ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ ամենակարևորը դեռ առջևում է

2016-ի ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է, բայց դեռ չեն հրավիրվել 2016-ին Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը և նախկին այլ առանցքային պաշտոնյաներ։
Հանձնաժողովը ձևավորվել է 2019-ի մայիսին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը գործում է մինչ վեց ամիս ժամկետով, լիազորությունների ժամկետը մեկ անգամ՝ հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, կարող է երկարաձգվել ևս վեց ամսով:
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի, եթե չհասցնեն ավարտել աշխատանքը։ «Ամեն ինչ լինելու է փաստաթղթավորված, եթե չհասցնենք, հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի։ Մենք թերի աշխատանք չենք ներկայացնելու։ Ամեն ինչ լինելու է փաստերի հիման վրա», -հայտարարել էր Քոչարյանը։
Հանձնաժողովի գործունեության ժամկետը, թերևս, կերկարաձգվի, քանի որ վերջերս պաշտպանության նախարարությունից ստացվել է գաղտնի նյութերի ծավալուն փաթեթ, որը, ամենայն հավանականությամբ, կընդլայնի ուսումնասիրության շրջանակը։
«Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունը վերաբերում է պատերազմական գործողություններին նախորդող և դրանց ընթացքում հետախուզական տվյալներին»,- ասել է Քոչարյանը։
Հանձնաժողովականներն աշխատում, նիստեր են հրավիրում հատուկ իրենց հատկացված տարածքում, որի վրա «Կողմնակի անձանց մուտքն արգելվում է» գրությունն է։ Հանձնաժողովականները պայմանավորվել են, որ այն, ինչ քննարկվում է ներսում, հրապարակման ենթակա չէ մինչև վերջնական եզրակացության ներկայացնելը։
Քոչարյանն ասել է՝ պաշտպանության նախարարությունը ինտենսիվ աշխատում է քննիչ հանձնաժողովի հետ, նախարար Դավիթ Տոնոյանն էլ պատրաստակամություն է հայտնել ներկայանալ ու պատասխանել հանձնաժողովականների հարցերին։
Այս շաբաթ հանձնաժողովի անդամները լսել են ապրիլյան դեպքերի ժամանակ 3-րդ պաշտպանական շրջանում գործունեություն ծավալած բժիշկներից մեկին, որը, ինչպես Քոչարյանն է հայտարարել, ինքն է ցանկություն հայտնել ներկայանալ ու տրամադրել տվյալներ, վկայություններ։
Մինչ այդ հանձնաժողովականները արդեն հասցրել են լսել ապրիլյան դեպքերի ժամանակ զոհվածերի հարազատներին, տուժածներին, բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին, նաև նրանց, ովքեր այժմ էլ պաշտոնյա են։ Օրինակ՝ վերջերս հանձնաժողովը հրավիրել էր ու լսել 2016-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, որն այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է:
Վերջում, հավանաբար, հանձնաժողովը կլսի 2016-ին ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «անխուսափելիորեն հրավիրվելու է» Քննիչ հանձնաժողով։ «Բոլորն էլ իրավունք ունեն չգալ, բայց ապրիլյան թեման այնքան զգայուն է և դրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա, պրոբլեմ է հենց իր համար, որովհետև կասկածների մի հսկա կծիկ ամեն մեկը կվերցնի իր վրա»,-ասել էր Քոչարյանը։ Նաև պնդել էր, որ մինչև հիմա հրավիրյալներից մերժում չեն ստացել։
«Մի շաբաթ էլ սպասեք։ Դուք ամենակարկառունին եք սպասում, ես գիտեմ, սպասեք, դրան էլ ականատես կլինեք։ Մի շտապեք, այս գործը հանգիստ է սիրում», - հանձնաժողովի վերջին նիստից հետո ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցերը շատ են՝ ե՞րբ է նրան զեկուցվել, երբ նրան զեկուցվել է, ի՞նչ հրահանգ է իջեցվել, դրանք անմիջապես են կատարվել, թե՞ ոչ և այլն։
Անդրանիկ Քոչարյանը բազմիցս վստահեցրել է, որ հանձնաժողովը քաղաքական նպատակներով չի ստեղծվել: