Կառավարությունը մերժել է խորհրդարանի առաջարկների մեծ մասը

Կառավարությունը Ազգային ժողովի երեք խմբակցություններից ու առանձին պատգամավորներից 2020թ. բյուջեի նախածի վերաբերյալ ստացել է 225 առաջարկություն: Դրանց կեսից ավելին՝ 151-ը, ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, 46-ը՝ ԲՀԿ-ն, 28-ը՝ «Իմ քայլը»:
Կառավարության էլեկտրոնային ամփոփաթերթ-պատասխանից հստակ հնարավոր չէ հասկանալ, թե խորհրդարանի առաջարկություններից քանիսն են ընդունվել, քանիսը՝ ոչ: Մեծ մասի վերաբերյալ կառավարությունը գրել է, որ առաջարկն իրականացվում է կամ կիրականացվի այս կամ այն ծրագրի շրջանակում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության 151 առաջարկությունների մեծ մասը վերաբերում է ճանապարհահատվածների, տարբեր նշանակության պետական օբյեկտների, ջրագծերի վերանորոգմանը: Կան նաև առողջապահության, կրթության ու այլ ոլորտներին վերաբերող մի շարք ծրագրեր: Կառավարությունը ԼՀ-ի առաջարկների մի զգալի մասը պարզապես մերժել է, մյուս մասի վերաբերյալ գրել, որ դրանց հնարավոր կլինի անդրադառնալ հետագայում՝ տարբեր ծրագրերի ու հատկացումների շրջանակում:
ԼՀ առաջարկներից մեկի՝ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի 4 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման մասին կառավարությունը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ այն արդեն հիմնանորոգված է: ԼՀ-ն դրա համար կառավարությանը առաջարկել էր հատկացնել 70 մլն դրամ:
ԼՀ խմբակցությունը կառավարությանը նաև առաջարկել է մինչև երեխայի 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու ծրագրում ընդգրկել լրացուցիչ դրամական միջոցներ և ծրագրի շահառուների համար նախատեսված չափանիշները մեղմացնել: Ըստ խմբակցության՝ դա հնարավորություն կտա ավելի շատ կանանց ընդգրկվել ծրագրում, իսկ սոցիալական ծրագրի ընդլայնումը կնպաստի ծնելիության աճին: Կառավարությունը պատասխանել է, թե ծրագրում կատարվելիք փոփոխությունների հարցը կքննարկվի սոցիալական ոլորտի հատկացումների շրջանակում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 46 առաջարկներից 16-ը կառավարությունը մերժել է, մյուսների դեպքում տրվել են նույն պատասխանները, ինչից հնարավոր չէ կոնկրետ հասկանալ՝ մերժվե՞լ են, թե՞ ոչ: Առաջարկություններ ներկայացրել են թե խմբակցությունը, թե առանձին պատգամավորներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու այլոք:
Խմբակցությունն, օրինակ, կառավարությանը հորդորում էր բարձրացնել նվազագույն ծերության կենսաթոշակը՝ 25 500 դրամից դարձնելով 2020թ-ի համար կանխատեսվող պարենային զամբյուղի արժեքի չափ՝ 36 000 դրամ: Գործադիրը մերժել է՝ առաջարկը սոցիալական արդարության տեսանկյունից անընդունելի համարելով: Մերժվել է նաև ծերության կենսաթոշակը նվազագույն աշխատավարձի չափ՝ 68.000 դրամ դարձնելու առաջարկը:
Պատգամավոր Վարդան Վարդանյանի՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի փակված պոլիկլինիկաներից մեկի վերաբացմանը վերաբերող առաջարկությունն էլ գործադիրը խոստացել է քննարկել առաջիկա տարիների բյուջեների շրջանակում:
«Իմ քայլը» խմբակցության անունից առաջարկություններ չի ներկայացրել: Առաջարկներ արել են խմբակցության պատգամավորները՝ Արտակ Մանուկյանը, Միքայել Հայրապետյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Վարազդատ Կարապետյանն ու այլոք:
Առաջարկներից շատերը կառավարությունն ընդունել է՝ 2020թ. բյուջեի նախագծում համապատասխան փոփոխություններ կատարելով, մի մասի դեպքում խոստացել է հարցերը քննարկելի դարձնել: Օրինակ, ընդունվել է Սփյուռքի հետ ծրագրերի ընդլայնմանն ուղղված՝ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկը: Կառավարությունը նշել է, որ դրա իրականացման համար 2020թ. բյուջեի նախագծում կատարել է համապատասխան փոփոխություն:
Ընդունվել է նաև ԱԺ նախագահի հովանու ներքո կրթական և մշակութային ծրագրեր իրականացնելու մասին Արտակ Մանուկյանի առաջարկը: Կառավարությունը որոշել է ծրագրի ֆինանսավորման համար 65 մլն դրամ հատկացնել ԱԺ արտասահմանյան գործուղումների հաշվին: Մերժվել է, սակայն, Հայաստանի չորս համայնքներում «Թումո-արկղեր» բացելու վերաբերյալ Վիկտոր Ենգիբարյանի առաջարկը:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու 2020թ. բյուջեի նախագծին, կողմ կքվեարկի միայն «Իմ քայլը» խմբակցությունը: