզված եմ, որ ի վերջո Հոկտեմբերի 27-ի իրագործմանը հասան նրանք, ովքեր հայ-ռուսական հարաբերությունները վասալի ու տիրոջ մակարդակին հասցրեցին:

-Նախկի՞ն իշխանությունների մասին է խոսքը:

-Թեկուզ «Գազպրոմի» Կարեն Կարապետյանը պակաս կարևոր դերակատար չէր այդ ժամանակ: Մենք չէինք կարող «գույք պարտքի դիմաց»-ի խայտառակ գործարքն ունենալ, եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ողջ մնային: ՌԴ-ն չէր ուզենա, որ Հոկտեմբերի 27 լիներ: Եթե անգամ նման կապ կա, ապա ոչ ամենավերևում, որովհետև նրանք եղել են արժանապատիվ հարաբերությունների ջատագով: Ռուսները անարժանապատիվ հարաբերություններ են պահել ՀՀ արժանապատվություն չունեցող ղեկավարների հետ:

-Այսինքն, Հոկտեմբերի 27-ը ավելի շուտ ներքին ցանկություն է եղել, և կազմակերպիչնե՞րն են արտաքին ֆոնը ստեղծել:

Այո: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն ունի ներքին պատվիրատուներ, որոնք դեմ չէին, որ մեղքի մի չափաբաժին էլ ուղղվեր ՌԴ-ին:

-Եթե չեք ուզում հրապարակել Հունանյանի հնչեցրած անունները, ապա ի՞նչ պիտի անեք նրանից ստացած տեղեկությունները:

-Կկիսվեմ իրավապահների հետ, կարծում եմ՝ ԱԱԾ-ին դրանք կհետաքրքրեն: Հետո նոր կորոշեմ, թե որքանը կկարողացնեմ հանրայնացնել:

-Ի՞նչ զգացողությամբ դուրս եկաք նրա բանտախցից, չէ՞ որ շարքային հանցագործի չէիք հանդիպել:

-Ինձ համար տարբերություն չկա Նաիրի Հունանյանի և Հրայր Թովմասյանի միջև: Երկուսն էլ ունեցել են պատվիրատու: Եվ զարմանալիորեն, երկուսի դեպքում էլ շահառուները, կարծես թե, նույնն են: Հետևաբար, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պիտի մտածելու բան ունենան: Մարդիկ, որոնք Հրայր Թովմասյանին, Արա Բաբլոյանին ու մյուսներին օգտագործել են իրենց իշխանությունը երկարաձգելու համար, և որոնք Հունանյանին են ուղարկել այդ ոճրագործությանը, գրեթե նույն նպատակն են ունեցել: Զարմանալիորեն երկուսն էլ ուզում են մեր ժողովրդին «փրկել»: