Մեկնարկել է Սահմանադրությունը բարեփոխելու հերթական գործընթացը

հունվարի 20, 2020

Դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Սահմանադրական բարեփոխումները նախատեսված են կառավարության՝ ավելի վաղ ընդունած դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2019-2023թթ. գործողությունների ծրագրով:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամներից: Ի պաշտոնե հանձնաժողովի անդամ կլինեն Արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը և ՄԻ պաշտպանը: Մեկական ներկայացուցիչներ լինելու են ԱԺ երեք խմբակցություններից, լիազորված մեկ անձ ներկայացնելու է Դատավորների ընդհանուր ժողովը: Հանձնաժողովում ընդգրկվելու են իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող վեց իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երկու ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում արդարադատության նախարարի ներկայացմամբ որպես լրացուցիչ անդամ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից:

Հունվարի 13-ին մեկնարկել է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը։ Այս առիթով ֆեյսբուքում կատարած իր գրառման մեջ Արդարադատության նախարարը նշել էր, թե Սահմանադրական դատարանի նախագահը չի կարող մասնակցել սահմանադրական բարեփոխումներին, իսկ դատավորները՝ որպես իրավաբան գիտնականներ, կարող են իրենց թեկնածությունն առաջադրել:

Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկը պետք է կազմել մինչև հունվարի 27-ը:

Թիրախում դատաիրավական համակարգն է

Սահմանադրական բարեփոխումների առանցքում լինելու են ՍԴ-ն, Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը․ նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ «Խնդիր է դրված վերականգնել վստահությունն այդ ատյանների նկատմամբ»:

Արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների միջոցով իշխանությունը ուզում է լուծել իր իսկ արձանագրած ՍԴ ճգնաժամը՝ հայտնի չէ: Նախարարը չի բացահայտել՝ կա՞ կառավարման համակարգը փոխելու և նորից կիսանախագահական կամ նախագահական համակարգին վերադառնալու մտադրություն, բայց ասել է, որ նախատեսվում է վերանայել 2015թ. ընդունված Սահմանադրությամբ ամրագրված կայուն մեծամասնության համակարգը, որը մեկ ուժի թույլ է տալիս Ազգային ժողովում ձևավորել բացարձակ մեծամասնություն: Մտադրություն կա գնալ կոալիցիաներ ձևավորելու ճանապարհով: Քննարկվելու է նաև պատգամավորների թվաքանակը նվազեցնելու դրույթը:

Նախատեսվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ավարտին հասցնել 2-3 ամսից և դնել հանրային քննարկման, իսկ մինչև տարեվերջ ներկայացնել այն նաև միջազգային փորձաքննության: Ամենայն հավանականությամբ, 2020-ի ավարտին՝ գործող Սահմանադրության ընդունումից ուղիղ 5 տարի անց, կանցկացվի նոր սահմանադրական հանրաքվե: Աշխատանքների դանդաղ ընթացքի պարագայում հանրաքվեն կանցկացվի 2021թ.:

Սահմանադրական բարեփոխումների նպատակը

Խորհրդարանական երեք խմբակցություններից ոչ մեկը Արդարադատության նախարարի ներկայացրածից ավելին չգիտի։ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ իրենք անգամ չեն քննարկել, թե ում են գործուղելու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում նույնպես չունեն այս հարցի պատասխանը: «Բայց իմ կարծիքով ԲՀԿ-ն չի կարող այդ կարևորագույն գործընթացից անմասն մնալ»,- ասում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինիս համար դեռ պարզ չէ, թե որն է լինելու փոփոխությունների առանցքը, ենթադրում է, որ կարևորվելու է դատաիրավական ոլորտը: «Եթե նպատակն այնն է, որ ազատվեն գործող ՍԴ-ից, չեմ կարծում, որ դրա համար ամբողջ երկիրը պիտի դնեն սահմանադրական փոփոխությունների ևս մի հանրաքվեի ռեժիմի տակ։ Եթե նպատակը դատական համակարգում այլ փոփոխություններ անելն է, կոնցեպտը դեռ մեզ չի ներկայացվել: Բայց ի՞նչը չի բավարարում գործող Սահմանադրությունը, ի՞նչ մեխանիզմներ չի տալիս անկախ դատական համակարգ ունենալու համար, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել։ Իսկ եթե նպատակը ընդամենը Հրայր Թովմասյանից ազատվելն է, ես չեմ կարծում, որ դրա համար ամբողջ երկիրը պետք է գնա այդ գործընթացին, ծախսվեն հսկայական ռեսուրսներ։ Եթե պարզվի, որ այդպես է, ուրեմն, դա անընդունելի օրակարգ է մեզ համար»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ իշխանության փոփոխություններից տեղյակ չէ և ունի փոփոխությունների իր առաջարկները: Պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է, թե սահմանադրական բարեփոխումները պետք է ուղղված լինեն իրական խորհրդարանական հանրապետության համար առկա սահմանադրական գործիքների երաշխավորմանը։ «Մենք ունենք Սահմանադրությամբ երաշխավորված խորհրդարանական հանրապետություն, որտեղ գործնականում խորհրդարանի դերը նսեմացված է հօգուտ վարչապետական համակարգի։ 2015թ փոփոխությամբ սա միտումնավոր արվեց, որ վարչապետը կարողանա վերահսկողության տակ պահել թե ԱԺ-ն, թե գործադիր իշխանությունը։ Այս տրամաբանությունը մենք պետք է վերացնենք»,- ասում է նա:

Պատգամավորը հավելում է, թե Սահմանադրության մեջ պետք է այնպիսի մեխանիզմներ ամրագրել, որոնք կավելացնեն ընդդիմադիր խմբակցությունների լծակները և կնպաստեն, որ ԱԺ-ն կարողանա իրական վերահսկողություն ունենալ գործադիր իշխանության բոլոր պետական մարմինների՝ այդ թվում նաև անվտանգության ոլորտի նկատմամբ։ Տարոն Սիմոնյանն ընդգծում է, որ պետք է բարեփոխել դատաիրավական համակարգը: «Գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը չունի երաշխավորված ազատություն, մենք պետք է ընդգծենք դատավորի անկախության դերը, որ կարողանանք դատական իշխանությունն անկախ պահել թե գործադիրից, թե օրենսդիրից։ Մեր օրենսդիրները, հատկապես իշխանական պատգամավորները, հաճախ են ասում, որ դատավորները պետք է ենթարկվեն ԱԺ-ին, քանի որ ԱԺ-ն լեգիտիմ ընտրված մարմին է: Այդպես չէ։ Մենք դա պետք է բացառենք սահմանադրական երաշխիքների միջոցով, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե դատավորի անկախության նկատմամբ կարելի է ոտնձգություն անել»,-ասում է ԼՀԿ պատգամավորը։

Նախագահական կամ կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին խոսակցությունները Տարոն Սիմոնյանը անընդունելի է համարում: «Անընդհատ չենք կարող պետական ապարատը հետուառաջ բերել, ինչ է, թե հարմարեցնենք մեր քաղաքական նպատակահարմարությանը։ Ընդունվե՞լ է խորհրդարանական կառավարման համակարգը, պետք է դրա լավագույն ձևն ընտրենք ու լիարժեք կենսագործենք։ Ցանկացած կառավարման համակարգ կարող է լինել լավը կամ վատը։ Պետք չէ 5-10 տարի հետ գնանք, պետք է եղածը կատարելագործենք։ Նախկին համակարգին անցնելու պարագայում ես քաղաքական նպատակահարմարություն եմ տեսնում, և քաղաքական շարժառիթը բոլորիս է հայտնի»,- եզրափակում է պատգամավորը։

Անկախ Հայաստանի 29 տարիներին, 10 տարվա ընդմիջումներով, ՀՀ երեք նախագահներն էլ սահմանադրական հանրաքվե նախաձեռնել են։ Առաջին Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 1995թ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. նախաձեռնեց մայր օրենքի առաջին փոփոխությունները՝ կառավարման նախագահական համակարգը փոխարինելով կիսանախագահական համակարգով: Այսօր նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: 2015թ. սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Այս անգամ կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինվեց խորհրդարանականով: