Խորհրդարանական մեծամասնությունը մտափոխվել է

դեկտեմբերի 4, 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական, երկրորդ ընթերցմամբ մերժվեց։ Նախագծին կողմ քվեարկեցին միայն ԼՀ խմբակցության պատգամավորները, «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն դեմ էին։

Ուշագրավ է, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին, նախագիծն ընդունվել էր 112 կողմ ձայնով, առանց դեմի: Հոկտեմբերի 23-ին՝ 15 կողմ, 94 դեմ ձայնով, նախագիծը մերժվել էր, և որոշվել էր այն վերադարձնել երկրորդ ընթերցման ռեժիմ, այսինքն՝ տրամադրել ևս երկու շաբաթ ՝ նոր առաջարկներ ներկայացնելու համար:

Խոսքը, հիշեցնենք, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթի մասին է:

ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանապետի պաշտոններում, ըստ նախագծի, կարող են նշանակվել ԱԺ պատգամավորի թեկնածուի համար Սահմանադրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում բնակված, 25 տարին լրացած անձինք: Գործող օրենսդրությամբ այդ պաշտոններում նշանակվում են համակարգի ներկայացուցիչները, «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր ազատականացնել այդ պաշտոններում նշանակումները: Մինչդեռ օրենսդրական նախաձեռնության ընդդիմախոսները պնդում էին, որ ուժային կառույցների ղեկավարները պետք է պարտադիր լինեն համակարգի ներկայացուցիչներ՝օժտված օպերատիվ-հետախուզական համապատասխան գիտելիքներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնիսկ հիշեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախորդ քննարկումներում հանդես է եկել հատուկ ելույթով՝ պաշտպանելով օրինագծերի փաթեթը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ օրենսդրական փաթեթը երկար է քննարկվել. փորձել են գտնել լուծումներ, որոնք թույլ չեն տա համակարգերի խարխլումը: «Բոլոր ջանքերը ներդրել ենք, փորձել ենք գտնել մի լուծում, որով կազատականացվեին այդ կառույցների ղեկավարները, բայց հարց է առաջացել՝ ի՞նչ անել տեղակալների հետ: Տեղակալներն ունեն պատվիրակված լիազորություններ, նրանք ինքնուրույն չեն, հետևաբար՝ պետք էր ազատականացնել նաև տեղակալների պաշտոնները, ինչը կհակասի Սահմանադրությանը», -մեծամասնության դիրքորոշումը ներկայացրեց Վարդանյանը:

Ըստ իշխանական պատգամավորի՝ այս փուլում Սահմանադրության կարգավորումները թույլ չեն տալիս ունենալ և սահմանադրական, և համակարգը չձևախեղող լուծում: Վարդանյանը տեղեկացրեց, որ կա կոնսենսուս այս խնդրին անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակում:

Կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, հայտարարեց՝ կառավարությունը չի հրաժարվել իր նախկին մոտեցումներից:

«Ուզում եմ հստակ արձանագրենք այն միտքը, որ գործադիրում այս հարցի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել՝ մենք ազատականացման կողմնակիցն ենք», -ասաց փոխնախարարը: Գրիգորյանի խոսքով՝ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում բարեփոխումների ընթացքը պետք չէ կասեցնել, սակայն այս փուլում նման լուծումը մասնակի, ոչ ամբողջական քայլ կլինի:

Քննարկումը ստիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հանդես գալ արտահերթ ելույթով.«Պարո՛ն Մարուքյան, ի սկզբանե դուք բերել էիք նախագիծ, որտեղ գրված էր, որ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոններին կարող էին նշանակվել համակարգից դուրս մարդիկ, և դա մեկ աստիճանով կավելացներ թափանցիկությունն ու վերահսկողությունը։ Մենք ողջունեցինք գաղափարը և ասացինք, որ պետք է գտնել այլ լուծումներ, որովհետև միայն այդքանով չի կարող լինել. օրինակ, եթե նշանակվում է համակարգից դուրս մեկը, խնդիր է առաջանում Սահմանադրության հետ, որովհետև ֆիքսված է, որ սրանք բարձրագույն խմբի զինվորական պաշտոններ են, որոնց նշանակում է նախագահը։ Եթե նշանակում ենք համակարգից դուրս, ապա պետք է տանք գեներալի կոչում, իսկ սա մի պրակտիկա է, որը մենք բազմիցս քննադատել ենք նախորդ տարիների ընթացքում, հետևաբար՝չէինք ուզում կրկնել նույնը: Պարզապես չէինք ուզում մեր գաղափարակից ընկերոջը նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնում ու նրան տալ գեներալի կոչում»։

Ըստ Միրզոյանի՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այս խնդիրը կարգավորելու համար երկու շաբաթ աշխատել է, փորձել է գտնել այլ լուծումներ, որոնք, սակայն, առաջացրել են հավելյալ հարցեր.

«Հիմա, էս նոր լուծումներով ասում ենք՝շատ լավ, դե դա թող չլինի բարձրագույն զինվորական պաշտոն. լինի վարչական, իսկ քանի որ տեղակալները փոխարինում են ղեկավարներին, եկեք տեղակալներինն ազատականացնենք։ Իսկ եթե տեղակալին համակարգի ներսից ենք նշանակում, ստացվում է՝ նա զինվորական ծառայություն է անցնում, որը պետք է կասեցնել։ Այսինքն՝ մարդը երկար տարիներ աշխատել է, դարձել է գնդապետ և հիմա պետի տեղակալ նշանակվելու համար պետք է դադարեցնի ծառայությունը։ Էսպիսի խնդիրներ են առաջանում, մենք այս նախագծի արժեքաբանության, թափանցիկ դարձնելու հետ խնդիր չունենք, դեռ մի բան էլ մեզ համար էր լավ՝ կնշանակեինք քաղաքական թիմի անդամներ, բայց այս լուծումները չեն լինում, չեն կպնում իրար, համակարգի ամբողջականության տեսանկյունից դառնում է թերի մի բան։ Էդպես չի լինի, եկեք այլ բան մտածենք»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԼՀ խմբակցության ղեկավարին ու պատգամավորներին հարց ուներ. «Պարոն Մարուքյան, ինքս իրավաբան չեմ, բայց ձեր խմբակցության 1/3-ն իրավաբաններ են, ինչո՞ւ այնպիսի նախագիծ չեք բերել, որ նման հարցեր չառաջացներ»: