Խորհրդարանի 3–րդ քայլը՝ ՍԴ ճգնաժամը լուծելու ճանապարհին

փետրվարի 4, 2020

Փետրվարի 6-ին նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ. նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է, օրակարգում, ենթադրվում է, լինելու են իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից շրջանառության մեջ 3 դրված նախագծերը: «Մենք պիտի գտնենք այն ճանապարհը, որով Ազգային ժողովը կառաջարկի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը»,- արտահերթի առիթով լրագրողներին ասել էր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերով փոփոխություններ են առաջարկվում «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում:

Արտահերթ նիստ հրավիրելու որոշում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել էր դեռևս հունվարի 30-ին, բայց հաջորդ օրն իսկ այն ճանաչել էր անվավեր` առաջարկելով «արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած ԱԺ պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին»: 

Փետրվարի 4-ին նախատեսված ԱԺ խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր արտահերթ նիստի օրակարգը, հետաձգվել է։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ նիստը կկայանա փետրվարի 5-ին: Ըստ նրա՝ խմբակցությունը մեկ օր ժամանակ է խնդրել օրենսդրական փաթեթն ուսումնասիրելու համար:

Սահմանադրությունը փոխելու համար պարտադիր չէ դիմել ՍԴ

Այսօր գործող օրենսդրական կարգավորումներով, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ամբողջական ընդունումը, ԱԺ-ն նախագիծը ՍԴ դատին ներկայացնելու որոշում պետք է ընդունի: Վահագն Հովակիմյանն առաջարկում է այս որոշումը չընդունելու դեպքում հարցը քվեարկության դնել առանց ՍԴ-ի եզրակացության: Հեղինակը երեք օրինագծերով առաջարկում է հանրաքվեի դրվող կամ Ազգային ժողովում ընդունվող Սահմանադրության փոփոխությունների նախագծերի համար ՍԴ-ի կողմից դրանց սահմանադրականության որոշումը դարձնել ոչ պարտադիր:

Պատգամավորը նաև առաջարկում է, որ խորհրդարանում ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ նախագահը հրապարակի անձամբ՝ առանց ստորագրման նպատակով հանրապետության նախագահին ուղարկելու:

Սահմանադրության համաձայն՝ մայր օրենքում փոփոխությունների երկու ճանապարհ կա․ հոդվածների մի մասի փոփոխության դեպքում հանրաքվեն պարտադիր է, մի մասը կարող փոխել ԱԺ-ն`պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Վահագն Հովակիմյանն իր նախագծերը հիմնավորել է այսպես. Սահմանադրության ընդունմանը, փոփոխությանն ու հանրաքվեին վերաբերող հարցերը կարգավորող գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ, բայց ՍԴ լիազորություններին վերաբերող հոդվածում կա ձևակերպում, թե մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը ՍԴ-ն որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Հեղինակը կարծում է, որ միայն այդ ձևակերպումը չի նշանակում, թե ՍԴ դիմելը պարտադիր է, քանի որ ՍԴ-ն հարցին անդրադառնում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Ընդդիմությունը դեմ է

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ լիարժեք չի պատկերացնում, թե Վահագն Հովակիմյանի այս 3 օրինագծերն ինչպես են հանգուցալուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: «Բարգավաճ Հայաստանը» խուսափում է տեսակետ հայտնելուց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ դատաիրավական համակարգին վերաբերող սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել ոչ թե ԱԺ-ի, այլ միայն հանրաքվեի միջոցով: Պատգամավորը չի հասկանում նաև, թե ինչու է շտապում խորհրդարանական մեծամասնությունը՝ չէ՞ որ դեռևս կազմավորված չէ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, և ներկայացված չէ փոփոխությունների նախագիծը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ համոզված է, որ իշխանություններն այս փոփոխություններն առաջարկում են հենց սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՍԴ-ն շրջանցելու համար: «Մենք սրանով խախտում ենք Սահմանադրական դատարանի իշխանության սահմանը։ Եվ քանի որ խնդիրը չենք նայում անձերով, նայում ենք ինստիտուտներով, մենք մտնում ենք այդ ինստիտուտի տարածք: Ըստ էության, ապականում ենք այդ ինստիտուտի լիազորությունների ամբողջ շղթան, որը կապված է սահմանադրական փոփոխությունների որևէ նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու հետ։ Իրենք տեսնում են, որ սահմանադրական այնպիսի փոփոխությունների նախագիծ կարող են առաջարկել, որը ակնհայտ խնդիրներ կառաջացնի Սահմանադրության հետ, և ուզում են շրջանցել ՍԴ-ն»,- ասում է Էդմոն Մարուքյանը: Նա կարծում է, որ նախագծերը կարող են խնդիրներ առաջ բերել նաև միջազգային պարտավորությունների կատարման առումով.- «ԵԽԽՎ համազեկուցողների վերջին հայտարարությունը մեզ համար արդեն իսկ շահեկան չէ։ Դրա մեջ հստակ ուղերձներ կան իշխանությանը, որ մի՛ մտեք դատական իշխանության տիրույթ, մի՛ խախտեք հակակշիռները»,-համոզված է Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլի» նախաձեռնությանը դեմ են նաև նախկին իշխանությունները: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «օրենքի նոր նախագիծը դասական պետական հեղաշրջման օրինակ է՝ ՍԴ-ի եւ երկրի նախագահի լիազորությունների յուրացմամբ»:

Միջազգային կառույցները մտահոգ են

Անցած շաբաթ Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հայտարարություն էին տարածել, թե «շատ մտահոգված են Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ լարվածության բարձր մակարդակով»: «Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշման գործադրում։ Որպես հավելում, մենք բոլոր կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը»,-նշել են համազեկուցողները:

Չուշացավ նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի արձագանքը. «Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ»,-ասվում է մասնավորապես նրա հայտարարության մեջ:

Իշխանությունը, իր իսկ արձանագրած ՍԴ-ի ճգնաժամը լուծելու համար, արդեն երկու նախաձեռնություն ներկայացրել է: Անցած աշնանն ընդունված որոշմամբ ԱԺ-ն ՍԴ-ին առաջարկել էր Հրայր Թովմասյանին զրկել Դատարանի նախագահի լիազորություններից: ՍԴ-ն այն քննության չէր վերցրել: Իսկ տարեվերջին ԱԺ-ն, կառավարության առաջարկով, օրենք էր ընդունել ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին: Օրենքի կատարման ժամկետը ավարտվում է փետրվարի վերջին, բայց առ այսօր ՍԴ որևէ դատավոր իշխանության առաջարկը չի ընդունել: