Պատգամավորն առաջարկում է վճարել 10 մլն դրամ և ծառայել 1 ամիս, ՊՆ-ն հակադարձում է

դեկտեմբերի 1, 2019

Ազգային ժողովի  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել Զինված ուժերում ծառայության վերաբերյալ նոր օրինագիծ, որն արդեն հասցրել է քննադատների մեծ բանակ հավաքել։ Օրենքի նախագիծը կարգավորում է մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորն առաջարկում է մեխանիզմ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների կարող են պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ և բանակում հատուկ արագացված ընթացակարգով ծառայել 1 ամիս: Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

Օրինագծում պատգամավորը բացատրել է, թե ինչ է նշանակում «արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն»՝ զինվորական ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կներկայանա զորահավաքներին:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին կհամարվի զինծառայող, նրան կամրակցվեն զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա կտարածվեն ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու կարգը  կսահմանի կառավարությունը:

Օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները նույնպես կարող են օգտվել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունից։ Դրա համար նրանք պետք է դիմում ներկայացնեն այդ երկրում ՀՀ դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո կփոխանցվի պաշտպանության նախարարությանը: Դիմումը կքննարկվի, և քաղաքացուն պատասխան կտրվի մեկ ամսվա ընթացքում:

Վճարվող գումարը, ըստ պատգամավորի, կօգտագործվի ռազմական կարիքների բավարարման համար՝ կառավարության սահմանած կարգով:

Թիրախը Սփյուռքն է

Պատգամավորի ներկայացրած նախագիծն այնքան ոչ միանշանակ է ընդունվել, որ նա որոշել էր հանդես գալ մամուլի ասուլիսով ու ներկայացնել պարզաբանումներ։ Նախագծի ընդդիմախոսները տեսնում են սոցիալական անարդարության հաստատման, բանակից գումարով խուսափելն օրինականացնելու վտանգ, ունեն անվտանգության հետ կապված մտահոգություններ։

Հայկ Սարգսյանը նախ հայտարարեց, որ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ կանխատեսել է նման իրավիճակ, նույնիսկ իմացել է՝ ով ինչ քննադատություն է հնչեցնելու։ Հետո ասաց, որ շատ քաղաքացիներ գտնվում են արտերկրում ու ցանկանում են վերադառնալ Հայաստան, և օրինագիծը հենց նրանց համար է։ «Ես ուզում եմ տալ նրանց այդ հնարավորությունը։ Այսօր գործող օրենքով մենք ասում ենք՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացին կարող է գալ Հայաստան, վճարել 3,6 մլն դրամ ու չծառայել բանակում։ Իսկ ես առաջարկում եմ, որ մինչև 27 տարեկան քաղաքացին գա, վճարի երեք անգամ ավելի գումար ու մեկ ամիս արագացված ծառայություն անցնի Զինված ուժերում», -ներկայացրեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ օրինագծի թիրախում հիմնականում Սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիներն են։ Դիտարկմանն ի պատասխան, թե օրինագիծը սոցիալական անարդարության հիմքեր է ստեղծում, Սարգսյանը նշեց«Սոցիալական անարդարություն հիմա էլ կա՝ մեկը գնում է բանակ ծառայության, մյուսը՝ արտերկիր սովորելու ու մնում այնտեղ մինչև 27 տարեկան«։

Պատգամավորը նաև ասաց, որ պաշտպանության նախարարի հետ պայմանավորվել է՝ կխոսեն, կքննարկեն։ Իսկ պաշտպանության փոխնախարարի ու բարձրաստիճան սպաների հետ քննարկումներում եկել են եզրահանգման՝ օրինագիծը պահանջում է համակողմանի ուսումնասիրություն, քննարկումներ։

ՊՆ-ն հակադարձում է

Պաշտպանության նախարարությունից օրինագծին խորհրդարանում արձագանքեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով, որ պաշտպանության նախարարությունը գործող ձևաչափի փոփոխության չի գնալու։

Բալայանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել է, թե արդյոք նախագիծը քննարկվել է խմբակցությունում և ստացել է բացասական պատասխան։ «Դուք գիտեք, որ մինչև տարեվերջ ուժի մեջ է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցնելու մասին» օրենքը։ Մենք, որպես գործադիր իշխանություն, հայտարարում ենք, որ օրենքի գործողությունը չի երկարելու։ Այս տրամաբանության մեջ պետք է ընդունել պաշտպանության նախարարության դիրքորոշումը», -ասաց ՊՆ փոխնախարարը։

Կառավարության ներկայացուցիչը հստակ չպատասխանեց հարցին՝ դե՞մ են Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, թե՞ ոչ։ Նա միայն պնդեց, որ ՊՆ-ն ունի հստակ դիրքորոշում՝ գործող օրենքի ժամկետը չի երկարաձգվելու։

«Գործող ձևաչափի փոփոխություն պաշտպանության նախարարությունը չի քննարկում և ընդունելի չի համարում», -նշեց Բալայանը։

Հարցին, թե հնարավոր է մեկ ամսում զինվորական պատրաստության կուրսեր անցնել, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Գոյություն ունի առնվազն հինգ ամսվա ուսումնական փուլ, որի ընթացքում զինծառայողները ստանում են գիտելիքներ ու հմտություններ հետագա ամիսներին կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտարկել այդ ուսումնական փուլի կրճատ տարբերակը։ Ես չեմ պատկերացնում... միգուցե կա միջազգային փորձ, որին հղում է անում պարոն Սարգսյանը», -ընդգծեց Բալայանը։