Քրեական ենթամշակույթը՝ օրենքով պատժելի

նոյեմբերի 8, 2019

Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար։ Օրինագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ նախ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ապա ձայների 70 կողմ, 10 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ լիագումար նիստում ։ 

Ըստ նախագծի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանած ու ճանաչած վարքագծի կանոնների համաձայն և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը: 

Քրեական ենթամշակույթ կրողները, նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ձևակերպմամբ, նպաստում են Հայաստանում հանցագործությունների աճին, հանցագործությունների մեջ ներգրավում են անչափահասների, հետևաբար՝ նախագծերի փաթեթով խնդիր է դրվում քրեական պատասխանատվություն նախատեսել: Նախարարի կարծիքով՝ հատկապես պատժելի է քրեակատարողական հիմնարկներում մոլախաղերի միջոցով դրամական միջոցների հավաքագրումը, քրեական տարրերի միջոցով այդ գումարների տնօրինումը։

Կառավարությունն առաջարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար պատիժ սահմանել ազատազրկումը՝ 5-10 տարի ժամկետով: Եթե նույն արարքը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, զինված ուժերում, անչափահասի ներգրավմամբ, ապա ավելի խիստ պատիժ է սահամանվում՝ 8-12 տարվա ազատազրկում: 

Քրեական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխություններով քրեական պատիժ է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար. նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում: Քրեական պատիժ է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով օգուտ ստանալու համար: Պատիժն այս արարքի համար 3 տարվա ազատազրկում է։ 

Նախագծերի հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթում պնդեց, որ քրեական ենթամշակույթին հարող անձինք նախկինում մասնակցել ու ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների վրա, իսկ իշխանությունները լոյալություն են ցուցաբերել այս խմբի նկատմամբ։ «Այո, այսօր մենք ունենք զրո հանդուրժողականություն այս երևույթի նկատմամբ, ինչը պետք է ամրագրված լինի Քրեական օրենսգրքում», -հայտարարեց Բաղդասարյանը՝ նկատելով, որ գործող իշխանություններն այս քայլով ընդգծում են իրենց քաղաքական կամքը երևույթի դեմ պայքարում։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրերս Բաղդասարյանի հասցեին սպառնալիք պարունակող արտահայտություն էր արել՝ թող հետ կանգնի այս նախագծից, չէ՞ որ երեխա ունի։ «Կան պատգամավորներ, որոնք փորձում են հովանավորել քրեական ենթամշակույթը։ Սակայն չի ստացվելու, հետքայլ չկա, և բոլորը օրենքով պատժվելու են»,– նշեց Բաղդասարյանը՝ ակնարկելով Վարդան Ղուկասյանին։

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ վերապահումներ ուներ խորհրդարանական ընդդիմությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «մեռելածին» որակեց առաջարկվող փոփոխությունները։ Պատգամավորը հարցում է արել գլխավոր դատախազություն և պարզել, որ վերջին 3 տարում հանցավոր համագործակցության հոդվածով երկու քրեական գործ է հարուցվել։ «Այս տվյալը ցույց է տալիս, որ մենք եղածը չենք օգտագործում, մի հատ էլ մեռելածին հոդված ենք գրում, որ էլի չօգտագործենք»,-հայտարարեց նա: 

ԼՀ պատգամավորի դիտարկմամբ՝ իրենք կողմ են օրենքի գաղափարին, բայց նախագծում թերություններ ու իրավական անորոշություններ կան։ «Եթե մենք միայն օրենք ենք ընդունում և դեռևս շարունակում ենք հեռուստացույցով ցուցադրել այնպիսի ֆիլմեր, սերիալներ, որոնք գովերգում են այդ երևույթը, առաջանում է ռոմանտիզմ այդ նույն քրեական մշակույթի կամ ենթամշակույթի նկատմամբ», -նշեց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է սկսել կրթական հաստատություններից։ 

Կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթին կտրուկ դեմ էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ մարդուն պատասխանատվության պետք է ենթարկել միայն կատարած արարքների համար։ «Որտեղ կա իրավական անորոշություն, այնտեղ դրսևորվում է կամայականություն։ ԲՀԿ դիրքորոշումն է՝ պատասխանատվություն բացառապես արարքի համար, մարդը պետք է պատժվի իր գործած արարքի համար», –հայտարարեց Պետրոսյանը: 

Նախագծի քվեարկությունից առաջ հեղինակները նշեցին՝ եթե ընդդիմադիրների հիմնական մտահոգությունը ձևակերպումներն են, պատրաստ են մինչև երկրորդ ընթերցում գտնել առավել ընդունելի ձևակերպումներ: