ԱԺ աշխատանքային խումբը կառաջարկի քրեականացնել ատելության խոսքը

դեկտեմբերի 25, 2019

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ

-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակում ստեղծված աշխատանքային խումբը քննարկելու է ատելության խոսքի դեմ ուղղված պայքարի օրենսդրական կարգավորումները, բարեփոխումները. Ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը:

-Առաջարկների հիմնական մասը վերաբերելու է Քրեական օրենսգրքին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ատելության խոսքի դրսևորումները տարբեր ձևակերպումներով հիմնականում տեղ են գտնում ՔՕ-ում և ենթարկվում են քրեական պատասխանատվության:

-Իսկ ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ:

-Մենք հաճախ ենք ականատես լինում, որ տարբեր խմբերի կամ անհատների նկատմամբ բռնության կոչեր են հնչում, վիրավորանք են տարածում, նսեմացնում են՝ ելնելով նրանց գործունեության կամ այլ հատկանիշներից: Շատ քաղաքական գործիչներ, փորձագետներ են հանդես եկել այդ երևույթի դեմ պայքարելու, դրա դեմն առնելու առաջարկներով, և ակնհայտ է, որ այստեղ կա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտություն:

-Ո՞ր խմբերին նկատի ունեք:

-Իրավական տարբեր փաստաթղթերում, հատկապես ՄԻ եվրոպական կոնվենցիայում, ՄԻ եվրոպական դատարանի վճիռներում, տարբեր հռչակագրերում սահմանվում է այն շրջանակը, որի նկատմամբ բռնության կոչերը, բռնության քարոզը կարող են համարվել ատելության խոսք։ Սահմանադրությունն, օրինակ, նշում է, թե որ դեպքերում է խտրականությունն արգելվում, և այդտեղ լայն շրջանակ է ներառված. ազգային, ռասայական, կրոնական պատկանելիություն, ազգային փոքրամասնություն, գենետիկական կամ սոցիալական ծագումը և այլն: Ատելության խոսքի տարածումը պետք է դիտարկել խտրականության արգելման համատեքստում։ Պիտի հաշվի առնենք, թե հատկապես որ խմբերի նկատմամբ ատելության խոսքը պետք է արգելվի, բայց ըստ էության ցանկացած մարդ կարող է ատելության խոսքի զոհ դառնալ:

-Հատկապես ո՞ր խմբի նկատմամբ կա ատելության խոսքի դրսևորում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկաք:

-Վերջին շրջանում, օրինակ, մարդկանց մասնագիտական գործունեության հիմքով հնչում են անհիմն խոսքեր: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների ու լրատվամիջոցների, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ կային նման դրսևորումներ: Նաև ականատես ենք եղել իրավիճակի, երբ թիրախավորել են մարդուն հաշմանդամություն ունենալու կամ կին լինելու հիմքերով: Կարծում եմ՝ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այս հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում ողջ աշխարհում, և լուծումներ են փնտրվում: Որոշ եվրոպական երկրների քրեական օրենսգրքերում համապատասխան դրույթներ արդեն նախատեսվել են:

-Այդ կարգավորումներն ինչպիսի՞ պատիժ պետք է նախատեսեն։

-Կառավարությունն արդեն մի օրինագիծ է ներկայացրել, որը վերաբերում է բռնության կոչերի արգելմանը կամ դրանց արդարացման արգելմանը: ՔՕ-ում դա որոշակի պատիժ է նախատեսում: Դա կքննարկենք նաև մեր աշխատանքային խմբում: Բռնության խոսքերը ատելության խոսքի մի մասն են, իսկ ատելության խոսքը կարող է զուգորդված լինել նաև այլ հատկանիշներով: Ու այն դեպքերում, երբ մենք հասկանում ենք, որ վտանգ կա, որ ատելության խոսքը կարող է մարդկանց ինչ-որ գործողությունների դրդել, պետք է ՔՕ-ով պատիժ նախատեսել: Բայց կա նաև ատելության խոսք, որը վերացական է, և չարժե այն տանել քրեական դաշտ: Հատկապես սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր են ատելության խոսք տարածում, և տարածման սահմանները, կարող է, այնքան էլ լայն չլինեն, ինչպես հայտնի անձանց ատելության խոսքը:

Այդ երևույթի դեմ ավելի շատ պետք է պայքարել հանրային քննադատության, պարսավանքի միջոցով: Նաև կրթության միջոցով, բայց դա ավելի երկարատև գործընթաց է: Կրթության հիմքում անպայման պետք է դնել այսպիսի գիտելիքներ՝ խտրականության, ատելության խոսքի արգելումը, մարդու իրավունքների հարգումը, հանրային համերաշխության պահպանումը և այլն: Տարածման հարթակն էլ նշանակություն չունի՝ ինչ-որ մեկը լրատվամիջոցով կամ սոցցանցերով կամ էլ հրապարակավ է նման խոսք տարածում: Պետք է հասկանալ, թե որքան մեծ է լսարանը, և որքանով այն կարող է մարդկանց գործողությունների մղել:

-Իսկ ո՞վ պետք է որոշի, թե որն էր ատելության խոսքը, կամ որքան է դրա ազդեցությունը:

-Այդ հարցերը պետք է քննարկենք։ Կհրավիրվեն խնդրով զբաղվող փորձագետներին, հաշվի կառնվեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների կարծիքները, որոնք առաջարկներ կունենան: Ի վերջո կգտնենք այնպիսի կարգավորումներ, որոնք սուբյեկտիվ չեն լինի:

-Եթե լրատվամիջոցը հրապարակվել է ինչ-որ մեկի ատելության խոսքը, ո՞վ պետք է կրի պատասխանատվությունը:

-Ենթադրում եմ՝ խոսքի հեղինակը: Իհարկե, շատ լավ կլինի, որ լրատվամիջոցներն ունենան էթիկայի կանոնակարգեր, որտեղ հստակ ամրագրված կլինի, թե ինչպիսի բառապաշար ու ոճ կարելի է օգտագործել: Այնուամենայնիվ, քննարկման հարց է, թե արդյո՞ք արժի երկրորդական տարածման համար պատիժ սահմանել: Իսկ եթե ատելության խոսք տարածող սուբյեկտը լրատվամիջոցն է, պետք է պատասխանատվություն կրի նաև նա: Իմ դիտարկմամբ՝ լրատվամիջոցները, որոնք, իսկապես լրատվական գործունեությամբ են զբաղվում, գրանցված են, ունեն հասցե, նրանցից քչերն են, որ ատելության խոսք են տարածում: Ավելի շատ՝ նորաստեղծ, ոչ հայտնի լրատվամիջոցներն են դա անում:

-Կարծիք կա, որ ձեր նախաձեռնությունը նաև լրատվամիջոցներին ճնշելու նպատակ ունի:

-Չկա նման բան: Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը բխում է հեղափոխության արժեքները ամրապնդելու մեր ձգտումներից։ Մեր հեղափոխությունը բռնությունից զերծ է, սիրո և համերաշխության հեղափոխություն է: Եվ այս արժեքները պետք է ամրապնդվեն, ատելության խոսքը չի կարող այն խաթարել: Ատելության խոսքը չի պաշտպանում խոսքի ազատության երաշխիքները:

-Ատելության խոսքի դրսևորումներն են ավելի սո՞ւր, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն առաջացավ, թե՞ իշխանությունն է քննադատությունների նկատմամբ զգայուն:

-Կարծում եմ՝ երկուսն էլ, իսկ վերջին շրջանում շատացել է թիրխավորված ատելության խոսքը: Ունեցել ենք իրավիճակներ, որոնք ցավալի հետևանքների են բերել՝ ատելության խոսքի զոհերը գործողությունների են գնացել, որոնք օրենքով արգելված են: Պետք է պաշտպանել հեղափոխության արժեքները, որոնք, այո, շատ նուրբ ու զգայական են մեզ համար: