Կառավարությունը ՍԴ դատավորներին «պատվով հեռանալու» հնարավորություն է տալիս

դեկտեմբերի 2, 2019

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն Ազգային ժողովը չկարողացավ լուծել, և այժմ հերթը կառավարությանն է։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովի դատին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով, նրա խոսքով, լուծում է տրվում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամին։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում նախագծի քննարկումն անցավ թեժ մթնոլորտում։

Նախագծով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի հնարավորություն է տրվում։ Նշվում է, որ եթե նրանք մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ինքնակամ թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը:

«Սա, ըստ էության, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հերթական նախաձեռնությունն է հնարավորություն ենք տալիս հանրության վստահություն չվայելող դատավորներին պատվով հեռանալու», -ասաց նախարարը։

Բադասյանի խոսքով՝ ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Օրինակ, Վրաստանում ՍԴ դատավորին հրաժարականը ներկայացնելիս հնարավորություն է տրվում պահպանել այդ պահին ունեցած աշխատավարձը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրության մեջ օգտագործվում են «պատվավոր հեռանալ», «պատվավոր հեռացնել» տերմինները։

«Մենք էլ ենք նույն իմաստը դնում՝ ասելով, որ հանրության ցածր վստահության մակարդակը դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ լուծելու առումով մենք կոնկրետ անձանց վիրավորելու կամ նրանցից ուղղակի ազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտն ենք փորձում ներդնել՝ պահպանելով իրենց սոցիալական երաշխիքները», - հստակեցրեց Բադասյանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են նախագծին, քանի որ վստահ են՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը փորձեց հասկանալ, թե ինչու է այս ճանապարհն ընտրվել միայն ՍԴ դատավորների և ոչ, օրինակ, Վճռաբեկ դատարանի կամ այլ դատավորների համար ու հավելեց. «Ես էլ շատ կուզեմ, որ իմ մնացած չորս տարիների աշխատավարձը տաք, ես գնամ ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում»։

Կառավարության առաջարկությունից Պետրոսյանը հասկացել է մեկ բան՝ գործադիրը փորձում է ազատվել Սահմանադրական դատարանի դատավորների մի մասից։

«Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել։ Այսինքն, այն դատավորներին, որոնք ձեզ վստահություն չեն ներշնչում, ասում եք՝ գնացեք, անհոգ կյանքով ապրեք: Սա ի՞նչ տրամաբանություն է: Եթե մարդը անվստահություն ա ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ եք տալիս: Իմա՞ստը», -հայտարարեց Պետրոսյանը։

Ռուստամ Բադասյանը բացատրեց՝ ճգնաժամ ասելով՝ նկատի ունեն ՍԴ-ի նկատմամբ հանրության վստահության պակասը։ Հարկատուների կարծիքի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը հակադարձեց. «Ես տարբեր ոլորտներում եմ աշխատել ու շատ լավ գիտեմ հարկատուի վերաբերմունքն իր վճարած հարկերի նկատմամբ։ Որոշ մտահոգություններ առաջացնում է, բայց հանրությանը պետք է տալ հաջորդ հարցը՝ որքան է պատրաստ հարկ վճարել ու աշխատավարձ տալ այն պաշտոնյաներին, այն անձանց, որոնց նկատմամբ վստահությունը ցածր է։ Դրանով մենք հարկատուներին ավելի վնաս չե՞նք հասցնում»։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը վստահ պնդեց՝ Սահմանադրական դատարանում կամ դրա շուրջ ճգնաժամ չկա։ Նա վկայակոչեց օրինագծին կցված հիմնավորումը, թե ակնկալվող արդյունքը 2015-ի սահմանադրական փոփոխություններով ամրագրված Հայաստանի ժողովրդի կամքը կյանքի կոչելն է ու Բադասյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս կարծում են, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով ժողովրդի կամքն է ամրագրվել, եթե այո, ապա դրանով հակասում են կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե այդ հանրաքվեով ժողովրդի կամքը չի արտահայտվել։

«Եթե պատասխանեք՝ ոչ, չի ամրագրվել ժողովրդի կամքը, և կիսեք պարոն Փաշինյանի կարծիքը, ապա ո՞ւմ կամքն եք այս նախագծով կյանքի կոչում: Ես, որքան գիտեմ, քաղաքական բոլոր ընդդիմախոսների, նաև Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս փոփոխություններով ամրագրվել է Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կամքը»:

Նախարարը ուներ այդ դիտարկման պատասխանը«Կարծես ինձ հիմա հուշում են, որ վերջնական տեքստում «ժողովրդի կամքը» արտահայտությունը հանված է»:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն անընդունելի է համարում նախագիծը։ Նրա պնդմամբ՝ օրենսդրական այս փոփոխությամբ իշխանությունը թիրախավորել մեկ մարմին և մեկ մարմնում՝ մեկ մարդու:

Մարուքյանը համոզված է՝ Սահմանադրականի դատարանի այն դատավորը, որը դիմում կգրի և այս փոփոխության շնորհիվ վաղաժամ թոշակի կգնա, մասնագիտական ինքնանվաստացման ճանապարհով է անցնելու։

«Իրավական տեսանկյունից ո՞նց եք պատկերացնում, որ մեզ համար կարող է ընդունելի լինել, որ 600-ից ավելի միլիոն դրամ տաք, որ դատավորները դիմում գրեն, գնան իրենց տանը նստեն, բարձր աշխատավարձով երիտասարդ թոշակառուներ դառնան: Այստեղ անմարդկային բան էլ կա որ դատավորը թոշակի գնալու դիմում գրի, նա մասնագիտական ինքնանվաստացման գործընթացով է անցնելու, նվաստանալու է որպես մասնագետ: Մենք դեմ ենք այս նախագծին», -հայտարարեց Մարուքյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովականներին հիշեցրեց սահմանադրական հին կարգավորումների մասին ու ասաց, որ միայն 2035 թվականին կարող է նոր Սահմանադրական դատարան ձևավորվել։ «Այդ ժամանակ ես կլինեմ 58 տարեկան», նկատեց Վարդանյանը։

Նա նաև հակադարձեց ընդդիմադիր գործընկերներին՝ եթե ՍԴ-ում ճգնաժամ չկա, ինչո՞ւ Սահմանադրական դատարանը 2018-ի ապրիլից հետո չի կարողանում ՍԴ փոխնախագահ ընտրել։ Ի վերջո, նրա խոսքով, ՍԴ դատավորները որևէ լեգիտիմ իրավունք չունեն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում մինչև 2035 թվականը։

«Սա բնականոն սահմանադրական զարգացո՞ւմ է, եթե այո, ապա ՍԴ-ում ճգնաժամ չկա», -հավելեց Վարդանյանը։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք լիագումար նիստերի օրակարգ, այն քննարկվելու է արագացված՝ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու ընթացակարգով:

Որպես սահմանադրական օրենքում կատարվող փոփոխություն ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանի առնվազն 3/5-ի կամ 79 պատգամավորի աջակցությունը: