Ստեղծված՝ իրավունքի ուժով, մերժված՝ ուժի իրավունքով

հունվարի 22, 2020

Երևան համայնքին տարբեր սուբյեկտների կողմից տրանսպորտային միջոցներ ու այլ գույք նվիրաբերելու գործընթացի թափանցիկությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովը չձևավորվեց։ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում չընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը, թեպետ ավելի վաղ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ ունեն բավարար կամք՝ ուսումնասիրելու Երևանի քաղաքապետարանում ընդդիմության բարձրացրած խնդիրները հնարավոր «կոռուպցիոն գործարքների» հետ կապված։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խորհրդարանական մեծամասնությանը կոչ արեցին կողմ քվեարկել քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշմանը՝ հնարավորություն տալով քննել բարձրացված հարցերը 

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցի հիմնավորմամբ՝ նման լիազորությամբ հանձնաժողով ստեղծելը հակասում է Սահմանադրությանը, ինչը կարող է վատ նախադեպ լինել։ «Մենք ունենք իրավական կազուսային իրավիճակ երբ, մի կողմից, կարող է իրավունքի ուժով ստեղծվել քննիչ հանձնաժողով, իսկ մյուս կողմից՝ խնդիրը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Մենք նման իրավունք չունենք, այդ գործառույթը կարող է անել բացառապես Երևանի ավագանին»,-հայտարարեց Մակունցը՝ առաջարկելով Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին իրականացնել այդ վերահսկողական գործառույթը։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրացրեց՝ իշխանական մեծամասնությունը խնդիրները կոծկելու մտադրություն չունի։ «Դա պետք է անել ինստիտուցիոնալ ձևով, և քաղաքական մեծամասնությունը չի կարող գնալ մի քայլի, որը կասկածելի է սահմանադրականության առումով»,-հավելեց Միրզոյանը։ Նկատենք, որ որոշման նախագծով առաջարկվում էր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը լինելու էր մեծամասնություն։

Խորհրդարանում մթնոլորտը թեժացավ քվեարկությունից հետո, երբ Էդմոն Մարուքյանը իշխանական մեծամասնությանը մեղադրեց ընդդիմության սահմանադրական լիազորությունները տապալելու և կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությունից խուսափելու մեջ։ 

«Նման բան, պարոն Միրզոյան, նախկին խորհրդարաններում չի եղել։ Որ ասում եք՝ քաղաքական կամք կա, չկա նման բան։ Դուք այս գործողությամբ ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն գործարքների մասին ուսումնասիրություն կատարելու համար։ Սրանից հետո էլ կոնկրետ ի՞նչ խայտառակություն պետք է լինի», -ասաց Մարուքյանը՝ կատարվածը համարելով հետընթաց։

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը՝ կոչ անելով կոռեկտ արտահայտվել. «Եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ Ձեր նախկին գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք էն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»: 

Մարուքյանը տեղից մոտեցավ Ռուբինյանին՝ վրդովված խոսելով ու ընդհատելով նրան։ Մարուքյանի խոսքերը լսելի չէին, փոխարենը լսվեց Ռուբինյանի կոչը. «Ուզում եք քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողով»։ Մարուքյանը թույլ չտվեց, որ Ռուբինյանն ավարտի ելույթը, ինչի համար ԱԺ նախագահը նրան նախազգուշացում հայտարարեց։ ԼՀԿ խմբակցության ղեկավարը լքեց ԱԺ նիստերի դահլիճը, բայց իր վրդովմունքը շարունակեց նիստից հետո հրավիրված հրատապ ասուլիսում։ Լրատվամիջոցների առջև ևս Մարուքյանը նույնը հայտարարեց՝ պնդելով, որ կատարվածը աննախադեպ էր. «Սա շատ վատ ավանդույթի սկիզբ է, որը կարող է դառնալ ավանդական»: Ընդդիմադիր խմբակցության առաջնորդը վստահ է, որ նման քաղաքականությամբ իշխանական մեծամասնությունը մսխում է ժողովրդի վստահությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին անդրադարձավ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Նա նույնպես կարծում է, որ «Կամազների» նվիրատվության հնարավոր կոռուպցիոն ռիսկերը պետք է ուսումնասիրի Երևանի ավագանին: Վարչապետը խորհրդարանականներին տեղեկացրեց, որ խնդիրը քննարկել են մի քանի փուլով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, հետո հարցն ուղարկվել է արդարադատության նախարարություն, որտեղից ստացված պատասխանի հիման վրա էլ նման որոշում է կայացվել։

«Ես նույնիսկ գաղտնիք ասեմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում այդպիսի հարց է դրվել, որ կարող է այսպիսի իրավական խնդիր լինել, մենք շատ թերահավատ ենք վերաբերվել վարչությունում և նույնիսկ բացասաբար ենք արտահայտվել նման քաղաքական դիրքորոշման նկատմամբ, բայց իրավական վերլուծությունը մեզ բերել է համոզման, որ այս իրավիճակում պետք է իրավական լինենք։ Ճիշտը դա է», - ասաց Փաշինյանը:

Ավելի ուշ՝ արդեն հարցուպատասխանից հետո, Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց Փաշինյանին՝ նրան հիշեցնելով, որ ավագանին, քաղաքապետարանի որևէ վարչություն կամ արդարադատության նախարարությունը չեն որոշում՝ ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ, և այդ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: