Վարկային համաձայնագրերից մինչև օֆշորային տեղեկություններ․ ԱԺ արտահերթ

դեկտեմբերի 13, 2019

Դեկտեմբերի 12-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանը վավերացրեց բյուջետային աջակցության 4 վարկային համաձայնագիր և 1 միջազգային կոնվենցիա, ընդունեց 5 օրինագիծ։

Բյուջետային աջակցության վերջին վարկերը

4 համաձայնագրերով կառավարությունն ընդհանուր առմամբ ստանալու է շուրջ 152 մլն դոլար բյուջետային աջակցության վարկ։ Դրանք տրամադրելու են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Ասիական զարգացման բանկը ու Վերականգնման վարկերի բանկը։ ԱԺ-ն կառավարության առաջարկով վարկային համաձայնագրերը քննարկեց հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ վարկային համաձայնագրերը ստորագրվել են դեռևս անցած տարի 2019թ. բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Դրանք, սակայն, չեն վավերացվել, և վարկերը չեն ներգրավվել այն պատճառով, որ կառավարությունը ցանկացել է հասկանալ՝ արդյոք կարող է իր ծախսերն իրականացնել առանց դրանց։ Բայց քանի որ գործադիրը տարվա կեսին որոշել է վերադարձնել 56 մլրդ դրամի գերավճարները, որոնք 2019թ. բյուջեով նախատեսված չեն եղել, և վճարման գործընթացն արդեն սկսվել է, հասկացել է, որ վարկերի ներգրավումն անհրաժեշտ է ֆինանսական կայունությունն ապահովելու համար։ Կառավարությունը գիտի նաև, որ հաջորդ տարի չեն գործելու ավտոմեքենաների ներկրման արտոնյալ պայմանները, և ներկրումը նվազելու է։ Հետևաբար, եկամուտների նվազման ռիսկը կանխելու համար 4 վարկերի ներգրավումը կարևոր է համարում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխնախարարին հարցրեց. «Եթե եկամուտների հավաքագրման աճ ունենք, 300 մլրդ դրամ էլ դեպոզիտ է դրված, ինչո՞ւ ենք վարկ վերցնում, եղածը չե՞նք կարողանանք օգտագործել»։ Արմեն Հայրապետյանի պարզաբանմամբ՝ վարկերը տրվում են ցածր ՝ 1% տոկոսադրույքով, և դրանից հրաժարվելը ճիշտ չէ։ «Իսկ եթե հարկերն այնպես հավաքվեն, որ սրա կարիքը չզգացվի, կգանք ձեզ մոտ և կառաջարկենք, թե ինչ անել»,- պատասխանեց Հայրապետյանը։

Փոխնախարարը շեշտեց, որ սրանք բյուջետային աջակցության վերջին վարկերն են․ կառավարությունն այսուհետ կվերցնի միայն նպատակային վարկեր կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:

«Մեր գործերն այնքան լավ են, մենք այնպիսի բարեփոխումներ ենք արել, որ մեր նկատմամբ վստահությունը բարձրացրել է, և մեզ էժան, շատ էժան փող են առաջարկում։ Մենք էլ այդ էժան փողով կարող ենք իրենց 5 տոկոսանոց վարկերը փակել։ Վա՞տ է»,- հավելեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փորձեց հստակեցնել՝ կառավարությունն իսկապե՞ս այլևս բյուջետային աջակցության վարկեր չի վերցնելու: «2020թ. բյուջեն հաստատվել է, որտեղ ամրագրվել է, որ դեֆիցիտը չի ֆինանսավորվելու բյուջետային աջակցության վարկերով: Այսինքն, սա ամրագրվել է օրենքով »,- հավաստիացրեց փոխնախարարը։

Համաձայնագրերն ընդունվեցին, բայց ընդդիմությունը կողմ չքվեարկեց․ ԲՀԿ-ն դեմ էր, «Լուսավոր Հայաստանը»՝ ձեռնպահ:

Համագործակցություն՝ թաքցված հարկերը հայտնաբերելու նպատակով

Վավերացված մյուս փաստաթղթի՝ «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի նպատակը, ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանի ներկայացմամբ, միջազգային համագործակցության բարենպաստ պայմաններ ստեղծելը և հարկ վճարողների հիմնական իրավունքները պաշտպանելն է: Կոնվենցիան վավերացրած պետությունները պարտավորվում են միմյանց տրամադրել հարկային հարցերով վարչական աջակցություն, փոխգործակցության միջոցով նվազեցնել հարկեր վճարելուց խուսափելու կամ հարկերը թաքցնելու դեպքերը, ինչպես նաև բացահայտել նախկինում թույլ տրված նմանատիպ խախտումները: Կոնվենցիան վերաբերում է նաև օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին, ստորագրվել է 100-ից ավելի երկրների կողմից:

Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ կոնվենցիայի վավերացումից հետո օֆշորային երկրներում գրանցված ընկերություններին վերաբերող տեղեկությունները հասանելի կլինե՞ն, թե՞ դրանք, միևնույնն է, փակ են լինելու: «Յուրաքանչյուր երկիր տեղեկություններ տրամադրում է իր ազգային օրենսդրությամբ: Եթե ազգային օրենսդրությամբ տվյալ ինֆորմացիան փակ է, չի տրամադրվելու»,- պատասխանեց Արմեն Պողոսյանը։

ՊՆ-ում ՝ մարզական ակումբներ, ոստիկանությունում՝ տեսանկարահանող և ձայնագրող սարքեր

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում լրացումներ նախատեսող նախագծերով կառավարությունն առաջարկում էր վերականգնել 2017թ. լուծարված «Բանակի մարզական ակումբ» զորամասը, որտեղ կծառայեն սպորտում հաջողություններ արձանագրած այն երիտասարդները, որոնք, սակայն, այնքան հաջողություն չեն ունեցել, որ տարկետում ստանալու իրավունք ստանան: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ շեշտադրվելու են օլիմպիական մարզաձեւերը:

Նախագծի մեկ այլ դրույթով էլ առաջարկվում էր պաշտպանության նախարարության համակարգում զորամասի կարգավիճակով գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանին տալ համապատասխան կարգավիճակ, որ այնտեղ իրենց ընտանիքների հետ անվճար հանգստանան զինծառայողներն ու նախկին զինծառայողները: Նախապատվությունը տրվելու է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Արտահերթ նիստում ընդունվեց նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն առաջարկում է երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել տեսագրող, իսկ վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները՝ տեսաձայնագրող համակարգերով: Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի: Դրանք կտրամադրվեն հարցաքննված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին: