ԱԺ հանձնաժողովներ․ լսումներ, նիստեր

հունվարի 10, 2020

Խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իրավունքից ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ամենից շատ օգտվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, իսկ 11 մշտական հանձնաժողովներից միայն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ: Աշնանային նստաշրջանի 4 ամիսների ընթացքում Ազգային ժողովում հրավիրվել են 5, իսկ անցած 2019 թվականի ընթացքում 9 խորհրդարանական լսումներ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 3-րդ նստաշրջանում հանդես է եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու 2 նախաձեռնությամբ: Դրանցից մեկը վերաբերել է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններին, մյուսը՝ պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին։

3-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներից 1-ական խորհրդարանական լսումներ հրավիրել են գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով, որի ընթացքում քննարկվել են Հանրակրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Այդ փոփոխությունների քննարկումը հիմք դարձավ, որ ՀՅԴ երիտասարդական թևը հանդես գա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «Դիմակայուն Հայաստան» թեմայով։ Քննարկվել են աղետների եւ ռիսկերի քարտեզագրման, դիմակայունության մշակույթի ձեւավորման, ներդրումների նպատակային օգտագործման, իրազեկվածության, միջազգային փորձի ներդրման, տեխնիկապես հագեցվածության խնդիրները:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել ՝«Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով։ Սա ԱԺ մշտական հանձնաժողովներից միակն է, որը ԱԺ պաշտոնական կայքում ներկայացրել է ամբողջական հաշվետվություն՝ անցած տարվա ընթացքում ծավալած իր աշխատանքների մասին:

Չկայացած լսումների մասին

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում անցկացրել է ընդամենը 1 նիստ։ Միակ նիստը եղել է արտահերթ, որի ընթացքում որոշել են մինչև տարեվերջ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ ընթացիկ հարաբերություններին: Լսումները, սակայն, չեն կազմակերպվել։

Հանձնաժողովների մասին՝ ընդգծումներով

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը անցած աշնանային նստաշրջանում 5 նիստ է գումարել։ Հանձնաժողովով անցած կարևորագույն նախագծերից է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանն ու Բաբկեն Թունյանը։ Նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել և դարձնել 63000 դրամ։ Օրենքը հունվարի 1-ից արդեն գործում է։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում 12 նիստ է անցկացրել, 7-ը՝ արտահերթ։ Այս հանձնաժողովով անցած կարևորագույն նախագիծը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն էին, որոնք իրականացվել են երկրում հարկային բարեփոխումների շրջանակում։

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում անցկացրել է 2 արտահերթ նիստ։ Հանձնաժողովը քննարկում է կազմակերպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների և իրավապահ համակարգի ղեկավար անձանց մասնակցությամբ։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում 8 նիստ է անցկացրել: Հանձնաժողովի համար անցած տարում գերխնդիր էր Սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամի լուծումը: Նախ` ներկայացվեց ԱԺ որոշում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու մասին, որը սակայն ՍԴ-ն վարույթ չընդունեց: Այնուհետև հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորի՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրինագծին։ Փաստաթուղթը հունվարի 1-ից մտել է ուժի մեջ, և եթե ՍԴ դատավորները մինչև հունվարի 31-ը որոշեն հրաժարական տալ, կստանան կենսաթոշակ աշխատավարձի չափով։