ԱԺ-ում չեն շտապում հետևել Վահե Գրիգորյանի խորհրդին

նոյեմբերի 7, 2019

Սահմանադրական դատարանում կամ դրա շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է կարևոր դերակատարում վերապահել խորհրդարանին ու տեսնել օրենսդիր մարմնի միջամտության կարիքը։ «Ազգային ժողովը հանրապետության սուվերենության կրողն է, և Սահմանադրական դատարանի ճգնաժամը դիտարկելի է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության ու սահմանադրական անվտանգության խնդիրների վերացման դիտանկյունից», -«Ազատությանը» տված հարցազրույցում օրերս հայտարարել էր Գրիգորյանը։

Նա նաև ակնարկել էր, որ Ազգային ժողովը պետք է իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի անցյալին, ախտորոշի խնդիրը և գտնի լուծման ուղիներ։

ԱԺ-ում չեն շտապում հետևել Վահե Գրիգորյանի խորհրդին: Խորհրդարանական ընդդիմությունը չի կարծում, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, իշխանական խմբակցությունում էլ մեկնաբանությունները սակավ են։

«Մեր կողմից եթե հետագա քայլեր լինեն, հաստատ թաքուն չեն լինի, հանրությունը կիմանա դրանց մասին։ Հիմա կոնկրետ բան ասել չեմ կարող։ Իսկ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման մասով դա պարոն Գրիգորյանի կարծիքն է, ես չեմ մեկնաբանում», -parliamentmonitoring.am-ին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Վերջինը, հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված Ազգային ժողովի դիմումի հեղինակներից մեկն էր: ՍԴ-ն մերժեց դիմումի քննությունը և այն նույնիսկ քննության առարկա չդարձրեց։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին հիասթափություն է սպասում։

«Մինչև Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ ընտրվելը որևէ մեկը չէր ասում, որ կա ճգնաժամ: Եկեք հետ գնանք. մի մարդ ընտրվեց, հայտարարեց, որ այնտեղ կա ճգնաժամ, ես գնում եմ ՍԴ, որպես նախագահ, և դուք՝ խորհրդարան, այդ ճգնաժամը պետք է լուծեք: Ահա այդ մարդը գնացել է այնտեղ ու ամեն օր մեզ էնտեղից ասում է, թե ինչ պետք է անենք: Տպավորություն է, որ նա մեր դիրեկտորն է, բայց խորը հիասթափություն է իրեն սպասվում, ու ինքն ապրում է էդ հիասթափությունը», - parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով Վահե Գրիգրոյանի այն հայտարարությանը, թե Ազգային ժողովը պետք է իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի անցյալին, Մարուքյանը այն համարեց «իրավական մտքի սնանկության արդյունք»։

«Նա ասում է՝ անցյալին գնահատական տվեք։ Ես էլ ձեզ հարցնում եմ՝ չեք կարծո՞ւմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալին պետք է գնահատական տալ, չեք կարծո՞ւմ, որ Կենտրոնական բանկի անցյալին պետք է գնահատական տալ, չեք կարծո՞ւմ, որ Իշխան Զաքարյանի ղեկավարած Վերահսկիչ պալատին պետք է գնահատական տալ։ Սա աբսուրդ է։ Այսինքն՝ ամբողջ երկրում ամեն ինչ լեգիտիմ էր, միայն ՍԴ-ն լեգիտիմ չէ՞ր», -հակադարձում է Մարուքյանը։

Մարուքյանի կարծիքով՝ եթե նույնիսկ ԱԺ-ն ՍԴ-ի անցյալին գնահատական տվող հայտարարություն ընդունի, ապա այդ հիմքով Սահմանադրական դատարանի գործող կազմը չի կարող ցրվել ։ «Լինելու է ևս մեկ թուղթ՝ եղած թղթերի վրա», -նշում է Մարուքյանը։

Վահե Գրգորյանի մոտեցումները չեն կիսում նաև ԲՀԿ-ում: «Ես Սահմանադրական դատարանում մեկ ճգնաժամ եմ տեսնում, և այդ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյան է», -մեկնաբանելով Գրիգորյանի հայտարարությունները՝ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Ճգնաժամը, ըստ նրա, հնարավոր է լուծել այն դեպքում, երբ հրաժարական կտա Վահե Գրիգորյանը։