Մեդիաոլորտին անհրաժեշտ են նոր կարգավորումներ․ ԱԺ-ն սկսում է գործընթացը

հունվարի 16, 2020

Ազգային ժողովը նախատեսում է բարեփոխել մեդիադաշտը կարգավորող օրենսդրությունը։ Հունվարի 16-ին խորհրդարանում կազմակերպված լսումների թեման տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններն էին։ 

Հատկանշական է, որ լսումներին զուգահեռ կառավարության նիստում վարչապետը մի քանի կոշտ գնահատական հնչեցրեց գործող հեռուստաընկերությունների հասցեին՝ նրանց համարելով կոռուպցիոներների լրատվամիջոցներ։

«Մեր երկրում նաև հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետությունում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ: Նույնիսկ կասեի, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»»,-կառավարության նիստում հայտարարեց վարչապետը՝ անհրաժեշտ համարելով հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերի անունները հանրայնացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։ 

Վարչապետն այդ լրատվամիջոցներին հիշել էր, երբ քննարկվում էր կառավարության որոշման նախագիծը՝ 26 միլիոն դրամ հատկացնել Լոնդոնում ու Դուբայում գրասենյակներ ունեցող 3m3a ընկերությանը` աուդիտի ենթարկելու Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» կազմակերպությանը։ Աուդիտը պետք է պարզի, թե որքանով են միջազգային չափանիշներին համապատասխանում «Ադմոսֆեր Արմենիա»-ի կողմից հայաստանյան թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրությունն ու հեռուստաչափումները։ 

Թեման արդեն լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից շարունակեց կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ 

Նրա խոսքով՝ երկար տարիներ հայկական մեդիաոլորտը եղել է մոնոպոլիզացված ու կենտրոնացված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ձեռքին։ 

«Թիվ մեկ փեսայի կողմից հեռուստադաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի բոլոր ճյուղերի զավթմամբ: Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստաընկերությունների վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումարը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկա կայսրությունը, որի մնացորդները այսօր էլ դեռ կան: Սա իրականում մեդիահամակարգ չէր, քանի որ որևէ երկրում նման համակարգ չկա, երբ ցուցադրողը, ռեյտինգ չափողն ու գովազդի գումար բաշխողը միմյանց փոխկապակցված են», -հայտարարեց նա՝ ընդգծելով, որ աուդիտը կպարզի՝ արդյոք կատարվել են խախտումներ։

Ըստ պատգամավորների՝ մեդիաոլորտը կարգավորող հիմնական՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է և չի համապատասխանում ժամանակի պահանջներին: 

«Գործող օրենքը հնացած իրավական գործիք  է, այն համահունչ չէ Եվրոպայում գործող տեսալսողական մեդիածառայությունների կարգավորումներին: Այն չի պարունակում բավարար դրույթներ, որոնք ի զորու են տեսալսողական մեդիածառայություններում  ապահովել  անկախությունն ու   բազմակարծությունը», -հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը: 

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի երեք  հասարակական կազմակերպություններ՝ «Երևանի մամուլի ակումբը», «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»   ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով են ներկայացրել  օրենքի նախագիծ, որը միանշանակ չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից, քանի որ դրանում խիստ արմատական փոփոխություններ էին առաջարկվում:  Մասնավորապես, առաջարկվել է թվային հեռարձակման ցանցից դուրս մղել մասնավոր հեռուստաընկերություններին, ստիպել նրանց միասնական ջանքերով ստեղծել մասնավոր մուլտիպլեքս։ Հեռուստաընկերությունները, սակայն, ընդդիմացել են այդ նախագծին՝ ֆինանսական հիմնավորումներով, նշել են, որ առաջարկը կարող է շատ հեռուստաընկերությունների փակման պատճառ դառնալ։ Թևոսյանն ասաց, որ խորհրդարանական մեծամասնությունը հավատարիմ է խոսքի ազատության ու բազմակարծության ապահովման սկզբունքներին ու այս պահին չի գնա առաջարկվող արմատական փոփոխությունների ճանապարհով։

Փոխարենը, նրա խոսքով, ներկայացված նախագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովը որպես օժանդակ նյութ կօգտագործի տեսալսողական մեդիածառայությունների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը մշակելիս:

Անդրադառնալով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ Թևոսյանն ասաց, որ պետք է վերանայել խորհրդի անդամների ընտրության կարգը։ Նա չբացառեց հանրային հեռուստառադիոընկերության օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը։ 

Նրա խոսքով, նոր օրենքով անհրաժեշտություն կա ավելացնել ոլորտը կարգավորող վերահսկողական մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները՝ ՀՀ Սահմանադրության սահմաններում։ «Կարիք է նկատվում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնի նաև հեռուստահաղորդումների տարիքային ռեյտինգավորումը, հեռարձակման ժամային գոտիների սահմանումը, ինչպես նաև արձագանքելու հնարավորությունը տարբեր իրավունքների խախտումներին, գռեհկաբանությանը, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության տեսարաններին», -նշեց Թևոսյանը։ 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նկատեց, որ նոր օրենք մշակելուց բացի՝ կարիք կա ամբողջությամբ կարգավորել  մեդիահարթակից սփռվող բովանդակությունը՝ հեռուստաեթերում թե համացանցում, որտեղից    ամենից շատն է տարածվում ատելության խոսքն ու  ապատեղեկատվությունը: 

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ նշելով, որ հայաստանյան լրատվամիջոցներից ամենամեծ ճնշման տակ գործում են հենց հեռուստաընկերությունները։ «Մենք սահմանափակված ենք տարբեր օրենքներով՝ հեռուստատեսության մասին, գովազդի մասին, մեր գլխին է Հեռուստատեսության հանձնաժողովը, որ ամեն օր գրում է՝ սա կարող եք, սա չեք կարող, և այլ սահմանափակումներով, կաշկանդումներով, որոնք անհրաժեշտ են իհարկե, որովհետև հանրային տիրույթում ենք գործում», -ասաց նա՝ կարևորելով քննարկումները։ 

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ քննարկումների արդյունքում պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ լրատվամիջոցները, հեռուստատեսությունները զերծ մնան քարոզչամիջոցի վերածվելու տխուր ու վտանգավոր հեռանկարից: 

«Շուրջ երկու տասնամյակ Հայաստանում հեռուստատեսային ոլորտը սեփականաշնորհված է եղել գործող իշխանությունների կողմից, հեռուստատեսությունները կատարել են ոչ թե տեղեկատվություն հաղորդելու, այլ քարոզչություն իրականացնելու առաքելություն: Դրա շրջանակներում ոչ թե ինքնակարգավորվել են կամ գործել համապատասխան օրենսդրության շրջանակներում, այլ աշխատել են իշխանական մի քանի աշխատասենյակներում ընդունված իմպերատիվ որոշումների հանգույն: Հեռուստաընկերություններն այդպիսով կատարել են պահի իշխանությունների քարոզչական ցուցափեղկի դերը՝ հասարակությանը ներկայացնելով վիրտուալ իրականության այնպիսի պատկեր, որը աղերս չուներ մարդկանց իրական կյանքի, հոգսերի ու խնդիրների հետ»,-նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ պետք է կարողանալ գտնել արդյունավետ գործիքներ ու մեխանիզմներ՝ հանրությանը տեղեկատվական մանիպուլյացիաներից ու տեղեկատվական գրոհներից զերծ պահելու համար: 

Մեդիափորձագետների, հասարակական կազմակերպությունների ու հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների ավարտին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ասաց, որ դաշտը կանոնակարգող օրենքի նախագծի մշակումը նախատեսվում է այս նստաշրջանում և խնդրեց ներկաներին համագործակցել ու ներկայացնել առաջարկներ: