Հեղափոխակա՞ն, թե՞ պահպանողական. ԱԺ-ն ավարտեց 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը

նոյեմբերի 15, 2019

«Այո, այս բյուջեն հեղափոխական է: Եվ տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլեւ ամեն օրվա հետ թափ է հավաքում եւ հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու»,- Ազգային ժողովում 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ավարտին իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2020-ին կառավարությունը նախատեսել է 1տրլն 697 մլրդ դրամ եկամուտներ հավաքագրել և 1 տրլն 880 մլրդ դրամ ծախսեր կատարել: Ցուցանիշները գործող բյուջեի համեմատությամբ ավելացել են 13-14%-ով: 2020թ. պլանավորվում է  4,9% տնտեսական աճ, իսկ դեֆիցիտը ֆինանսավորելու համար անհրաժեշտ մոտ 182 մլրդ դրամը նախատեսվում է ձեռք բերել ներքին աղբյուրներից:

Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում

Վարչապետն իր ելույթում պատասխանեց բյուջետային քննարկումների ժամանակ հնչած երկու հիմնական հարցերին` արդյոք 2020թ․բյուջեի նախագիծը հեղափոխակա՞ն է, և ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում։ «2020թ․ պետական բյուջեում եկամտային մասը 2018թ-ի համեմատ ավելացել է 27,4 %-ով։ Եթե սրան գումարենք նաև բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ դրամով գերակատարված են և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33%։ Իսկ եթե սրան էլ ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որոնք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք Հարկային օրենսգրքի և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում, մեր աճն արդեն կազմում է ավելի քան 35%։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը։

«Հեղափոխությունից առաջ եկամտային մասի միջին վիճակագրական աճը եղել է 7%, մենք այս տեմպը կրկնապատկել ենք, եթե այս ցուցանիշը հաշվի ենք առնում, բյուջեի մեր միջին տարեկան աճը կազմում է 14%՝ նախկին 7%-ի փոխարեն, բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հեղափոխական է համարում նաև 2020թ․ընթացքում ճանապարհների կառուցման, նորոգման համար բյուջեով նախատեսված գումարը։ Ըստ Փաշինյանի՝ այս բյուջեով ճանապարհների համար նախատեսվում է այնքան գումար, որքան 2015-2017 թթ․-ին, իսկ կապիտալ ծախսերը կազմում են 2018թ-ին նախատեսվածի 135%-ը ։ Անդրադառնալով հարցին, թե երբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում, հիշեցրեց, որ հաջորդ տարի հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձերը կբարձրանան: «Որ մինչև 18 տարեկան երեխայի հիվանդանոցային ծառայությունը անվճար է լինելու, մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ։ Որ ուսուցչի աշխատավարձը բարձրացել է, մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Որ զինվորականների աշխատավարձերը բարձրացել է, մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ, Որ բանակում զինվորականների սննդի համակարգ է փոխվել, մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Բա ո՞նց է լինում կյանքի փոփոխությունը»,- հարցրեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը և ասաց, թե դրա պատճառն այն է, որ իրենք չեն ցանկանում «ատկատով» աշխատել և անորակ գործ անել: Ինչ վերաբերում է տնտեսական աճի կանխատեսման ցածր`4,9% ցուցանշին, Փաշինյանն ասաց․ «Ցածր ենք դրել, որ հետո բարձր թռչենք»:

Պահպանողական և իներցիոն բյուջե

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ամբողջ քննարկման ընթացքում քննադատեցին   2020թ․բյուջեի նախագիծը`շեշտելով, որ այն չի նպաստում իշխանությունների հռչակած տնտեսական հեղափոխության տրամաբանությանը:

Բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ լիագումար նիստում դեռ չսկսված` ԲՀԿ-ն չորս պատգամավորի մասնակցությամբ ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ այն հեղափոխական չէ: «Նոր իշխանությունը 1,5 տարի ուներ, որպեսզի արդարացներ բնակչության դրական ակնկալիքները, բայց 2020թ. բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները։ Քաղաքացիների սպասելիքները հեղափոխական էին, իսկ բյուջեի նախագիծը՝ իրատեսական, ինչը վկայում է այն մասին, որ որեւէ արմատական դրական փոփոխության սպասել չարժե»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ներդրումների ներհոսքը տնտեսության իրական հատված՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կազմել է ընդամենը 310 մլն դոլար, բայց այդ ընթացքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք 295 մլն դոլարի չափով։ Այսինքն՝ ներդրումների իրական ներհոսքը կազմել է 15 մլն դոլար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ 2020թ․բյուջեի նախագիծը համարեց «պահպանողական և իներցիոն», նշեց, որ տնտեսական աճի համար նախատեսված 4,9%-ն ամենևին հեղափոխական չէ: «Մեր հարևան Վրաստանում 2003թ-ին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, տնտեսական աճը տվյալ տարում 11% էր, իսկ հետագա տարիներին` մինչև 9.7%: Եվ որքանո՞վ է մեր այս բյուջեն հեղափոխական: Ես կասեի պահպանողական է, սա երևի ամենամեղմ նկարագիրը կլինի»,- ասաց Թանդիլյանը:

Նա նաև հայտարարեց, թե կառավարության ծրագրի բազմաթիվ դրույթներ չեն արտացոլվել հաջորդ տարվա բյուջեի նախագծում: «Օրինակ՝ վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացման վերաբերյալ որևէ տող չենք գտնի։ Հուսադրող չեն նաև տուրիզմի զարգացման ծրագրերը, այսինքն՝ կառավարության ծրագրում խոսում էին էկո, գաստրո տուրիզմների զարգացման մասին, իսկ 2020թ. այս ծրագրում դարձյալ որևէ տող չենք գտնի։ Չեմ կարող չասել հանրայնորեն հրապարակված և հռչակված ցանկությունների մասին, որոնցից մեկով խոստացվեց, որ 10 միլիոն ծառ է տնկվելու, այս խոստումը  դարձյալ որևէ տողով բյուջեում չենք գտնի»,- շեշտեց պատգամավորը:

Ավելին` Մ.Թանդիլյանը սպառնաց դիմել Քրեական օրենսգրքի օգնությանը, եթե կառավարությունը չփոխի 2020թ. բյուջեն և չվերացնի «Բյուջետային համակարգի մասին» օրենքի խախտման դեպքը: Պատգամավորը պնդում է, որ բնապահպանական ծրագրերի դեպքում կառավարությունը խախտել է այդ օրենքը: Իսկ այդ օրենքի համաձայն՝ բնապահպանական ծախսերը յուրաքանչյուր տարվա բյուջեով չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը: 2020թ. բնապահպանական ծրագրերի ծախսերը պետք է լինեն 54.2 մլրդ դրամ, այնինչ մի քանի օր առաջ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը նախատեսում է 15.7 մլրդ դրամ` օրենքով սահմանվածից 40 մլրդ դրամով պակաս:

Ի տարբերություն ԲՀԿ-ի` ԼՀ-ն, սակայն, չհստակեցրեց, թե ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին:

Ո՞ւր էինք մենք, և ո՞ւր էիք դուք

Ընդդիմադիրներին պատասխանեց « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը` ասելով, թե քննադատություն է հնչում գործող իշխանությունների հասցեին այնպիսի հարցերում, որոնք 10-15 տարիների խնդիր են: «Հիշեք, թե այդ տարիներին որտեղ էիք դուք, և որտեղ էինք մենք: Ձեզանից ոմանք ինչ-որ ժամանակ որոշում կայացնողների շարքում էին»,- հակադարձեց պատգամավորը:

Նա նույնպես անդրադարձավ կապիտալ ծախսերի թերակատարմանը և որպես պատճառներից մեկը հիշեցրեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ձախողված շինարարությունն ու հարուցված քրեական գործերը: Գործերից մեկում ներգրավված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնցեռնի ղեկավար և ԲՀԿ պատգամավոր Նորա Առուստամյանի հայրը` Սերգեյ Առուստամյանը:

«Եթե ես բնութագրեի կառավարության կարգախոսը, որով առաջնորդվում է իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, պետք է մեջբերեի երկու բառ՝ մասնակցայնություն և ներառականություն: Բայց սա չի նշանակում, որ մենք տեղ ենք հասել և ունենք մեր երազանքների բյուջեն, և այդպիսի բան երբեք չի կարող լինել: Բայց այս բյուջեն շատ վառ ապացույց է, որ մեր գնացքը ճիշտ ռելսերի վրա ենք դրել, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- իր հերթին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Եվ 2020թ. բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով։ Պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները պետք է ներկայացնեն 24 ժամվա ընթացքում: Կառավարությունը կամփոփի դրանք, ապա փաստաթուղթը կքվեարկվի։