Տնտեսական հեղափոխությունը երևո՞ւմ է անզեն աչքով

հոկտեմբերի 29, 2019

ԱԺ-ն քննարկում է 2020թ․բյուջեի նախագիծը

«Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով»,- թվարկելով 2019թ. տնտեսական զարգացումներն ու 2020թ. ծրագրերը` Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ԱԺ մշտական հանձնաժողովների հրավիրած նիստում ներկայացնում էր 2020թ. բյուջի նախագիծը: Հաջորդ տարվա համար գործադիրը պլանավորել է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտներ: Նիկոլ Փաշինյանն այս ցուցանիշը համեմատեց հեղափոխական տարվա` 2018թ. նույն ցուցանիշի հետ և շեշտեց, որ ունենք 27,4 տոկոս աճ: Ծախսերի աճը կկազմի 29,9 տոկոս: Վարչապետը կարևորեց, որ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը 55. 000-ից կդառնա 68.000 հազար դրամ: Բացի այդ, կբարձրանա շուրջ 200 հազար աշխատողի աշխատավարձ, քանի որ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում գործատուն հարկային մարմիններին չվճարելիք գումարը կթողնի աշխատողներին: Վարչապետը հավելեց, որ 2020թ. հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա՝ հասնելով 300 հազար դրամի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը 18.000 դրամի փոխարեն կդառնա 25.500 դրամ:

«Շատ կարևոր է արձանագրել, թե 2018թ. համեմատ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Անկեղծ ասած, այս թվերը տպավորիչ ասելով՝ շատ մեղմ կգնահատենք, որովհետև առողջապահության ոլորտում ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ունենք 21 տոկոս աճ: Վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված: Ուզում եմ արձանագրել, որ 2018թ. համեմատ 2020-ին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև այս տարվա ցուցանիշների մասին և վստահեցրեց, որ մինչև տարեվերջ կունենանք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ: Շատ կարևորեց արտահանման ցուցանիշը` 10 ամսվա տվյալով 7.9 տոկոս աճ, այն դեպքում երբ տարեսկզբում մինչև 3 տոկոս կրճատում կար: Որոշակի խնդիրներ ունենք գյուղատնտեսության ոլորտում, որտեղ 4,8 տոկոս նվազում կա: Բայց, այստեղ, ըստ վարչապետի, կա մի նրբություն` երկար տարիներ կոնյակի սպիտ է ներկրվել, որով կոնյակ է արտադրվել, և որպեսզի դա ակնհայտ չլինի, ուռճացրել են խաղողի արտադրության ծավալները: Այժմ այդ մեխանիզմը փակված է, և խաղողի մթերման ծավալներն` ավելի ճշգրիտ:

Վարչապետի ներկայացմամբ, սակայն, կա մեծ խնդիր` կապիտալ ծախսերի թերակատարումը: Նա դա պայմանավորեց կոռուպցիայի դեմ պայքարով`փորձում են զգույշ ծախսել: Այնուամենայնիվ, հեղափոխական կառավարությունն առաջնորդվում է պահպանողական սցենարով: Բյուջեի հիմքում դրվել է ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: «Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «надейся на лучшее, готовься к худшему»,- կատակեց վարչապետը:

Հեղափոխական էնտուզիա՞զմ, թե՞ պահպանողական կանխատեսում

«2020թ բյուջեն վատատեսական սցենարով է, ակնկալվող աճը կարելի էր ապահովել անգամ ոչինչ չանելով»,- ասում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Վերջինիս ներկայացմամբ սա ոչ միայն պահպանողական բյուջե է, այլև ցածր է, և չի արտացոլում նախորդ տարիների անցած ճանապարհը, անգամ նախորդ, հեղափոխական տարում 5,2 տոկոս ՀՆԱ-ի աճը: «Հիմա բերում եք վատատեսական սցենար, որի պարագայում, թույլ տվեք ասել, որ անգամ ոչինչ չանելու դեպքում այսքան ՀՆԱ-ի աճ հնարավոր էր լինում ապահովել: Ես ակնկալում եմ իրատեսական ՀՆԱ-ի աճ»,- ասաց Մանե Թանդիլյանը:

2020թ. բյուջեի նախագծի պահպանողական կանխատեսումներից դժգոհ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց նաև ներդրումների նվազումը և հետաքրքրվեց, թե որքան են լինելու սպասվող ներդրումները: «Օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում եթե 2018թ. հունվար-հունիսին եղել են մոտ 38 միլիարդ դրամ, ապա 2019թ. հունվար-հունիսին` 7,8 միլիարդ դրամ: Հեղափոխությունից անմիջապես հետո բոլորս տեսանք, որ ամբողջ աշխարհից, այդ թվում սփյուռքից,  ուզում էին գալ Հայաստան՝ ներդրումներ անելու: Հիմա դուք ո՞նց եք գնահատում այդ էնտուզիազմը: Ոգևորությունն  այս փուլում կա՞, թե՞ օբյեկտիվորեն իջել է»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:

Ֆինանսների նախարարը դժվարացավ պատասխանել: «Դժվար կլիներ ակնկալել, որ այստեղ հիմա կխոսենք երկնիշ, եռանիշ աճերի մասին, որ ասենք, թե գործ ունենք հեղափոխական կանխատեսումների հետ, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կանխատեսումներին: Մեր կարծիքով, ճիշտն ասած, դժվար է բյուջեի նախագիծը գնահատել պահպանողական, բայց պետք է գնահատել որպես կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նաև հավելեց, թե տնտեսական աճ ապահովելու հիմնական  ճանապարհը կապիտալ ներդրումների ավելացումն է, և մեծ ջանք է պետք գործադրել տնտեսության կառուցվածքի փոփոխությունը չնկատելու  համար: Նա նաև շեշտեց, որ 2020թ. նախատեսված 182 մլրդ դրամի դեֆիցիտն ամբողջությամբ ֆինանսավորվելու է ներքին աղբյուրներից, քանի որ միջազգային ֆինանսական կառույցներն այլևս արտոնյալ վարկ չեն տալիս, իսկ մեր երկրում մեծ ռեսուրսներ կան: