ՍԴ դատավորները հանցագործներ չեն, բայց թող հեռանան

դեկտեմբերի 11, 2019

Աղմկահարույց օրինագիծն ընդունվեց

ՍԴ դատավորների՝ վաղ կամավոր կենսաթոշակի անցնելու մասին կառավարության օրենսդրական փաթեթը ԱԺ-ն ընդունեց ձայների 82 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ։ Կողմ էր քվեարկել միայն խորհրդարանական մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը դեմ էր, որ ՍԴ անդամները տանը նստած պետբյուջեից գումար ստանան։

Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կայացավ քննարկումներից 24 ժամ հետո՝ դեկտեմբերի 11-ին:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով կառավարությունն առաջարկում է ՍԴ անդամներին «պատվով հեռանալ»։ Եթե ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ինքնակամ թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Այս նախաձեռնությամբ կառավարությունը հույս ունի լուծել ՍԴ-ի ճգնաժամը, որի մասին խոսում է իշխանությունը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ փոփոխությունների փաթեթն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով, որտեղից, ըստ նախարարի, վաղ կենսաթոշակի անցնելու մասով փոխանցել են. «Չկա մի մոդել, որով հնարավոր է ընդդիմանալ դատավորների կամքին, եթե չկա արտաքին ազդեցություն ու ճնշում»։

Նախարարը կգնա՞ր վաղ կենսաթոշակի

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է կառավարությունն հենց այս փուլում, հիմա նման նախագիծ ներկայացնում։ Ի պատասխան Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Հայաստանում անկախ դատական համակարգ ստեղծելու և այդ համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու հանձնառություն ունի:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը երիտասարդ նախարարից հետաքրքրվեց՝ եթե ինքը լիներ ՍԴ դատավոր կամ նախագահ, և երբ իշխանությունը փոխվեր, ու որոշեր, որ նա այլևս չպետք է լինի ՍԴ կազմում, առաջարկեր գնալ վաղ կենսաթոշակի, կհամաձայնե՞ր։ Նախարարը նախ սրբագրեց պատգամավորին՝ Հայաստանում ոչ թե իշխանափոխություն է տեղի ունեցել, այլ թավշյա հեղափոխություն, այնուհետև հավելեց. «Եթե ես նշանակված լինեմ ժողովրդավարական ընտրությունների միջոցով կազմավորված Ազգային ժողովի կողմից, եթե չլինեն այն գնահատականները, որոնք տարիներ շարունակ եղել են Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ, ապա ես խնդիր կտեսնեի վաղ կենսաթոշակի անցնելու մասով։ Այդ դեպքում կարող էր լինել իշխանության ցանկություն դատական համակարգը ըստ իրեն ձևափոխելու համար»։ Նախարարը հստակեցրեց՝ այս քայլով կառավարությունը ձեռք է մեկնում ՍԴ գործող կազմին և առաջարկում «պատվով հեռանալ»։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս դեմ էր ՍԴ դատավորներին «պատվով հեռացնելու» նախագծին, թեպետ բարձրագույն դատական ատյանի գործող կազմին մեղսակից է համարում վերջին քսան տարիներին «պետության բռնազավթման գործում մասնակցության համար»։ ՍԴ դատավորների հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո պատգամավորը Բադասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում նախարարը, նրանք հանցագործնե՞ր են։

Նախարարը պատասխանեց, որ չի կարող ՍԴ գործող կազմին համարել հանցագործներ։ «ՍԴ այն դատավորներին, ում առաջարկվում է կամավոր վաղ կենսաթոշակի անցնել, ես չեմ համարում հանցագործներ։ Նման հայտարարություն անելու հիմքեր չունեմ։ Հենց նախագծի իմաստն այն է, որ սա ձեռքսեղմում է պետության և Սահմանադրական դատարանի անդամների միջև։ Մենք արձանագրում ենք, որ չպետք է խոչընդոտ լինի ՍԴ նոր մոդելի ձևավորման ճանապարհին», -հավելեց Ռուստամ Բադասյանը։

Մտքերի փոխանակումը՝ «փոխհրաձգություններով»

Արման Բաբաջանյանին նախարարի պատասխանը հիասթափեցրել էր՝ «հանցագործներին առաջարկվում է պատվով հեռանալ»։ Արդեն ելույթով նա պնդեց. «Եվ այս պայմաններում մենք ՍԴ-ին իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն՝ նրանց առաջարկում ենք արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել, պատվով հեռանալ: Սա որևէ կերպ մեզ չի մոտեցնում ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը, և մենք ի վերջո գալու ենք իրական և հատու լուծումների: Պարոն նախարար, ես խորապես հիասթափված եմ երկրորդ այս փորձից և համոզված եմ, որ մենք շատ շուտով կանգնելու ենք ավելի հատու միջոցների անհրաժեշտության առաջ»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հարցը կեղծ օրակարգ է։ Նա իշխանությանը մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու համար։ «Եթե մենք խոսում ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն, հարգելի գործընկերներ, հին համակարգից մնացած դուք ունեք նախարարներ, ունեք պատգամավորներ: Քաղաքական դաշտը լցրել եք կեղծ օրակարգով, որը ոչ մեկին պետք չէ», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնին մոտեցել էր լուսանկարներով, որոնցում պատկերված էին Հայաստանի տարբեր մարզերի դպրոցները՝ կիսախարխուլ, անմխիթար վիճակում։ Նա բացատրեց լուսանկարները պատգամավորներին ցույց տալու շարժառիթը՝ կրթօջախները վերանորոգելու գումար չկա, բայց ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու ու նրանց մինչև կյանքի վերջ բյուջեից վարձատրելու համար գումարներ կան։ «Բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերևից ներքև քաղաքական է։ Իշխանությանը դուր չի գալիս ՍԴ-ն և հատկապես նրա նախագահը։ Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար, մեծ շռայլություն կլինի։ Այդպես չէ։ Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական։ Հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, մեզ և ձեզ առաջարկվում է մեր հարկերից 630 մլն դրամ վճարել «Հրայր Թովմասյան and company»-ին: Ինչո՞ւ. միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այս կանտորան, ու այն համալրեք ձեր քիմքին հարիր դատավորներով»։

Զոհրաբյանը այս հայտարարությունից հետո հայտնվեց իշխող խմբակցության պատգամավորների թիրախում։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ դպրոցներն այդ վիճակում են, որովհետև ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասին Ազգային ժողովում նստած «կնոպկա է սեղմել»։

«Հերիք է գաք այս ամբիոնից խոսեք միայն գեղեցիկ բառեր ասելու համար, միկրոֆոններ ծռեք, որպեսզի youtub-ում հայտնվեք կամ որևիցե ձևով աչքի ընկնեք: Ժողովուրդն այդ ամենը տեսնում և զգում է: Մի՛ արեք այդ բանը», դիմելով ընդդիմադիր գործընկերներին հորդորեց Ալեն Սիմոնյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հորդորեց գործընկերներին չկռվել: Նա պնդեց՝ այս Սահմանադրական դատարանը պետք է հեռանա։ Նրա խոսքով, եթե ՍԴ գործող նախագահը «ամոթ ունենար, կհեռանար այդ պաշտոնից»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթն սկսեց «Իմ քայլ»-ի, ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի, վհուկների և իրենց առաքելության մասին համառոտ ակնարկով. «20 տարուց ավելի ժողովուրդը սպասում է, թե երբ է Հայաստանում ի վերջո, հայտնվելու արդար և ուժեղ ուժ, որը կսրբի-կտանի վհուկներին, որոնք կեղեքում և թալանում են ՀՀ բնակչությանը։ Եվ ահա, այդ ուժը հայտ է ներկայացնում դա անել յուրովի՝ բաց ձեռքերով հեղափոխություն. ու արժանանում է ծաղրի, որովհետև կար մտայնություն, թե դրան կարելի է հասնել զենքով։ Կյանքը ապացուցեց, որ զենքով չի լինում միայն, ու բաց ձեռքերով հեղափոխությունն այսօր փաստ է։ Հիմա մենք ասում ենք՝ քայլ առ քայլ արմատախիլ ենք անում կոռուպցիան, բայց մեզ ասում են՝ այդպես չի լինում, պետք է բոլոր վհուկներին տանել, բանտել»։ Նա ընդգծեց՝ վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով:

ԱԺ նախագահը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, հորդորեց. «Մի պահեք բաստիոն հին Հայաստանից: «Լուսավո՛ր Հայաստան», հենց գալիս է գործելու պահը, ասում եք՝ վույ-վույ-վույ, աման-աման-աման, հենց հասնում եք առվին՝ կանգնում եք, որ չթրջվեք»: