Քննիչ հանձնաժողովներ․ 2-ը իշխանության, 3-ը ընդդիմության նախաձեռնությամբ

հունվարի 14, 2020

7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության առաջին տարում՝ 2019թ-ին, ձևավորել է 5 քննիչ հանձնաժողով: Դրանցից երկուսը ստեղծվել է խորհրդարանական մեծամասնության, երեքը՝ ընդդիմության նախաձեռնությամբ: Համաձայն Սահմանադրության 8-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի՝ որևէ հարցի ուսումնասիրման համար խորհրդարանում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Առաջինը և ամենաթափանցիկը

Առաջին քննիչ հանձնաժողովը սկսեց գործել 2019թ. մայիսի 5-ից, «Իմ քայլը» խմբակցության 47 պատգամավորների պահանջով՝ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու համար: Գործունեության ժամկետը՝ 6 ամիս: Սա միակ քննիչ հանձնաժողովն է, որի ձևավորման համար նոր կազմ չհավաքվեց. օրենքի ուժով դրա պարտականությունները դրվեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի վրա: 6 ամիսը լրանալուց հետո հանձնաժողովը դիմեց ԱԺ-ին՝ գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարացնելու համար: Դա քննիչ հանձնաժողովի գործունեության՝ օրենքով սահմանված առավելագույն ժամկետն է:

Գործունեության առաջին 6 ամիսների ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ ու այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա անցկացվել է 21 նիստ, քննվել է 10 զինծառայող: Քննության արդյունքում կազմվել և հնչեցվել է շուրջ 400 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են տեղեկություններ, պարզաբանումներ և կատարվել են ճշտումներ: «Ամենաբարդ փուլն անցել է: Վերջնական փուլում լսելու ենք ցանկով հաստատված պաշտոնյաներին, իսկ նրանց թիվը կարող է հասնել 40-ի: Մեր գնահատմամբ՝ դա կտևի մի քանի ամիս, և վերջին 2 ամիսում նախատեսում ենք աշխատել վերջնական եզրակացությունների վրա»,- Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ ասել էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի գործունեության առաջին փուլում նա որոշակի տեղեկատվություն և մեկնաբանություններ էր ներկայացնում հանձնաժողովի նիստերի, հրավիրված անձանց քննության ու այլ աշխատանքների մասին:

Հաշիվը փակել են ՋՕ-երի պետերը

2019թ. մայիսի 31-ին, դարձյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, ստեղծվել է երկրորդ՝ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Դեկտեմբերի 9-ին քառօրյայի հանգամանքները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հետ միասին 6 ամսով երկարեցվեց նաև այս հանձնաժողովի գործունեության ժամկետը: Ի տարբերություն նախորդի՝ այս հանձնաժողովի առաջին 6 ամիսներին կատարած աշխատանքների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել:

Գործունեության ժամկետի հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ասաց, որ աշխատանքները եղել են ծավալուն, խնդիրները՝ բազմաշերտ, քանի որ ոլորտը, որն ուսումնասիրում են, ունի շուրջ 50 հազար ջրօգտագործող և 47 հազար հեկտար ոռոգելի հող: Նրա խոսքով՝ մեծաքանակ հաշվետվություններ են ստացել Ջրային տնտեսության պետական կոմիտից, ԾԻԳ-ից, ջրօգտագործողներից: Բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մասնագետների, համայնքների ներկայացուցիչների, միջազգային դոնորների, կոմիտեի, ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Գործունեության ժամկետի երկարացումը, ըստ հանձնաժողովի նախագահի, պայմանավորված էր նաև գործադիր մարմնի կողմից իրենց հարցումներին տրվող պատասխանների ձգձգումներով:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ ոռոգման ոլորտը եղել է ամենակոռուպցիոն համակարգերից մեկը: «Երբ նախկին իշխանությունները գնում էին մարզեր քեֆ-ուրախության և ասում էին՝ ՋՕ-ի պետը հաշիվը կփակի»,-որպես ասվածի հաստատում՝ նշեց նա:

Հանձնաժողովը, ըստ Ծովինար Վարդանյանի, փորձագետների խնդիր ունի, մինչդեռ ԱԺ- կանոնակարգ օրենքը թույլ է տալիս օգտվել միայն խորհրդատվական ռեսուրսներից: Նա չբացառեց, որ գուցե կարիք լինի վերնայել կանոնակարգի համապատասխան դրույթը:

Երեքը՝ ընդդիմությունից

Աշնանային՝ 3-րդ նստաշրջանում խորհրդարանում ստեղծվել է երեք քննիչ հանձնաժողով: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատամավորների պահանջով սեպտեմբերի 26-ին ստեղծվել է Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Նախագահ է ընտրվել ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Մինչև տարեվերջ այս հանձնաժողովի աշխատանքների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել:

Նույն խմբակցությունների առաջարկությամբ դեկտեմբերի 5-ին ձևավորվում է ևս մեկ՝ 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն է:

Երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 19-ին ընդդիմադիր խմբակցությունները ստեղծում են երրորդ՝ ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այս հանձնաժողովը ղեկավարում է ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը: