Ընդդեմ ատելության խոսքի՝ չվտանգելով խոսքի ազատությունը

դեկտեմբերի 16, 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է օրենսդրական կարգավորումներով պայքարել ատելության խոսքի դեմ: Խմբակցության այս մտադրությունը համընկավ ճիշտ այն պահին, երբ կառավարությունը հաստատեց բռնության հրապարակային կոչերը քրեականացնելու մասին օրինագիծը։

Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սարգիս Խանդանյանինն է: Հենց նա դեկտեմբերի 16-ին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընտրվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների հարցերով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբի ղեկավար։

Աշխատանքային խումբը գործելու է 6 ամիս, դրանում կընդգրկվի 11 պատգամավոր. 7-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, 2-ական պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Եվրոպայի խորհուրդը երկար տարիներ մտածում է՝ ինչպես պայքարել սոցիալական ցանցերում և լրատվական հոսքերում ատելության խոսքի դեմ, սակայն ուղիներ չի գտել։ Ասաց՝ մտավախություն ունի, որ ատելության խոսիք դեմ պայքարը կարող է վտանգել խոսքի ազատությունը։

«Ես հասկանում եմ՝ ատելության խոսքը մեր երկրում լրջագույն մարտահրավեր է, բայց նաև, որպես նախկին լրագրող, լրջագույն մտավախություն ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք խոսքի ազատությունը կամ այս աշխատանքային խումբը չդառնա դամոկլյան սուր լրատվամիջոցների գլխին», -ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Սարգիս Խանդանյանը ատելության խոսքի դեմ պայքարի որևէ բանաձև չուներ, ասաց՝ լուծումները կքննարկեն աշխատանքային խմբի շրջանակում ու կներկայացնեն լայն հանրության դատին։ Բայց մինչ այդ, նրա խոսքով, հասցրել են ուսումնասիրել միջազգային փորձը, միջազգային տարբեր կազմակերպությունների առաջարկները այդ հարցի շուրջ։

«Պետք է հասկանանք՝ ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի, որը՝ հանրային պարսավանքի արժանանա ու քննադատվի»,-նշեց Խանդանյանը։ Իշխանական պատգամավորը ևս մտահոգված էր խոսքի ազատությունը չվտանգելու հարցով, թեպետ կարծում էր, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ։

Ատելության խոսքի տարածման մունետիկներ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, տարբեր գերատեսչությունների և, մասնավորապես, կառավարության Հանրային կապերի ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն են, որոնց մասին պարբերաբար գրում է մամուլը։ Խանդանյանը հակադարձեց Զոհրաբյանին՝ նկատելով, որ շուրջ երկու տարվա վաղեմություն ունի նրա այդ հայտարարությունը, և ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարությունն է ֆեյք օգտատերերի միջոցով ընդդիմադիրների նկատմամբ ատելության խոսք տարածել։ Խանդանյանին օգնության հասավ նաև ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ և այժմ իշխանական խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, թե որևէ գերատեսչություն և առավել ևս Հանրային կապերի ՊՈԱԿ-ը ֆեյք օգտատերեր չի պահում։

Որպես նախկին լրագրող՝ խոսքի ազատության անվտանգության խնդրով մտահոգ էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը. «Հանկարծ մեր գործողությունները չբերեն խոսքի ազատության սահմանափակման։ Ես խոսքի ազատությունը համարում եմ բացարձակ արժեք և հանկարծ այնպես չլինի, որ մենք ատելության խոսքի անվան տակ սկսենք որոշ մարդկանց խմբագրել»։

Խանդանյանն արձագանքեց՝ եթե զգան, որ ի հայտ եկող լուծումները սպառնում են   որևէ իրավունքի, կհրաժարվեն կիսալուծումներից։

Կառավարության առաջարկը խորհրդարանում է

Կառավարությունն արդեն խորհրդարան է ուղարկել բռնության հրապարակային կոչերը քրեականացնող նախագիծը։ Այսպես՝ ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով սահմանվում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, տարիքով կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով, կամ կալանքով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

Բռնության ու ատելության հրապարակային խոսքի համար մինչև երեք տարի կսահմանվի, եթե այն կիրառվել է մի խումբ անձանց կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ընդ որում՝ պատասխանատվություն նախատեսվում է այն դեպքում, երբ բռնության կոչը հրապարակային է և ունի հասցեատեր։

Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ընդգծել էր՝ բռնության կոչը «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն նիստում նախագիծը համարել էր սկզբունքային, որը բխում է «թավշյա ոչ բռնի հեղափոխությունից»։

«Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, բառիս բուն իմաստով՝ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլիեն ուտողները, ոմանց դուր չեն գալիս քյաբաբ ուտողները և այսպես շարունակ», - ասել էր Փաշինյանը։