Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

նոյեմբերի 7, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

-ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսների մի խումբ կրթության, գիտության նախարարի հրաժարականն են պահանջում։ Դուք հրաժարականի հիմքեր տեսնո՞ւմ եք։

-Հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում։ Կան իրավիճակներ, որոնք մարդկանց չեն գոհացնում, բայց դրանք պետք է երկխոսության և պարզաբանումների հիման վրա լինեն, և ոչ թե յուրաքանչյուր հարց դառնա հրաժարականի պահանջ։ Նախարարությունն այնքան բաց է, որ պարբերաբար գնում է երկխոսության, բաց է եղել քննադատություն լսելու։ Բանասիրության ֆակուլտետի ուսանողների ցույցը շատ տարօրինակ է եթե իրենք պահանջում են, որ բուհերում ուսանողը սովորի հայոց լեզու, ապա ես խիստ կասկածի տակ եմ դնում տվյալ բուհի մասնագիտացումը,որովհետև եթե դպրոցում հայոց լեզուն և գրականությունը չի դասավանդվում ինչպես պետք է, ապա դա բուհի, այնավարտած ուսանողիխնդիրն է։ Ընդունելության ժամանակ պետք է լավ ստուգեն դիմորդի հայերենի մակարդակը ու նոր միայն ընդունեն բուհ։ Այսօր ով ինչ խնդիր ունի, օրինակ՝ ուսուցիչը աշխատավարձի բարձրացում է ուզում, ելնում նախարարի հրաժարական է պահանջում, այն դեպքում երբ աշխատավարձը բարձրացնում են։ Անընդհատ ինչ-որ կեղծ օրակարգային հարցեր են գցում քննարկման, ու հուզական ալիք է բարձրանում։

-Տարօրինակ չէ՞, որ բանասիրականի ուսանողներն են պահանջում հրաժարականը, մինչդեռ հայոց լեզուն և գրականությունը ոչ պարտադիր դարձնելու հարցը վերաբերում է ոչ մասնագիտական ֆակուլտետներին։

-Տարօրինակ է, և դա ցցուն կերպով ցույց է տալիս այդ ֆակուլտետի որակը։ Եթե իրենք կրթում են այսօրվա դպրոցի մանկավարժներին ու իրենք էլ կասկածի տակ են դնում դպրոցի շրջանավարտի հայերենի իմացությունը, նշանակում է, որ համապատասխան մասնագետ չեն կրթում։ Այս դեպքում խնդիրը այլ հարթակում է՝ միգուցե ծրագրային է, միգուցե ժամաքանակն է քիչ դպրոցում։

-Նախարարի հրաժարականի պահանջի հարցում ակտիվ է հատկապես Դաշնակցությունը, այն դեպքում, որ կրթության ոլորտը երկար տարիներ ղեկավարել է հենց այս կուսակցության ներկայացուցիչը։

-Արդար չէ, ավելին, անթույլատրելի է նման վարքագիծը։ Ես կարդացի Լևոն Մկրտչյանի հարցազրույցը, որը վերաբերում էր վերջին մեկ տարվա իր գործունեությանը, բայց մենք՝ կրթության ոլորտի փորձագետներս, գիտենք, որ նա նախկինում երկար տարիներ ու պարբերաբար ղեկավարել է ոլորտը։ Մի հատ թող հետ գնա ու կտեսնի, թե իր ղեկավարման տարիներին ինչպիսի կորուստներ ենք ունեցել կրթության ոլորտում։ Առհասարակ, մեր կրթությունը տարիներ շարունակ ունեցել է կորուստներ ու չկան ձեռքբերումներ։ Ո՞ր ուսուցիչը ռիսկ ուներ վեր կենար, խոսեր խնդիրների մասին, վայրկենական ազատվում էր աշխատանքից։ Բոլոր դպրոցները, հատկապես մարզային շրջաններում, հանրապետականների ու դաշնակցականների մեջ էր բաժանվել։ Այսօր հարցազրույց է տալիս նախկին նախարարը և խոսում իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա մասին։ Թող բարոյական լինեն ու այդ մեկ տարով աչքներս չփակեն, որովհետև անցած նախորդ տարիները չեն վրիպել մեր աչքից, ու ոլորտի հիմնական խնդիրները կապված են հենց նրանց հետ։

