Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է. Մ. Կարապետյան

նոյեմբերի 18, 2019

-Տիկին Կարապետյան, դուք Ազգային ժողովի դահլիճում փորձեցիք հայերենի և նաև իրավունքի դասեր տալ Ձեր խորհրդարանական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի» գործընկերներին, սակայն կարծես չընկալվեց: Ծառուկյանը հայտարարեց, որ Պետրոսյան Գևորգին «հալալ է», քանի որ նա ներկայացնում է «հայ քրիստոնյա ազգին»: Հիասթափված չե՞ք:

-Մի ճշտում՝ ես հայոց լեզվի դաս չեմ տվել, այլ ասել եմ, որ նման դաս տալ փորձողը պետք է տարրական սխալներ չանի իր խոսքում։ Հիասթափված չեմ, քանի որ ակնկալիքներս բարձր չեն։ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է։ Դրանից քիչ բան կփոխվի։

-Կշարունակե՞ք իրավունքի դասերը խորհրդարանում:

-Իմ առաջնային մանդատը օրենսդրական և վերահսկողական գործունեությունն է։ Ես նաև իմ նպատակն եմ համարում հանրային երկխոսության ծավալումը և հանրային համերաշխության ամրապնդումը։ Սակայն եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները շարունակեն մարդու իրավունքների շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծել կամ սուտ վախեր հորինել և դրանք թանկով ծախել մարդկանց վրա, ես կշարունակեմ օգտագործել իրենց խոսքը՝ որպես հղման կետ առ այն, թե ինչպիսին չպետք է լինի մեր հանրությունը։

-Տիկին Կարապետյան, այդուհանդերձ, ինչո՞ւ են մարդու իրավունքների մասին օրինակ՝ Ձեր և Գևորգ Պետրոսյանի կամ Նաիրա Զոհրաբյանի ընկալումները տարբեր: Ի վերջո, ինչո՞ւ է ծագում այս խնդիրը:

-Շատ պարզ է խնդիրը։ Կամ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ, այսինքն՝ գործում է Սահմանադրությունը, կամ գործում է կարոտը առ նախկին աստիճանակարգում՝ արտոնյալներ և ոչ այնքան, ունևորներ և աղքատներ, առաջին, երկրորդ և երրորդ կարգի մարդիկ և այդպես շարունակ։

-Այս խորհրդարանի աշխատանքների մեկնարկից մի տեսակ ներքին կռիվ կա Ձեր խմբակցության մի քանի անդամների ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության միջև: Ինչպե՞ս եք պատկերացնում այս կոնֆլիկտի լուծումը:

-Մի տեսակ ներքին կռիվ չկա, կա բացահայտ արժեհամակարգային բախում։ Ես կարծում եմ՝ այս խնդրի լավագույն և վերջնական լուծումը կլինի մեր քաղաքացիների բարօրության և տնտեսական անկախության մեծացումը և հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանում տնտեսական գործունեությունը և քաղաքականությունը պետք է տարանջատվեն։

-Տիկին Կարապետյան, Ձեզ և Ձեր նման մի քանիսին համարում են կառավարող խմբակցության «սորոսական թև» և ասում, որ դուք առաջ եք տանում «ազգակործան մի ծրագիր»: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, և կա՞ն հիմքեր նման հայտարարությունների համար:

-Ես «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» հետ առաջին անգամ շփվել եմ հետհեղափոխական Հայաստանում, սակայն եթե սորոսական լինել նշանակում է մերժել «մի կիլո բրինձ, մի լիտր ձեթ և նահապետական արժեքներ» սոցիալական փաթեթը, ապա այո, ես մերժում եմ այդ «սոցիալական փաթեթը», որտեղ տասնամյակներ շարունակ մարդկանց իրենց երկիրը և մշակույթը սիրելու զգայական հողի վրա պարտադրել են օլիգարխիա, արտագաղթ, կոռուպցիա։

-Նաիրա Զոհրաբյանը անձամբ Ձեզ մեղադրում է, որ դուք պաշտպանում եք սոցիալական մեկ խմբի՝ ԼԳԲՏ անձանց շահերը և մտադրություն է հայտնել, որ պատրաստվում է բարձրացնել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին Ձեր անդամակցությունը դադարեցնելու հարցը:

-Եթե նույնիսկ ես պաշտպանելիս լինեի մեկ խմբի շահեր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի համար ամոթալի է դա համարել մեղադրանքի հիմք։ Նաիրա Զոհրաբյանը շփոթում է տնտեսական շահերը և մարդու իրավունքները։ Եթե մի խմբի տնտեսական շահը կարող է հակասել մեկ այլ խմբի տնտեսական շահին, և պետությունը պետք է հավասարակշռի դրանք, ապա մի խմբի մարդու իրավունքները չեն կարող հակասել մեկ այլ խմբի մարդու իրավունքներին։ Մի խմբի իրավունքները չեն իրացվում մեկ այլ խմբի իրավունքների հաշվին։ Մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող միմյանց հակասել։

-Ի դեպ, Դուք էլ կարծես վերապահումներ ունեիք այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարումը շարունակելու մասով: Մտադի՞ր եք քայլեր ձեռնարկել:

-Այդ որոշումը ես մենակ չեմ կարող կայացնել։ Սակայն այստեղ հարցը այլ էինչպե՞ս է տիկին Զոհրաբյանը պլանավորել լինել այդ պաշտոնում, եթե նա ինչ-որ մարդու անվանում է «լեշ», մյուսին՝ «իդիոտ», երրորդին՝ «փալաս», չորրորդին՝ «անասուն» և այդպես շարունակ։ Եթե նույնիսկ այդ մարդիկ վիրավորել են իրեն նույնաբովանդակ բառերով կամ եթե նույնիսկ այդ մարդիկ հանցագործներ են, ապա մարդու իրավունքների պաշտպանության հավակնողը չի կարող իրեն թույլ տալ նման բառապաշար։

-Բացի Զոհրաբյանից՝ շատերն են Ձեր ուժին մեղադրում միասեռականներին կամ ԼԳԲՏ անձանց շահերը պաշտպանելու, նրանց մեծ տեղ տալու հարցում:

-Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը՝ գետնի տակ թե երկնքում, լինեն նրանք տարօրինակ, թե միջին վիճակագրական, կապույտ մազերով, թե ծիծակ կոշիկներով։ Բոլորի։

-Իշխանությունների հասցեին հնչող մյուս մեղադրանքն այն է, որ ընդդիմադիրներին հեռացնում են ճանապարհից, եկել է 37 թիվը, երբ այլախոհներին պատժում էին:

-Նորմալ է, որ կիսաավտորիտար ռեժիմը հաղթահարած պետության մեջ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվում են։ Մեր մեղքը չէ, որ այդ հանցագործությունների մի մասը տեղի են ունեցել քաղաքականությամբ զբաղված կամ զբաղվող անձանց կողմից։ Զավեշտալի է ոմանց մղումը շատ արագ սկսել զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի իրենց կատարած հանցագործությունների համար պատժվելուց պաշտպանվեն քաղաքական հալածյալի դիմակի տակ։ Հայաստանը այսքան ազատ երբեք չի եղել՝ լինի դա տնտեսական գործունեության, ընտրական իրավունքի իրացման, թե խոսքի ազատության տեսանկյունից։ Եվ մենք էլ ավելի ենք ընդլայնելու մարդու իրավունքներն ու ազատությունները։

-ԱԺ նախագահին Անվտանգության խորհրդում ընգրկվելու հնարավորություն տալու մասին նախագծի ընդունումը տապալվեց: Մեղքի իր բաժինն ուներ նաև մեծամասնությունը, որը կարող էր իր ուժերով ընդունել այն: Եթե չընդունելու հատուկ նպատակ չուներ իշխող խմբակցությունը, ինչպես պնդում են Ձեր գործընկերները, ապա չեք կարծո՞ւմ, որ անկազմակերպվածության հետևանքով նախագիծը չընդունվեց:

-Սա մի փոփոխությունն էր, որը պետք է որ ողջունեին խորհրդարանական երկրում Ազգային ժողովին ավելի շատ կշիռ տալ ցանկացող բոլոր խմբակցությունները կամ պատգամավորները։ Կան բարեփոխումներ և առանձին խնդիրներ, որոնք լավ կլինի, եթե խորհրդարանական փոխհամաձայնության ոգով ընթանան, քանի որ դրանք վերաբերում են պետության կառավարման ձևին։ Եթե մենք խոսում ենք սահմանադրական մեծամասնության պահանջի վերացման մասին, ապա պետք է սովորենք պատասխանատվություն կիսել մեկից ավելի քաղաքական ուժերով։ Ցավոք, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ոչ թե ուզում են մեզ հետ կիսել պատասխանատվությունը և հետևաբար՝ իշխանությունը, այլ մեզ պատճառներ են տալիս ավելի ու ավելի օգտվել սահմանադրական մեծամասնության մեր իրավունքից, ինչը մենք կարծում էինք այն չէ, ինչ բոլորս ենք ցանկանում։ Մենք հատուկ ջանքեր չէինք գործադրել քվեարկությունը ապահովելու համար նաև այն պատճառով, որ ընդդիմադիր խմբակցությունների և պատգամավորների ելույթները չէին «գուժում» իրենց քվեարկության բնույթի մասին։

-Ընդհանրապես, Ձեր խմբակցությանը շատ են մեղադրում հակասական, չհամաձայնեցված քայլեր, հայտարարություններ անելու մեջ: Ի՞նչ կարծիքի եք:

-Մեզ անհրաժեշտ էր այսպիսի ուժեղ մանդատ՝ 70%-ից ավելի ձայների տեսքով, քանի որ այն փոփոխությունները, որը մենք այժմ անում ենք, շատ խորքային են և առանց այդ ամուր մանդատի՝ դրանք դժվար կլիներ անել։ Միևնույն ժամանակ փաստ է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ հանրության և հետևաբար պատգամավորների 70%-ը կարող է գալ կատարյալ կոնսենսուսի, և մենք անընդհատ գտնվում ենք կարծիքների առողջ բախման և լավագույն լուծումների շուրջ հնարավորինս լայն համաձայնության կառուցման ճանապարհին։