Ուսումնասիրվում է ոռոգման ոլորտում վարկերի օգտագործումը․ Ծ․ Վարդանյան

հունվարի 15, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ջրային տնտեսության ծրագրերի իրականացումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի հետ։

-Ընդդիմադիր ուժերը քննադատում են ձեզ, որ խոստացած տնտեսական հեղափոխությունը չեք իրականացնում: Իշխանությո՞ւնն է դանդաղում, թե՞ ընդդիմախոսներն են անհամբեր:

-Մարդիկ, գուցե, տնտեսական հեղափոխություն ասելով՝ հասկանում են միանվագ ինչ-որ գործողություն, որը պետք է միանգամից տեսանելի լինի: Այդպես չէ: Տնտեսական հեղափոխությունը գործողությունների շարք է: Բազմիցս հայտարարվել է, որ տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ քաղաքացիները պետք է մասնակից լինեն և զգան արդյունքը: Երբ թվերով ես խոսում և ասում, որ ԵՏՄ-ում և այլ միջավայրում մեր տնտեսական աճը բարձր է, ներկայացնում ես ԱՄՀ-ի ու այլ կառույցների գնահատականները, դրանք մարդկանց համար շոշափելի չեն: Շոշափելի կարող են լինել, ասենք, նոր ուղղություններով չվերթերը կամ նոր ավիաընկերությունների մուտքը, ինչը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, դա էլ՝ ծառայությունների ոլորտի զարգացմանը: Սա տնտեսական հեղափոխությանն ուղղված քայլ է: Որպես նպաստող հանգամանք նշեմ նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք կբարելավեն միկրոբիզնեսի, հանրային սննդի օբյեկտներ հարկման մեխանիզմները: Նման քայլերը շարունակական են լինելու:

-2020թ. բյուջեն ընդունվեց նախնական տարբերակի համեմատ ծախսերը շուրջ 24,5 մլրդ դրամ կրճատելուց հետո: Կրճատվել էին հատկապես կապիտալ ծախսերը: Կառավարությունն այս տարի՞ էլ վստահ չէ, որ կարող է կատարել նախապես պլանավորած աշխտանքները:

-2019թ. այլ տնտեսական աճ էր կանխատեսվել, բայց եղավ ավելին, իսկ ճանապարհաշինության ոլորտում վարչապետն էլ ասաց, որ շատ սպասարկող ընկերություններ չունենք: Նույնն էլ ջրային ոլորտում. հայտարարվել է, որ պետք է ինչ-որ ծրագիր իրականացվի, բայց շատ քիչ կազմակերպություններ կան, որ կարող են այդ ծավալն ապահովել: Մենք ինչի՞ հետ ենք համեմատում այդ ցուցանիշները, նախապես պլանավորած թվերի՞, որոնք հետո կրճատվեցին: Իրականում աճ կա, չէ՞: Բյուջեում շատ հավակնոտ թվեր են ներկայացվել, իսկ քննադատությունը պետք է լինի, և մենք առողջ հատիկները կքաղենք:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարեց, թե մինչև 2050թ. ՀՀ բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի, ՀՆԱ-ն պիտի տասնհինգապատիկ աճի և այլն: Ձեզ քննադատում են, որ այդ նպատակներին հասնելու համար ոչ թե 7-8 տոկոս, այլև երկնիշ տնտեսական աճ պետք է ապահովել:

-Դրանք նպատակներ են, որոնց ձգտելու ենք: Դրանց հասնելու համար պետք է ստեղծենք ռազմավարություն՝ թե՛ առանձին ոլորտների, թե՛ երկրի զարգացման համար:

-Կարծիքներ հնչեցին, թե մինչև 2050թ. 30 տարի կա, դուք արդեն իշխանության չեք լինի ու չեք կրի այդ խոստման իրականացման պատասխանատվությունը:

-Ես չեմ կարծում, որ պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա: Այդ տրամաբանությամբ կարելի էր ուղղակի լռել ու ոչինչ չհայտարարել: Նախ` շատ կարևոր է հավատալ նրան, ինչ ասում ես, հասկանալ, թե ինչպես ես դրան հասնելու, մշակել իրար հաջորդող կարճաժամկետ քայլեր ու իրագործել դրանք: Ինքս կմասնակցեմ թե՛ բնակչության աճի, թե՛ մյուս նպատակների իրականացմանը: Բնակչության աճին ուղղված փոքր քայլերից է միանվագ ծննդօգնության նպաստի ավելացումը: Իհարկե, այդ նպաստը չի ստիպի, որ բոլորը երեխա ունենան, բայց դա վերաբերմունք է: Երեխա ունենալիս աշխատող կնոջ առաջ կանգնած որոշ խոչընդոտներ նույնպես կլուծվեն, կփորձենք վերացնել՝ աշխատա՞նք, թե՞ երեխա երկընտրանքը: Գործող կարգավորումները գործատուին թույլ են տալիս ծննդաբերելուց հետո կնոջը տեղափոխել այլ աշխատանքի, ինչի արդյունքում կինն աշխատավայրում պաշտպանված չի զգում: Կփորձենք կարգավորումները խստացնել, որ գործատուն չկարողանա դա անել: Ուզում ենք նաև տղամարդկանց տրամադրել երկու շաբաթ հավելյալ վճարովի արձակուրդ, որ նա ծննդյան առաջին օրերին լինի երեխայի ու կնոջ կողքին, լուծի առաջնահերթ խնդիրները:

-2018թ. համեմատ կտրուկ նվազել են օտարերկրյա ներդրումները, ակտիվ չեն նաև տեղական ներդրողները: Հեղափոխությո՞ւնն է պատճառը, որ ներդրողները զգուշանում են գումար բերել և մեր երկրում բիզնեսով զբաղվել:

-Հետհեղափոխական երկրներում տնտեսական աճ ապահովելը բավականին լուրջ ձեռքբերում է: Հեղափոխություններից հետո տնտեսությունները սովորաբար անկում են ունենում: Այդ առումով, իմ կարծիքով, ներդրողները սպասման ռեժիմում էին: Կարծում եմ՝ 2020թ. արդեն գործողությունների կանցնեն: Օրինակ, վերականգնվող էներգետիկայի ոլորտում շուրջ 400 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել:

-Մյուս կողմից էլ, սպասում կար, որ հեղափոխությունից հետո շատ կոռուպցիոն հանցագործություններ կբացահայտվեն, մեղավորները կպատժվեն, պետությանը հասցված վնասները կվերականգնվեն, բայց անցած 1,5 տարվա ընթացքում շատ քիչ գումար է վերադարձվել բյուջե:

-Այդ գործողություններն ըստ ցանկության կամ ճաշակի չեն արվում: Մարդիկ, գուցե իրավամբ, դժգոհում են, թե ինչ քիչ մարդու են բռնել: Դա պլան չէ, որ պետք է ապահովվի: Եթե կա հանցագործություններ, կբացահայտվեն:

-Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է Ալեքսանդր Սարգսյանի 50/50-ներից, բայց ինչո՞ւ մինչև այժմ որևէ նման դեպք բացահայտված չէ:

-Ես վստահ եմ, որ մեխանիզմներն այնպես են մշակվել, որ շատ դժվար լինի նման երևույթներն ապացուցել: Նրանք պաշտպանել են իրենց ձեռք բերածը:

-Եվ հիմա նրանք կարո՞ղ են մեղադրել ձեր իշխանությանն ու անձամբ վարչապետին իրենց զրպարտելու համար:

-Եթե նման ցանկություն ունեն, խնդրեմ, թող դատի տան: Իսկ Ալեքսանդր Սարգսյանի 50/50-ը կամ 70/30-ը իրավապահներին եմ թողնում:

-Անցած տարեվերջին ԱԺ-ն երկարացրեց ջրային քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Մինչ դա՝ հանձնաժողովը ավելի քան 6 ամիս գործել էր, բայց կատարված աշխատանքի մասին ոչինչ հայտնի չէ: Ի՞նչ եք հայտնաբերել այդ ոլորտում:

-Այս երկրորդ ժամկետում մեր աշխատանքներն ավելի շատ կլուսաբանվեն: Իհարկե, կան տվյալներ, որոնք թափանցիկ չեն: Ոռոգման ոլորտը բավականին խուճուճ է, տարբեր շերտերի միջև փաստաթղթային հարաբերություններ են: Քննիչ հանձնաժողովների գործունեության համար մենք ճանապարհ հարթող ենք, շատ բաներ հասկանալի չեն: Օրինակ, հասկանալի չէ, թե մենք ինչպես պետք է մեր զեկույցը կազմենք, իսկ մեր օտարերկրյա գործընկերներից իմացել ենք, որ կա համապատասխան ձևաչափ:

-Հանձնաժողովը գնահատական տալո՞ւ է, թե տարիներ շարունակ ոռոգման համակարգի վարկերն ինչ արդյունավետությամբ են ծախսվել կամ գուցե փոշիացվել:

-Հենց հիմա այդ վարկային գործերն ենք ուսումնասիրում, այդ մասին տեղեկություններ ավելի ուշ կտանք: Ջրային ոլորտում վերահսկողությունը շատ թույլ է եղել: Հավելեմ, որ ջրային ոլորտում մենք պետք է ունենանք ռազմավարություն, որի հիման վրա էլ պետք է ձևավորվեն ջրի սակագինն ու ջրօգտագործման մյուս մեխանիզմները: