Ձկնաբուծարանները գտել են ջրի համար ցածր գին վճարելու ձևը․ Ս․ Ավետիսյան

նոյեմբերի 8, 2019

Հարցազրույց Արարատի ու Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ

-Մինչև հեղափոխությունը տեղեկություններ էին հրապարակվում, որ հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում ջրօգտագործման համակարգում մեծ կոռուպցիա, ապօրինի ջրօգտագործում և ջրի վատնում կա: Քննիչ հանձնաժողովի այս մի քանի ամսվա ուսումնասիրությունները ի՞նչ ցույց տվեցին:

-Նախնական պատկերը հուշում է, որ ՋՕ-երի համակարգն իրականում շատ լավն է` ճապոնական և իսպանական համակարգերի խառնուրդ է: Բայց կա մի լուրջ խնդիր`այն համայնքները, մարդիկ, որոնք ընտրել են ՋՕ-երում իրենց ներկայացուցիչներին, նրանց չեն ճանաչում և չեն էլ պատկերացնում են, թե ինչ իշխանությամբ են օժտել նրանց: Ու երբ չեն ճանաչում նրանց, ջրի խնդիր ունենալու դեպքում պատասխանատու համարում են իշխանությանը: Այսինքն, անմիջական օղակը չի աշխատում, մինչդեռ շատ հաճախ հենց նրանք են պատասխանատու: Կոպիտ ասած` ՋՕ-երի համակարգը պետություն է պետության մեջ, ունի գործադիր մարմին և վերահսկող մարմին: Եվ շատ դեպքերում նույն մարդն է այդ գործառույթներն իրականացնում:

Մյուս մեծ խնդիրը ջրբաշխների հարցն է: Ջրբաշխը կարող է քեզ ջուր տալ, կարող է նաև չտալ, սուբյեկտիվ մոտեցումները շատ են: Ջրօգտագործողն ունի պայմանագիր, և պայմանագրով նրան ջուր հասնում է, բայց պատահում է, որ մեկը ջուր չի ստանում և փողով պայմանագրից ավելի էժան ստվերային, կոռուպցիոն պայմանավորվածություն է ձեռք բերում: Այս դեպքում խախտվում են այլ ջրօգտագործողների հետ պայմանագրային պարտավորությունները`նրանք ժամանակին ջուր չեն ստանում, քիչ են ստանում և այլն: Կան դեպքեր, երբ ջրատար խողովակը ճանապարհի կեսից ապօրինաբար բաժանում են: Հիմնական խնդիրը, սակայն, այն է, օր ջրօգտագործողների մի մասը պետության հետ պայմանագրային հիմունքներով չի աշխատում, մարդու հետ է աշխատում, և երկար տարիներ եղել է զարտուղի ճանապարհներով ջրի ոչ արդյունավետ օգտագործում: Պետք է համակարգն ամբողջությամբ դնել պայմանագրաիրավական հարաբերությունների մեջ:

Պետք է նաև պարզել, թե ինչու է գյուղատնտեսության մի ոլորտը ծաղկում, մյուսը` ոչ այնքան: Պետք է հաշվարկվի, թե որ ոլորտում կոնկրետ երբ է ջուր անհրաժեշտ: Մշակաբույսերի արտադրությունն իրականում այնքան արդյունավետ չէ, որ գյուղացիական տնտեսությունը ցանկանա ՋՕ-երի հետ պայմանագրով աշխատել և օգտագործած ջրի համար ամբողջությամբ վճարել: Տնտեսությունները կարող են նաև լավ բերք ունենալ, բայց այն չիրացվի: Սա ուսումնասիրությունների մի ամբողջ շղթա է: Համապատասխան նախարարությունը նույնպես պետք է ուսումնասիրություններ ու խորհրդատվություն իրականացնի:

-Երբ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, սպասվում էր, որ այն պետք է ուսումնասիրի և լուծում առաջարկի հիմնականում ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու համար: ԱԺ-ում անգամ հեղափոխությունից առաջ է հարց հնչել` ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Պատասխանը եղել է` կա: Դուք ջրի մաֆիա հայտնաբերեցի՞ ք:

-Դեռ չեմ կարող ասել, հանձնաժողովը դեռ աշխատում է, բայց ՋՕ-երի համակարգը շատ հզոր կառույց է, չասեմ` մաֆիա, բայց նման մի համակարգ կարող է լինել: Այդտեղ նաև որոշակի ընտրական համակարգ է աշխատում, ջուրը չեմ տա` քո ցանքատարածությունը կչորանա, ջուրը կտամ, փոխարենը մեզ ընտրեք, բայց հիմա դա այնքան էլ չի գործում:

-Իսկ ջրօգտագործող «խոշոր ձկների» ազդեցությունը ՋՕ-երի վրա մե՞ծ է:

-Կա լուրջ բացասական ազդեցություն: Օրինակ, ջուրը մնում է ձկնաբուծարաններում և չի հասնում հողօգտագործողներին: Բայց կան նաև սակագնային խնդիրներ` ձկնաբուծարաններ կան, որոնք գրանցված են որպես արոտավայրեր, որպեսզի ջրի համար ավելի ցածր սակագին վճարեն: Հիմա փորձում են շտկել այդ խախտումը:

-Ովքե՞ր են չարաշահում անողները: Այդ մարզերում խոշոր ձկնաբուծարաններ ունեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու այլոք: Նրանք չարաշահումներ արե՞լ են:

-Կան դեպքեր, բայց ես չեմ ուզում անուններ տալ: Երբ քննիչ հանձնաժողովն ավարտի աշխատանքը, արդյունքները կհրապարակվեն: Կհրապարակվեն խախտում կատարած ընկերությունների, դրանց սեփականատերերի անունները: Համակարգում կա նաև խողովակների խնդիր` կոռոզիա, ջրի վատնում:

-Իսկ ջրի անխնա օգտագործման ուրիշ ի՞նչ երևույթներ կան, նախկինում ասում էին, թե ձկնաբուծարանները ջրի մի մասը նաև անխնա թափում են:

-Կա նման երևույթ: Համակարգի խնդիրն այնն է, թե ՋՕ-երում ինչու են հատկապես այս մարդիկ, ինչու է ձկնաբուծարանի փոխարեն արոտավայր ներկայացված, ինչու է ջուրն անխնա թափվում և այլն: Մենք պետք է նաև հասկանանք, թե գյուղատնտեսական ինչ ռազմավարություն ենք ունենալու, որպեսզի օրինական աշխատելու դեպքում հնարավոր լինի արդյունավետություն ապահովել: Խնդիր է նաև այն, որ ջրամատակարարումը երբեմն պոմպերով է իրականացվում` հոսանք է ծախսվում, իսկ դա սուբսիդավորվում է պետության կողմից: Մինչդեռ իդեալական կլիներ, եթե ինքնաբավ լիներ: Մեր ծրագրային դրույթներից էր, օրինակ, գյուղական կոոպերացիաների ստեղծմանն աջակցելը: Փոքր հողակտորների ջրամատակարարումն ապահովելը բավական դժվար է:

-Գյուղատնտեսության` ոռոգման, ձկնաբուծարանների համակարգում ջրի կորուստները որքա՞ն են կազմում:

-60-70 տոկոս: Հավելեմ, որ խելացի օլիգարխներն իրենց ցանքատարածությունները կամ ձկնաբուծարաններն այնպիսի վայրերում են տեղակայել, որ երբ այլ ջրօգտագործողների է ջուր տրվում,նրանց էլ պետք է ջուր տաս`գրեթե վիշապային տրամաբանությամբ: Նրանք ջուր ստանալու լավագույն հատվածներն են վերցրել:

-Այդ հողերը նրանց սեփականությո՞ւնն են, թե՞ վարձակալությամբ են օգտագործում:

-Հիմնականում սեփականաշնորհված են: Արարատի մարզում անգամ ազատ քարի կտոր չեք գտնի: Եվ քանի որ հիմա մարդկանց ներդրումային հետաքրքրությունն աճել է, շատ դժվար է լինում երկու-երեք սահմանակից հողակտոր ձեռք բերելը: Սեփականատերերը տեսնելով իրենց հողի նկատմամբ հետաքրքրությունը`բավականին բարձր գին են պահանջում: Այդ խնդիրը լուծելու համար չօգտագործվող հողերի և շինությունների օգտագործման վերաբերյալ նախագիծ պետք է մշակվի:

-Ասացիք՝ պետությունը սուբսիդավորում է պոմպերով ջրի մատակարարումը: Նախկին կամ ներկա օլիգարխներն այն անխնա օգտագործում են, ստացվում է, որ նրանք հողի նշանակությունը փոխելուց և արդյունքում ջրի համար ցածր սակագին վճարելուց զատ նաև պետության սուբսիդավորումի՞ց են լայնորեն օգտվում:

-Այո, ջուրը բոլորինն է հավասար:

-Աղմկոտ բացահայտումներ լինելո՞ւ են:

-Լինելու են էական բացահայտումներ: