ԱԺ նախագահը ԱԽ նիստերին չի մասնակցի․ նախագիծը մերժվեց

նոյեմբերի 13, 2019

Ազգային ժողովը տապալեց ԱԺ նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական և Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 20 պատգամավոր: Եվ քանի որ առաջինը սահմանադրական օրենք էր, այնտեղ կատարվող փոփոխությունների կամ լրացումների նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 3/5-րդի կամ 80 պատգամավորի կողմ քվեարկությունը։ «Իմ քայլը», բնականաբար, քվեարկել էր կողմ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի մասը՝ կողմ, մյուս մասը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ ձեռնպահ։ «Լուսավոր Հայաստանը» դեմ էր։

Խորհրդարանական համակարգում ԱԺ նախագահը պետք է մասնակցի ԱԽ նիստերին

2018թ. ընդունված Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրենքում նախատեսված չէ այդ կառույցի նիստերին ԱԺ նախագահի մասնակցությունը։ Նույն օրենքի համաձայն ԱԽ անդամ են վարչապետը, փոխվարչապետերը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։ ԱԽ-ն գլխավորում է վարչապետը։ Աննա Կարապետյանն առաջարկում էր ԱԺ նախագահին ԱԽ-ում ներգրավվել ոչ թե անդամի կարգավիճակով, այլ նաև նրան նիստերին մասնակցելու և օրակարգի վերաբերյալ առաջարկություններ անելու իրավունք վերապահել, ինչպես նաև՝ վարչապետին հնարավորություն ընձեռել նիստերին հրավիրելու այլ մարդկանց։

Աննա Կարապետյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ իր առաջարկությունը պայմանավորված է խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ՝ ԱԺ դերի բարձրացմամբ ու կարևորության ընդգծմամբ: Շեշտեց, որ այն անձնավորված չէ։ «ՀՀ-ն այլևս անցել է խորհրդարանական կառավարման մոդելի և պետք է հավուր պատշաճի իրականացնի խորհրդարանական վերահսկողություն բոլոր ասպեկտներով: Նախագիծն ուղղված է ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի 3-րդ մասով ԱԺ նախագահին տրված լիազորությունների պատշաճ իրականացմանը: Այն է՝ ԱԺ նախագահը ներկայացնում է ԱԺ-ն ու ապահովում է նրա բնականոն գործունեությունը»,- քննարկման ժամանակ հայտարարեց Աննա Կարապետյանը:

ԱԽ-ն վարչապետի առաջարկությամբ  քննարկում է ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: ԱԽ-ն նաև պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ: Աննա Կարապետյանի ներկայացմամբ՝ քանի որ այդ բոլոր ուղղություններով օրենքներն ու օրենսդրական փոփոխություններն ընդունում է ԱԺ-ն, ավելին՝ ԱԺ-ն է ընդունում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու, ինչպես նաև ռազմական դրություն կամ արտակարգ դրություն հաստատելու մասին որոշումները, ուրեմն, խորհրդարանի գործունեությունը գոնե այդքանով առնչվում է ԱԽ գործունեությանը։ Այդպիսով՝ խորհրդարանը նախագահի մակարդակով պետք է ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք ունենա։

Նախագիծը դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ տապալվեց

ԱԺ-ն չընդունեց այդ առաջարկությունը։ Ավելին, «Իմ քայլը» խմբակցությունը միայնակ կարող էր այն ընդունել, բայց դիտմամբ կամ պատահմամբ դա չարեց. քվեարկությունից բացակայում էր «Իմ քայլի» 23 պատգամավոր, իսկ Թագուհի Թովմասյանը պարզապես չքվեարկեց։ ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ «Իմ քայլի» 8 պատգամավոր գործուղման մեջ է, և եթե չքվեարկած 16 պատգամավորները քվեարկեին, ապա նախագիծը կընդունվեր։ Ավելին՝ բացակա կամ գործուղման մեկնած պատգամավորները կարող էին գրավոր տեղեկացնել, թե ինչպես են քվեարկելու այս կամ այն նախագծին, բայց չէին արել։ Իր քվեարկության մասին գրավոր տեղեկացրել էին միայն գործուղման մեջ գտնվող Արման Եղոյանն ու ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը։ Մյուսները, անգամ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկության վերաբերյալ գրություն չէին թողել։ Ի դեպ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ի սկզբանե տեսնելով «Իմ քայլի» պատգամավորների բացակաների թիվը՝ բավականին լարված էր նիստը վարում։

Կառավարությունը որոշ վերապահումներով էր դրական եզրակացություն տվել նախագծին։ «ԱԽ-ն թեև գործադիր լիազորություններ իրականացնող մարմինն է, կառավարությունը, այնուամենայնիվ, դրական է վերաբերում, և գտնում ենք, որ պետք է կողմ քվեարկել»,- քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Քվեարկությունից հետո արդեն «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում տարօրինակ է համարել իրենց պատգամավորների բացակայությունը։ Քվեարկությանը չմասնակցած, բայց ավելի ուշ ԱԺ հասած «Իմ քայլի» պատգամավորներ Արման Բոշյանը, Թագուհի Ղազարյանն ու այլոք լրագրողների հետ զրույցում ասել են, թե ճանապարհին խցանման մեջ են մնացել: Լրագրողները ԱԺ-ում նկատել են, որ քվեարկությունից հետո Հակոբ Սիմիդյանը անհատական քվեարկությունների ցանկը ձեռքին բարձրացել է Արարատ Միրզոյանի մոտ։ «Արարատ Միրզոյանն ինձնից բացատրություն չի ուզել, որ ես բացատրություն տամ: Մեր մեջ գործընկերային հարաբերություններ են: Այո, Արարատ Միրզոյանի հետ հանդիպում եղել է, քննարկել ենք նաև այս թեման, ուղղակի զրուցում էինք»,- ավելի ուշ ասել է Հակոբ Սիմիդյանը:

Այնուամենայնիվ, պատահաբա՞ր, թե միտումնավոր չընդունվեց այդ նախագիծը։ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց պատասխանել Parliamentmonitoring.am-ի այս հարցին։

«Լուսավոր Հայաստանը» դեմ էր

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախապես էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ հեղինակը չի ընդունել իր այն առաջարկությունը, թե ԱԺ նախագահի հետ միասին նաև խմբակցությունների ղեկավարներն իրավունք ունենան մասնակցելու ԱԽ նիստերին։ «Խորհրդարանական երկրներում չափազանց կարևոր է, որ խմբակցությունների ղեկավարները նույնպես ներգրավված լինեն ԱԽ-ում։ Ներկայացված փաթեթն ամբողջությամբ լուծում չի առաջարկում, մեր առաջարկությունները մերժել են, և մենք դեմ կքվեարկենք»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց ԼՀ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ես երեկ ասել էի, որ ձեր առաջարկությունները չեն ընդունվել, որովհետև Սահմանադրության հետ խնդիր կա։ Եթե այսքանից հետո դեմ եք, ձեր որոշելիքն է»,- քվեարկության ժամանակ հակադարձեցԱննա Կարապետյանը։

Վերջինիս հակադարձեց ԼՀ քարտուղար Գևորգ Գորգիսյանը. «Հարգելի գործընկերներ, կոչ եմ անում այս դահլիճում մնալ կոռեկտության մեջ։ Ի՞նչ է նշանակում՝ հասկանալի են, կամ հասկանալի չեն եղել։ Քաղաքական կուսակցությունը, խմբակցությունը կարող է ունենալ դիրքորոշում և ունի։ Եվ որևէ մեկին իրավունք չի վերապահվում դրան տալ գնահատական, ընդհուպ՝ հասկանում եք, չեք հասկանում։ Քվեարկելու ենք այդպես, ձեր համար լավ է, թե վատ է, այլ հարց է»։

ԲՀԿ-ն դրական արտահայտվեց, բայց չօգնեց

ԲՀԿ խմբակցության անդամները քննարկման ժամանակ դրական էին արտահայտվում առաջարկված կարգավորումների մասին։ Միքայել Մելքումյանը նույնպես կողմ էր, որ խմբակցությունների ղեկավարներն էլ ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք ունենային։ «2007թ՝ ոչ խորհրդարանական համակարգի դեպքում, հիշում եմ, մշտական հանձնաժողովի նախագահներն էլ մասնակցել են: Ես չգիտեմ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը երբևէ հրավիրվե՞լ է մասնակցելու: Պրոֆիլային հարցերի դեպքում նաև այդ հանձնաժողովի նախագահը պիտի մասնակցեր»,- ասաց նա:

Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, թե «զարմանալի է, որ ԱԺ նախագահն ԱԽ կազմում չլինի, և լուրջ չէ, որ նախագիծը որևէ պատգամավոր ներկայացնի այն դեպքում, երբ այդ կառույցը վարչապետն է ղեկավարում»։ «Կառավարությունը պետք է նախագիծը բերեր: Այս իմաստով խնդրահարույց եմ համարում և ճիշտ եմ համարում, որ նախագիծը վերադարձվի, ու կառավարությունը բերի»,- ասաց պատգամավորը։