Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը նույնպես կարող էին «Վերնատուն» ակումբում լինել

նոյեմբերի 20, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

- Պարոն Հովհաննիսյան, կարծում եք Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը կարո՞ղ է լուրջ ընդդիմություն դառնալ:

- Ես կարծում եմ, որ պետք չէ լուրջ ընդունել, որովհետև երբ հիշում ես այդ մարդկանց անցյալը, տեսնում ես, որ նրանք քննադատության իրավունք ընդհանրապես չունեն։ Կարծում եմ՝ ժողովրդի ողջամտություն այսօր այնքան բարձր է, որ գիտեն յուրաքանչյուրի անցած ճանապարհը, միաժամանակ տեսնում են կատարված փոփոխությունները:

- Դրական թե բացասական, այդ գործիչները քաղաքական անցյալ ու փորձ ունեն։ Չե՞ք կարծում, որ նրանց գործունեությանը պետք է լուրջ վերաբերվել։

- Ընդհանրապես վտանգ չեմ տեսնում: Նրանք իրենց փորձառությունն ի նպաստ ժողովրդի բարօրությանը չեն դրել․ եղել է հսկայական կոռուպցիա, թալանելով երկիրը հասցրել են այս վիճակին: Զուգահեռաբար տեսնում ենք այս մեկուկես տարվա փոփոխությունները: Բնականաբար, մարդիկ հարց են տալիս, թե նախկինում ուր էին գնում այդ գումարները։ Ատկատով գնացել են տարբեր մարդկանց, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրպանները: Բա ինչպե՞ս են կառուցվել այդ հսկայական առանձնատները, ստեղծվել բիզնեսները։ Եվ երբ համեմատում ես այսօրվա երիտասարդ իշխանության հետ, հասկանում ես, թե որքան մեծ առավելություն է նման փորձառություն չունենալը։

- Վազգեն Մանուկյանը, որի նախաձեռնությամբ էլ ստեղծվել այդ ակումբը, նույնպե՞ս կոռումպացված է եղել։

- Չեմ կարող ասել, քանի որ նրա մասին նման լուրեր չեմ լսել։ Բայց նրանք չհայտարարեցին, որ քաղաքական միավորում են, «Վերնատունն» ընդամենը հասարակական-քաղաքական ակումբ է։ Հավաքվելու են, խոսելու են, քննադատելու են։ Եթե առողջ քննադատություն հնչի, բնականաբար օգտակար է իշխանությունների և երկրի համար։

- Ձեր կարծիքով այդ ակումբի ստեղծումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

- Մարդիկ դուրս են մնացել քաղաքական պրոցեսներից, ինչ-որ կերպ ուզում են ներգրավվել քաղաքականության մեջ։ Այդ ձևաչափն են հարմար գտել, քանի որ հասկացել են՝առանձին քաղաքական միավորներով դաշտում, առավել ևս ընտրություններում հաջողություն չեն ունենա: Հավանաբար մտածել են, որ միավորվելով կարող են կշիռ ունենալ։

- Կարծիքներ կան, թե Ռոբերտ Քոչարյանի թիմն է աջակցում ակումբին։ Հատկապես, երբ անդամները նրան սատարող ուժեր ու գործիչներ են:

- Մարզահամերգային համալիրը վարձելու և կազմակերպչական աշխատանքների համար գումար է անհրաժեշտ։ Եթե իշխանություններից պահանջում են թափանցիկ լինել, թող իրենք էլ լինեն, թող հրապարակեն, թե ֆինանսական միջոցներն ումից են ստացել: Վազգեն Մանուկյանին ուղղվեց այդ հարցը, բայց նա խուսափեց կոնկրետ պատասխանից։ Թող հրապարակեն՝ ովքեր են տվել, ինչքան են տվել։ Չեն ասում, ինչն արդեն կասկածների տեղիք է տալիս։ Կարծում եմ, լավ կլիներ, որ այնտեղ լինեին նաև Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը։

- Պարոն Հովհաննիսյան, չե՞ք կարծում, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականին ուղղված պահանջներն ու բողոքի ակցիաները արդարացի են, որ բուհերում հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունը ժամանակին կամ ճիշտ պայմաններում չի ներկայացվում:

- Կարծում եմ՝ հրաժարականի պահանջն ընդամենը քաղաքական մարտավարություն է, և նպատակը գործող իշխանությանը թուլացնելն է։ Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի նպատակը հնարավորինս շատ դիվիդենտներ շահելն է, իսկ դիվիդենտներ շահում են՝ իշխանություններին քննադատելով։ Քանի որ գործող ուժն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեն բավականին մեծ հեղինակություն, դա են ցույց տալիս վերջին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության սոցիոլոգիական հարցումները, պարբերաբար մամուլի միջոցով ու ֆեյքային արշավներով փորձում են թիրախավորել որևէ մեկին՝ հարված հասցնելով ժողովրդի վստահության քվեին։

- Հնչում են քննադատություններ, որ մինչև բուհերին հասնելը նախ պետք էր դպրոցներում կրթության վիճակը բարելավել։

- Իսկ ով ասաց, որ բուհերից ենք սկսել: Բարեփոխումները տեղի են ունենում տարբեր ճակատներով՝ նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, միջին մասնագիտական, ինչպես նաև բուհական համակարգում։ Որևէ մեկը չի ասում, որ բուհական համակարգի թարմացմանն ու առողջացմանն ուղղված լավ նախաձեռնություններ կան։ Օրինակ, կրեդիտների փոխանցելիության սկզբունքը, որը տարիներ առաջ ստանձնել էինք Բոլոնյան համակարգի ներդրմամբ, բայց չէր իրականացվում։ Այսինքն՝ մի բուհից քո կրեդիտները կարողանում ես տեղափոխել մեկ այլ բուհ և ընտրել այն դասախոսին, որի մոտ ուզում ես դրանք հավաքել։ Այդ համակարգը կբերի զտման, մաքրման, կրթության որակի բարձրացման։

- Արայիկ Հարությունյանը Դաշնակցությանը հակադարձեց՝ այդ կուսակցության նախարարների գործունեությունը հիշելով, քրեական գործերով լի արկղեր ուղարկել խոստանալով։ Պատկերացում ունե՞ք, թե ինչի գործերի մասին է խոսքը։

- Որոշակի պատկերացում ունեմ, բայց այդ մասին չեմ ուզում խոսել։

-Ամեն դեպքում, ի՞նչ գործերի մասին էր ակնարկում նախարարը։

- Արդեն իսկ շատ քրեական գործեր են հարուցվել։ Տեսեք, որքան դպրոցի տնօրեններ են մեղադրվել չարաշահման մեջ։ Միայն Գյումրիում 4-5 տնօրենների նկատմամբ գործ է հարուցված։

- Դրանք առնչվո՞ւմ են ՀՅԴ-ին:

- Չեմ կարող ասել: