2016-ին սխալներ եղել են․ Սեյրան Օհանյանը քննիչ հանձնաժողովում էր

հունվարի 30, 2020

2016-ի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի հրավերով խորհրդարան էր եկել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սպասվում էր, որ նա հանձնաժողովականներին առանցքային տեղեկություններ կհաղորդի, քանի որ 4 տարի առաջ հենց Օհանյանի պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան, որի հետևանքով հայկական կողմը 90-ից ավելի զոհ ունեցավ:

Խորհրդարանում պաշտպանության նախկին նախարարին ուղեկցում էր Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նախկին պաշտոնյային նաև պաշտպանում էր լրագրողների տհաճ հարցերից։ Նա, օրինակ, կարողացավ Սեյրան Օհանյանին թևանցուկ հեռացնել լրագրողներից, երբ նրանք փորձում էին նախկին նախարարին մարտի 1-ի գործի վերաբերող հարց տալ:

Սեյրան Օհանյանը մինչև Քննիչ հանձնաժողովում «հարցաքննվելը», այցելել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շուրջ երկու ժամ զրուցել նրա հետ:

Հանձնաժողովում անցկացրած մի քանի ժամից հետո նա դահլիճից դուրս եկավ բարձր տրամադրությամբ: Ասաց, որ քննարկումը ջերմ էր, բաց, նույնիսկ՝ ընկերական։ Ընդգծեց, որ որպես պահեստազորային՝ երկար ժամանակ «այսքան լարված ու հաճելի աշխատանք» չէր ունեցել:

«Ապրիլյան իրադարձությունների ժամանակ բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է և դեռ ավելին՝ մեր բանակի հրամանատարական կազմի զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակներում կարողացել են հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցվել են»,-լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը: Ավելին, նա վերահաստատեց, որ ապրիլյան պատերազմի չբացահայտված դրվագներ չկան։

Նախկին պաշտոնյան տեղեկացրեց, որ Քննիչ հանձնաժողովի նիստում ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների վերաբերյալ ինֆորմացիա է փոխանցել հանձնաժողովականներին, որոնք հիմք կլինեն Հանձնաժողովի եզրակացությունը ձևավորելու համար։

«Մենք քննարկել ենք, իհարկե, եղել են տարբեր բացթողումներ և տարբեր թերություններ։ Ցույց տվեք մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Ես ՊՆ-ում իմ երկարատև աշխատանքի ընթացքում միշտ ասել եմ՝ սխալ ունենալը և դրանք վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն», -ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ եղե՞լ են ճակատագրական սխալներ, պաշտպանության նախկին նախարարը բացասական պատասխան տվեց ու հորդորեց լրագրողներին չընկնել առաջ, սպասել մինչև Քննիչ հանձնաժողովը կանի եզրահանգումներ ու կհրապարակի դրանք։

Թույլ տված սխալների համար պատասխանատվության կանչելու մասին հարցին ի պատասխան, Օհանյանը նկատեց, որ ժամանակին Արցախի ղեկավարությունը և Արցախի պաշտպանության բանակի ղեկավարությունը որոշումներ ընդունել են, պատասխանատվության ենթարկել են ու կարգապահական տույժեր են կիրառել։ «Ինչ վերաբերում է այլ խնդիրներին, ապա կարծում եմ՝ հանձնաժողովը ինքը պետք է որոշում կայացնի, և ես չեմ կարող ուղղություն ցույց տալ, բայց այդ ամենը Քննիչ հանձնաժողովի գործառույթների մեջ չի, էլի»,- ընդգծեց նա։

Մինչև Հանձնաժողովի եզրակացությունը՝ Պաշտպանության նախկին նախարարը շեշտում է՝ Զինված ուժերի հրամանատարական կազմը իմացել է իր պարտականությունները ու իրականացրել է։

«Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման հարցով, նկատի ունեմ վառելիքաքսուկային նյութերի ապահովման առումով որևէ խնդիր չի ունեցել։ Իսկ եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, դաժանություններից», -ասաց Սեյրան Օհանյանը։

«Իմ քայլը» խմբակցության պահանջով ձևավորված այս Քննիչ հանձնաժողով հրավիրվել են տասնյակ զինծառայողներ։ Հանձնաժողովականների հարցերին պատասխանել ու տեղեկություններ են փոխանցել Պաշտպանության գործող նախարար և նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2016-ին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: