Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորված է

նոյեմբերի 19, 2019

Նախատեսվածից շուրջ մեկ տարի ուշացումով, երկար քննարկումներից հետո նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Հանձնաժողովը փոխարինելու է գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։

Կառույցի 5 անդամների թեկնածություններն առաջադրել են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և ԱԺ երեք խմբակցությունները։

Կառավարության առաջադրած թեկնածուն Լիլիթ Ալեքսանյանն է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է գալիս բակային համակարգից։ Ալեքսանյանը խորհրդարանում ասաց, որ ծանոթ է հայտարարագրման ինստիտուտին, դրանով զբաղվել է բանկում աշխատելիս և հավաստիացրեց, որ իր փորձառությունը բավարար է հանձնաժողովի աշխատանքին արդյունավետ մասնակցելու համար:

«Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համակարգային լուծումներ։ Այն չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ», -ասաց Ալեքսանյանը՝ խոստանալով հանձնաժողովում լինել անաչառ, պատասխանատու ու հաշվետու։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը վերապահումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ։ Նա կարծում է, որ պետք է պահպանվեր հանձնաժողովի ձևավորման մրցույթային կարգը, ինչի փոփոխման արդյունքում քաղաքացիական հասարակությունը չի մասնակցում հանձնաժողովի ձևավորման գործընթացին։

Պատգամավորի մյուս վերապահումն այն էր, որ կառավարությունը չի պատճառաբանել, թե ինչու է ներկայացվել հենց Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը։ Կառավարության փոխարեն պատասխան ուներ Լիլիթ Ալեքսանյանը. «Կարծում եմ՝ իմ թեկնածության առաջադրման հարցում մեծ դեր են խաղացել իմ մարդկային սկզբունքները։ Շատ կարևոր է, որ ներկայացվեն սկզբունքային անհատներ, որոնք կհավատան այն գործին, որն անում են»։

Արման Բաբաջանյանն ասաց, որ լավ է տրամադրված «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուի՝ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ, համարում է նրան բարձր պրոֆեսիոնալ ու պատրաստված թեկնածու։ Սակայն դեմ է քվեարկելու, որովհետև դեմ է ընդհանուր կարգին, որի հիման վրա ընտրվում են Հանձնաժողովի անդամները։

«Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանը շուրջ 15 տարի իրավապաշտպան գործունեություն է ծավալել, 2013 թվականից էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանի հիմնադրած «Իրավունքերի պաշտպանություն առանց սահմաների» ՀԿ-ի նախագահն է։ Պատգամավորներից մեկն այս առիթով մտահոգություն ուներ, ինչին Հարությունյանն արձագանքեց այսպես.

«Մենք ունենք և ունեցել ենք ընկերական հարաբերություններ, բայց կարծում եմ որևէ մեկը չի կարող մատնանշել փաստեր, որ մեր գործունեությունը՝ հենց 2013-ից սկսած, կրել է որևէ ազդեցություն կամ իշխանությունների նկատմամբ մեր դիրքորոշումը կաշկանդվել է»։

«Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին: Նա 2016 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ընդգրկվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբում, ՍԴ-ում եղել է խորհրդական, մասնակցել է 2017 թվականին ընդունված հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթների ստեղծման աշխատանքներին: Այս փաթեթի մաս է կազմել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որը 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո փոփոխվել է:

«Այս հանձնաժողովը դասական իմաստով չի կարող դիտարկվել որպես կոռուպցիայի դեմ պայքարող մարմին, որովհետև այդ պայքարը ներհատուկ է իրավապահ մարմիններին։ Այս մարմնին վերապահված չէ քննություն իրականացնելու իրավասություն քրեադատավարական առումով, այն չի ունենալու օպերատիվ բլոկ», - ընդգծեց Շաթիրյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն Նարեկ Համբարձումյանն է՝ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության մեջ մասնագիտացած քննիչ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին հետաքրքրում էր՝ ի՞նչ փոխկապակցվածություն ունի «Բարգավաճ Հայաստանի» հետ և ինչու են նրան առաջադրել այդ պաշտոնում։

«Ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ որևէ առնչություն չունեմ, որևէ կապ չունեմ, թե ինչու է խմբակցությունն ընտրել իմ թեկնածությունը, կարծում եմ՝ այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի խմբակցությունը», - ասաց Համբարձումյանը։ Նույն պատգամավորի հաջորդ հարցին, թե հնարավոր է ի պաշտոնե կաշկանդվի ԲՀԿ-ին առնչվող հարցերի քննարկման, որոշումների ընդունման հարցում, թեկնածուն ի պատասխան վստահեցրեց․ «Իմ գործունեության ընթացքում որևէ անձ երբեք չի կարողացել ներգործություն ունենալ իմ որոշումների վրա» ։

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուն Արամայիս Փաշինյանն է՝ մասնագիտությամբ տնտեսագետ, 15 տարվա փորձառությամբ, նաև՝ միջազգային կառույցներում: Նա պատգամավորներից մեկի խնդրանքով պարզաբանեց․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական կապ չունի, նրան չի ճանաչում, նրա հետ չի շփվել նույնիսկ՝ միջնորդավորված։