Երբ «Իմ քայլը» մեզ մեղադրում է պոպուլիզմի մեջ, ես ծիծաղում եմ. Է․ Մարուքյան

նոյեմբերի 28, 2019

-Պարոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ։ Իշխանությունը սա աննախադեպ երևույթ է համարում։ Դո՞ւք ինչպես եք գնահատում։ 

-Մենք էլ ենք կարևոր քայլ համարում։ Շատ ենք խոսել, որ պետական կառավարման ոլորտում վերահսկողական գործառույթները պետք է տրվեն ընդդիմությանը։ Սա չի նշանակում, թե պաշտոնը տրվում է ինձ կամ կուսակցությանը։ Վերջին հաշվով հանձնաժողովի անդամները ընտրվելու պահից պետական պաշտոնյաներ են, անկախ են, ենթարկվում են միայն օրենքին, Սահմանադրությանը և իրենց խղճին։ Այսինքն՝ մեզ հետ կապ չունեն, մենք չենք ղեկավարելու այդ մարմինները։

-Բայց դուք եք առաջադրել թեկնածում, և ենթադրվում է՝ նրա առաջ նաև պայմաններ եք դրել։

-Պայմանը հետևյալն է՝ ծառայել պետությանը և լինել բարեխիղճ։ Պայմանը դա է։ Յուրաքանչյուր պաշտոնում երբ թեկնածու ենք առաջադրել, այդ պայմանն ենք դրել։ ԲԴԽ-ն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մարմիններ են, որոնք մեզ հետ այլևս գործ չունեն։ Մենք որևէ ազդեցություն այդ մարմինների վրա չունենք և պետք է չունենանք, որովհետև այդ մարմինները նաև մեզ են վերահսկելու, այդ մարմիններով անցնելու են նաև մեր հայտարարագրերը։ Մեր խնդիրն էր տալ հնարավորինս այնպիսի կադր, որը ժողովրդի լեզվով ասած՝ մեր երեսը պարզ անի ու իր գործն այնպես անի, որ մենք էլ հպարտանանք, իսկ բոլոր քվեարկողներն էլ չզղջան իրենց քվեարկության համար։ Ես զրուցել եմ տիկին Հարությունյանի հետ և ասել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ֆունդամենտալ նշանակություն է ունենալու, որովհետև իրենք ինչ հիմք դրեցին, հետո այդպես գնալու է։ Վատ դրեցին հիմքերը, այդ հանձնաժողովը չի կայանալու և խայտառակվելու են բոլորը։ Ես վստահ եմ, որ հիմքերը լավ են դրվելու։ 

–Իշխանության, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն առաջադրվել էր Հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բայց չընտրվեց։ Ինչպե՞ս եք գնահատում։

–Ես տեղյակ չեմ եղել, թե ով ինչպես է քվեարկելու։ Բայց իմացել եմ, որ Հայկուհի Հարությունյանը պետք է առաջադրվի նախագահի պաշտոնում։ Ինքս էլ շատ եմ ուզել, որ նա առաջադրվի ու ընտրվի։ Բայց մեր ազդեցությունը զրոյական է։ Հանձնաժողովի անդամները, ենթադրում եմ, հաշվի առնելով մարդու անցած ճանապարհը, կազմակերպական ջիղը, ընտրել են նրան։ 

–«Իմ քայլի» ներկայացուցիչը համարվում էր «ներսի» մարդ՝ երկար տարիներ աշխատել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում, ծանոթ էր համակարգին։ Ի՞նչ եք կարծում, նրան ընտրվելու երաշխիքներ չե՞ն տրվել։

–Փաստ է, որ իշխանությունը չի խառնվել, չի միջամտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացին։ «Իմ քայլի» ներկայացուցիչը, որը խորհրդարանում ամենաշատ ձայներ էր ստացել, հավակնել է, որ լինի Հանձնաժողովի նախագահ, բայց չի ընտրվել։

–Դեռ գործունեությունը չսկսած՝ հանձնաժողովն արդեն թափուր պաշտոն ունի։ Ճգնաժամային իրավիճակ կա՞։ 

–Ճգնաժամ չկա, ցանկացած պահին ցանկացած անդամ կարող է հրաժարական տալ։ ԲԴԽ-ում էլ հիմա թափուր տեղ կա։ «Իմ քայլի» տեղն է դա, նրանք թեկնածու կառաջադրեն, կընտրենք։ Հանձնաժողովն արդեն սկսել է գործել, ժամկետները սեղմ են, անելիքը՝ շատ։ 

-Պարոն Մարուքյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցներից հետո տպավորություն է ստեղծվում , որ նա քաղաքական հայտ է ներկայացնում։

-Առաջինը ես եմ ասել, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում հենց այն ժամանակ, երբ վարչապետի հետ պալեմիկայի մեջ էր։ Վանեցյանը վարչապետի պրոբլեմն է իշխանությունն այդ մարդուն բերել է առաջին պլան, սարքել կարևոր քաղաքական դեմք, ու հիմա նա դուրս է եկել իշխանությունների դեմ։ Իշխանությունը պետք է ազնիվ լինի ու ասի, թե ինչու է Վանեցյանն ազատվել աշխատանքից։ Երբ հրապարակվեն ու մատնանշվեն այդ խնդիրները, կարող ենք հետևություններ անել։

-Վանեցյանը մի հայտարարություն էլ արեց, որը շատերի կողմից տարօրինակ համարվեց նշեց, որ «Սորոսի հիմնադրամը» վտանգավոր է Հայաստանի համար։

-Վտանգավոր էր, թող գործողություններ աներ, իսկ եթե կարծիք կա, որ ցանկացել է գործողություններ անել, բայց իշխանությունը թույլ չի տվել, թող հայտարարի։ Թող ասի, մենք կպաշտպանենք։ Թող ասի, ես գործողություններ եմ ցանկացել անել, վարչապետը թույլ չի տվել, մենք նրան կպաշտպանենք։ Ի՞նչ խնդիր կա։ Իշխանությունը մենք բազմիցս քննադատել ենք կադրային քաղաքականության համար, և սա ևս կադրային քաղաքականության պրոբլեմ էր, ձախողում։

-Պարոն Մարուքյան, ԵԺԿ համագումարում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունը հանձնել է պոպուլիստներին։ Կա՞ նման բան. պոպուլիստնե՞րն են եկել իշխանության, ի՞նքն է հանձնել իշխանությունը։ 

-Երբ Արմեն Աշոտյանը բյուջեի քննարկման ժամանակ տարիներ առաջ ասում էր՝ մեր ծրագրով բոլոր առաջին դասարանցիները նոութբուքներ են ստանալու, հիշո՞ւմ եք։ Դա պոպուլիզմ է՞ր, թե ոչ։ Պոպուլիզմ էր, չէ՞։ Ժողովրդահաճո բան էր, բայց չեղավ։ Հիմա քաղաքական գործունեության մեջ ընդդիմախոսներին մեղադրել պոպուլիստ լինելու մեջ, անիմաստ քննադատություն է, որովհետև քաղաքական գործիչները լինում են պոպուլիստ։ Օրինակ, ես շատ քննադատվում եմ այն բանի համար, որ պոպուլիզմով չեմ զբաղվում, այսինքն՝ չեմ ասում ժողովրդահաճո բաներ, որոնք հետո չեն լինելու։ Հիմա ասել, թե իշխանությունը հանձնել է պոպուլիստներին, ինչ ասեմ... նախ իշխանությունը Սերժ Սարգսյանը չի հանձնել։ Նա իշխանություն չուներ, որ հանձներ, ժողովուրդն իշխանությունը վերցրել էր իր ձեռքը, և այդ որոշումն ի կատար է ածվել։ Պոստ ֆակտում բողոքել դրանից, թող բողոքի։

-Դուք ասում եք՝ պոպուլիզմով չեք զբաղվում, բայց բյուջեի քննարկման ժամանակ, իշխանական պատգամավորները Ձեզ մեղադրում էին պոպուլիստական հայտարարություններ անելու մեջ։

-Երբ «Իմ քայլը» մեզ մեղադրում է պոպուլիզմի մեջ, ես ծիծաղում եմ։ Այսինքն՝ պոպուլիզմի առաջամարտիկները մեզ քննադատում են պոպուլիզմի համար։ Նորմալ է, ինչ ասեմ, թող քննադատեն։ Այսինքն՝ որ մի տեղ քանդված մանկապարտեզ կա, ասում ենք՝ վերանորոգեք, դա պոպուլի՞զմ է, բա փող եք հավաքել, կապիտալ ծախսերն ինչո՞ւ չեն իրականացվել, 100 տոկոս կապիտալ ծախսից 60 տոկոսը չի իրականացվել։ Էդ գումարները Կենտրոնական բանկում նստած են, դրամը արժևորվում է, բա ծախսեք էդ փողերը, չեք կարողանում աշխատել։ Բա մենք էլ ծրագրեր ենք բերում, ասում ենք՝ էս ծրագրի վրա գոնե ծախսեք, մի նստեք էդ փողի վրա, որ տնտեսությունը շարժվի առաջ։