ԱԺ պետաիրավական հանձնաժողով․ ԲՀԿ–ն մերժվեց, ԼՀԿ–ն հավանության արժանացավ

հունվարի 14, 2020

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 2020-ի առաջին նիստի օրակարգը հարուստ էր: Դրանում ընդգրկված 30 նախագծերից մի մասի քննարկումը հեղինակների հորդորով երկու ամսով հետաձգվեց, մի մասը ընդունվեց կամ բացասական եզրակացություն ստացավ, երրորդ մասն էլ չհասցրեցին քննարկել։

«Տեղաշոր բերենք ստեղ, պառկենք, քնենք»,-ժամեր շարունակվող նիստում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Հանձնաժողովը ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախկինում քննարկվել էր, և ընդունումը հետաձգվել էր երկու ամսով՝ առաջարկություններ ներկայացնելու հիմքով։ Առաջարկություններ ներկայացրել էր «Իմ քայլը», և հեղինակները դրանք ներառել էին նախագծում։ Նախագիծը հանձնաժողովում հաստատվեց փոխադարձ համաձայնությամբ։ Նույն օրենսգրքում սնանկության գործերի դատաքննության վերաբերյալ փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նախագծին դրական եզրակացություն չտրվեց:

Նույն գնահատականը ստացավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությունը՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Այս նախագծով ընդդիմադիր պատգամավորն առաջարկում էր ԱԺ փոխխոսնակներին ևս, ինչպես ԱԺ նախագահին, տալ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք: Էնֆիաջյանն առաջարկում էր նաև, որ խմբակցությունը հնարավորություն ունենա յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրի ոչ թե մեկ, այլ երկու խորհրդարանական լսումներ: Էնֆիաջյանի հիմնավորմամբ՝ եթե Հայաստանը խորհրդարանական երկիր է, ապա խորհրդարանի փոխնախագահները ևս պետք է ունենան որոշակի իրավունքներ, օրինակ՝ լսումներ հրավիրելու։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բացատրեց, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալը չունի ինքնուրույն լիազորություն և նրան լսումներ հրավիրելու հնարավորություն տալը կխաթարի Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Բացի այդ, ըստ Վարդանյանի, Էնֆիաջյանի առաջարկությունը խտրական վերաբերմունք է ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցության, այս դեպքում՝ «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ, քանի որ ԼՀԿ-ն, ի տարբերություն ընդդիմադիր ԲՀԿ-ի, ԱԺ փոխնախագահի պաշտոն չունի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հակադարձեց Վարդանյանին՝ ընդգծելով, որ որևէ սուբյեկտի շահը այս նախաձեռնությամբ չի տուժում և ավելին՝ նախագծից որևէ վտանգ չկա։ «Այս նախաձեռնությունը որևէ չափով չի ոտնահարում որևէ մեկի իրավաչափ շահը։ Տվեք իրավունք, թող լսումներ հրավիրի, ի՞նչ է եղել», -ասաց Պետրոսյանը։ Նա կոչ արեց նախագծի ներկայացման մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել, հորդորեց թույլ տալ ԱԺ փոխնախագահներին հրավիրել լսումներ, քանի որ երկրում կան բազում խնդիրներ և կարելի է լսումների ժամանակ վեր հանել դրանք ու լուծման ուղիներ փնտրել։

Վարդանյանը անարձագանք չթողեց Պետրոսյանի հայտարարությունը։ Նրա կարծիքով, խնդիրը լիազորությունները չեն, հակառակ դեպքում խմբակցությունները, հանձնաժողովները կօգտվեին իրենց իրավունքից և կհրավիրեին լսումներ։

«Գործող կանոնակարգումների համաձայն, մեկ նստաշրջանի ընթացքում խմբակցությունները, հանձնաժողովները խորհրդարանում կարող են հրավիրել 15 լսումներ, այսինքն՝ անցյալ տարի կարող էինք ունենալ 30 լսում, բայց քանի՞ լսում ենք ունեցել՝ 3-4-5, հետևաբար պարոն Պետրոսյան, քանի՞ անգամ եկաք հանձնաժողով ու ասացիք՝ լսումներ ենք ուզում անցկացնել, մենք էլ ասացինք՝ չէ, դեմ ենք։ Ես խնդիր չեմ տեսնում, հետևաբար դրա լուծումն էլ չեմ տեսնում», ասաց Վարդանյանը։

Նախագիծը, այդուհանդերձ, հանձնաժողովում հավանության չարժանացավ և այն ստացավ բացասական եզրակացություն։

Հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած հաջորդ նախագծի հեղինակները «Իմ քայլի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սոնա Ղազարյանն էին: Պատգամավորներն առաջարկում են անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի քննությունը դարձնել առավել երեխայակենտրոն, արդյունավետորեն պաշտպանել նրանց իրավունքներն ու ազատությունները, նրանց մասնակցությամբ հարցաքննությունը և առերեսումը դարձնել պակաս տրավմատիկ՝ չվնասելով ո՛չ երեխային, ո՛չ էլ քրեական գործի քննությանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Քրեական օրենսգրքի կիրառման ընթացքում անչափահաս տուժողների և վկաների մասնակցությամբ քրեական գործերի քննության ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք բացասաբար է անդրադառնում անչափահասի և նրա իրավունքների պաշտպանության, քննության արդյունավետության վրա:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց գյուղական մանկապարտեզների վերաբերյալ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։ Նախարարի ներկայացմամբ, քաղաքային ու գյուղական մանկապարտեզները անհավասար պայմաններում են աշխատում, և նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում իրավահարաբերությունների հստակեցում, պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, որակի բարելավում: Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։

Դրական եզրակացություն տրվեց նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին՝ կից փաթեթով: Դրանով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, մասնավորապես լրատվական գործունեություն իրականացնողների համար հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով: Գործող կարգավորումներով լրատվամիջոցներն այդ տեղեկություններն ստանում են պետական տուրք վճարելուց հետո միասին։