Ինչու չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

նոյեմբերի 5, 2019

ԱԺ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը չի շտապում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ձևավորել, թեպետ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 24-ին ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս». միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ հանձնաժողովը կձևավորվի հոկտեմբերին։ Հոկտեմբերն արդեն անցել է, բայց հանձնաժողովը դեռ ձևավորված չէ։ Հանձնաժողովը, համաձայն օրենքի, պետք է ձևավորված լինի մինչև նոյեմբերի 30-ը, սակայն այս պահին խորհրդարանում, գոնե առերևույթ, այդ ուղղությամբ որևէ գործընթաց չի իրականացվում։

Մինչ հանձնաժողովի ձևավորվելը, հասկանանք՝ ինչպես է այն կազմավորվելու և ինչ գործառույթ է իրականացնելու: Գործառութային այս դաշտում մինչև այսօր գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Նոր իշխանությունը փոխեց նոր հանձնաժողովի ձևավորման կարգը։ Նորամուծության հեղինակը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր։ Նրա նախաձեռնությունը իրավաբանների, փորձագետների կողմից ընդունվեց քննադատությամբ: Եթե գործող նախորդ կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորվեր տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովի միջոցով, ապա այժմ, Միրզոյանի առաջարկությամբ այն կձևավորվի հետևյալ կերպ՝ Հանձնաժողովի մեկական անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը և Բարձրագույն դատական խորհուրդը: Հանձնաժողովն ունենալու է 5 անդամ, որոնք իրենց կազմից ընտրելու են նախագահին։ Արարատ Միրզոյանի հեղինակած այս օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 19-ին։

Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որն ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, վարչական պաշտոններում։ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել դատապարտված անձը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: Մասնագիտական որոշ շրջանակների դիտարկմամբ, կատարված փոփոխություններով իշխող քաղաքական ուժը զգալիորեն մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Ըստ նույն շրջանակների, ստացվում է՝ իշխող քաղաքական ուժը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատավորների վեթինգի գործառույթը վերապահել անփորձ և հետագիծ չունեցող անձանց։

Վեթինգը սրբագրվեց

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվելու իշխանությունների բաղձալի վեթինգի գործառույթը։ Իհարկե, ժամանակի ընթացքում և նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկությամբ վեթինգ բառը սրբագրվեց՝ դառնալով բարեվարքություն, այդուհանդերձ, հանրային բոլոր ծառայողները գտնվելու են այս մարմնի խոշորացույցի տակ։

«Բարեվարքության կանոնների ներդրումը, փոփոխումը, դրանց նկատմամբ մոնիթորինգի իրականացումը, պատասխանատու մարմինների շրջանակի սահմանումը իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելմա հանձնաժողովը», -հոկտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Այս հանձնաժողովը լիազորություն ունի գույքային դրության հիմքով կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ «Հիմա շատ ասում են՝ այ, կառավարությունը հայտարարեց վեթինգ, վեթինգ, հետո դրանից հրաժարվեցին։ Մենք ուղիղ ասում ենք՝ քանի որ հասկացանք՝ այդ բառը մեծ ալերգիաներ է առաջացնում, որոշեցինք բովանդակությունը մնա, անվանումը լինի ուրիշ։ Մենք ասում ենք՝ ՀՀ-ում դատավորի, պաշտոնյայի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, որոնք մենք իրականացնում ենք»,- նույն նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ 2021-ին

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միայնակ չի լինի։ Կառավարության նիստում վերջերս հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ու դրա հիման վրա ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, բայց դա լինելու է արդեն 2021-ին։

Ըստ այդմ, նախատեսվում է, որ 2021 թվականին կստեղծվի հակակոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) անվամբ։Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են և 2021-ին լինելու է երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

Սահմանվել է երեք տարվա անցումային շրջան, որի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը կամ Քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը։ 

Նախատեսվում է նաև Գլխավոր դատախազության կազմում ստեղծել ստորաբաժանում՝ հակակոռուպցիոն գործերով քննությունների նկատմամբ վերահսկողության նպատակով։ Կստեղծվեն նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։