-Դուք ասում եք, որ յուրաքանչյուր հարց չպետք է դառնա հրաժարական պահանջելու առիթ, բայց կոնկրետ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կարծես վերջին շրջանի իրադարձություններից ծնված պոռթկում լինի։ Հիշեցնեմ՝ խոսքը մետրոյի Հանրապետության հրապարակում բեմադրվածներկայացման մասին է, որի համար պետբյուջեից գումարներ էին հատկացվել, Մելի մասին ֆիլմը, որը նույնպես պետբյուջեից ֆինանսավորում է ստացել։

-Ասեմ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը նոր չէ, որ պահանջում են, թեպետ վերջին իրադարձությունները թեժացրին վիճակը։ Համամիտ եմ, որ շատ հուզական, զգայուն թեմա է, և ես ինքս էլ կողմ չեմ, որ բյուջեից թեկուզ մեկ կոպեկ տրամադրվի փողոցային միջոցառումների ֆինանսավորմանը։ Պետք է հաշվի առնենք, թե մենք ինչ ենք ուզում ու ինչ ենք անում կրթության մեջ։ Նախարարը հստակ բացատրեց, որ դա գեղարվեստական խորհրդի որոշումն է եղել, նախարարությունը կապ չի ունեցել գումարի տրամադրման հետ, ու չպարզաբանված հարցից այսպես աղմուկ սարքել, անընդունելի է։ Կարծում եմ, որ երկխոսությունը այս պարագայում շատ կարևոր է։ Ես պատրաստվում եմ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ, որպեսզի հասկանամ՝ ինչպես են կազմակերպվում մրցույթները, և ի՞նչ չափորոշիչներով է նախընտրություն տրվում։ Միգուցե կոպիտ բան լինի ասածս, բայց երևի այս ամենը պետք էր, որ մենք էլ դասեր քաղեինք ու հասկանայինք, որ պետք է ֆինանսավորման առավել ճիշտ ճանապարհներ ընտրել։ Ես վստահ եմ, որ լուծելի հարցեր են։

-Ի դեպ, դուք այդ փողոցային ներկայացման մեջ սատանիզմի դրսևորումներ տեսա՞ք, ինչպես տեսել էին ոմանք։

-Անկեղծ ասեմ՝ ես չեմ հասկանում սատանիզմն ինչ է։ Ինձ առհասարակ դա չի հետաքրքրել, որ ուսումնասիրեմ։ Ակնհայտ է, որ շատերը պղտոր ջրում ձուկ են փորձում որսալ, կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան տեղի ունենա, դա դարձնեն մեծ խնդիր ու հայտարարեն՝ տեսնում եք, այս իշխանությունը այս վատ բանն է անում։ Նման իրավիճակներ եղել են նաև նախորդ իշխանությունների տարիներին, պարզապես նախկին ընդդիմությունն ուներ բավականին լուրջ բարոյականություն, իսկ այսօրվա ընդդիմությունը, ցավոք, չունի։ Ոչ որպես իշխանություն ունեցան բարոյականություն, ոչ էլ որպես ընդդիմություն։

-Ապազգային գաղափարների տարածման մեջ գործող իշխանություններին մեղադրում է հատկապես ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը։ Նա ևսԱրայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներից է։ Ինչո՞ւ, Ձեր կարծիքով։

-Ես կարծում եմ՝ այստեղ զուտ անձնական խնդիր է։ Մեկը մյուսի հասցեին ինչ-որ արտահայտություններ շպրտելով ավելի թեժացնում են իրավիճակը։ Կարծում եմ, որ կարելի է սառը դատել և նախարարին կոնկրետ պահանջներ ներկայացնել, ասել՝ եղբայր,բացատրիր, թե ինչու եք այդքան գումար տվել, ինչու է արվել, և ոչ թե ֆեյսբուքում բառերի շարք գրել, հակամարտություն ստեղծել։ Ի վերջո, պետք է հասկանալ՝ մենք խորհրդարանական վերահսկողնե՞ր ենք, թե՞ ֆեյսբուքում անիմաստ կռիվ տվողներ։