Իշխանությունը դիմում է ժողովրդի օգնությանը

փետրվարի 6, 2020

Փետրվարի 6-ին, շուրջ 8 ժամ տևած քննարկումից հետո «Իմ քայլը» ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց իր իսկ ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծին: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ էին։ Նախագիծը քննարկելու համար խորհրդարանական մեծամասնությունը հանդես էր եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:  

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման դրվեց Ազգային ժողովի կողմից չընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը՝ ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով։ Այս նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը՝ դարձյալ ամբողջ կազմով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ էր: Նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրեթե չմասնակցեց, իսկ «Լուսավոր Հայաստանը» իշխանությանը մեղադրեց հակասահմանադրական քայլեր անելու մեջ:

Ինչպես փոխվեցին ծրագրերը

Ժամը 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստն սկսվեց ու ընդամենը մի քանի րոպե անց ավարտվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ծրագրերի փոփոխություն է եղել, և նախագծերի հեղինակը որոշել է արտահերթի օրակարգում  տեխնիկական շտկումներ անել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանական խմբակցությունը հրաժարվում է «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթից, և դրանք հանվում են նիստի օրակարգից։ Օրակարգում մնաց մեկ հարց՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում էր փոխել Սահմանադրության 213-րդ հոդվածը և դադարեցնել Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունները։ Քննարկման ընթացքում պարզվեց, որ մեծամասնությունը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնելու է ոչ թե Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու, այլ ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով այն ընդունելու:

««Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու սույն նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով Ազգային ժողովին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է։ Մենք հավատում ենք մեր ժողովրդին և ասելիք և լսելիք ունենք մեր ժողովրդից», - փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Իրեն հարցեր ուղղող պատգամավորներին նա պարբերաբար հորդորում էր   ընթերցել նախագիծը։ Մտքերի փոխանակության համար հերթագրվել էր 45 պատգամավոր, մեծ մասը՝ «Իմ քայլը» խմբակցությունից: Նրանց ելույթների քննադատության կենտրոնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր։

Գայանե Աբրահամյանը Սահմանադրական դատարանը անվանեց «նախորդ ռեժիմի վերջին որջը», որը հեղափոխությունը պետք է մաքրի։ «Պետք է հիասթափեցնեմ նախկինի կարգավիճակին համակերպվել չցանկացող գործընկերներիս։ Այո՛, ժողովրդի կամքով ձևավորվելու է նաև այս մարմինը, և այլևս չեք կարող տարիներով կեղեքված քաղաքացու վրա ոտքերը մաքրել։ Սա մեր երկրում բացառվելու է և բացառվելու է ընդմիշտ», -հայտարարեց Աբրահամյանը։ Հայկ Կոնջորյանի խոսքով էլ՝ ՍԴ-ն բաստիոն է, որտեղից «ամենակեղտոտ ձևերով կրակում են նոր Հայաստանի վրա»։ «Յուրաքանչյուրս ունենք ընդամենը մեկ փամփուշտ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար: Այդ պատկերավոր փամփուշտը մեկ քվեն է, այդ մեկ քվեն մենք ցանկանում ենք  տալ ձեզ»,-ասաց Կոնջորյանը։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը ուսումնասիրել է նախագիծը և եզրակացրել՝ հակասահմանադրական է, և իրականացվում է հակաիրավական գործընթաց։ «Լավ եք անում, որ պայքարում եք, մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ պայքարեք, հազարի դեմ պայքարեք, բայց օրենքով պայքարեք։ Օրենքի խախտումները մի՛ կուտակեք ձեր վրա, որ հետագայում այդ օրենքի խախտումներով մի գործընթաց սկսվի, որից տուժողը դուք չեք, Պողոսը չի, Պետրոսը չի, Հայաստանի Հանրապետությունն է», -դիմելով մեծամասնությանը, ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով, Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը կարդալուց հետո պետք էր ուսումնասիրել նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասը, որի համաձայն, Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ 88 կողմ ձայներով ընդունվելուց հետո ներկայացվում է ՍԴ-ի եզրակացությանը։ Այն ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու, հանրաքվե նշանակելու հարցը։ Ըստ Սիմոնյանի՝ քանի դեռ Սահմանադրության փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, չի կարող դրվել հանրաքվեի։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին մի քանի հարց էր հետաքրքրում. «Ես չեմ հասկանում, ժողովրդին ինչու եք տանում տեղամասեր: Այստեղ արեք, ինչ անում եք: Մարդիկ ներվեր ու հավես ունե՞ն ընտրական պրոցեսի մեջ մտնելու: Սրանով դուք շանս եք տալիս ձեր ասած սևերի մեդիային, ինչո՞ւ եք օգնում Սերժ Սարգսյանին, այս ի՞նչ դավադրություն է, ի՞նչ եք անում: Հանրաքվեի օրենքը կարդացե՞լ եք: Պետությունը 60 օր մտցնում եք քարոզարշավի մեջ: Դուք գիտե՞ք, որ Արցախում ընտրություններ են սպասվում: Մի՞թե արժեր Հրայր Թովմասյանի համար այսքան բան արժեզրկել ու զոհաբերել, որ միջազգային կառույցներում Հայաստանի մասին հայտարարություններ ընդունվեն: Ոչ, չարժեր»։

ՍԴ-ի «պահապան շունը»

Աշխատանքային օրվա ավարտին խորհրդարան եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ԱԺ կանոնակարգ-օրենքը վարչապետին տալիս է արտահերթ ելույթի հնարավորություն: Նրա խոսքով՝ «Սահմանադրական դատարանը Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար»։ Այդպես, ըստ Փաշինյանի, եղել է 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում։ Փաշինյանը նույնիսկ հեգնեց՝ նշելով, թե Սահմանադրական դատարանի անդամներն ու նախագահը իրավակիրառ պրակտիկայի մասին բազմաթիվ գրքեր են գրել, բայց այդպես էլ չեն պատասխանել մի պարզ հարցի՝ ինչպե՞ս է ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների լցոնում եղել, ինչպե՞ս են մեռած հոգիները մասնակցել քվեարկություններին և այլն։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին և հայտարարեց, որ նա ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար:

«Ըստ էության, գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև՝ հետևյալ տրամաբանությամբ: Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն, պետք է այդ տեքստը նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության», -հայտարարեց Փաշինյանը:

Նրա եզրակացմամբ՝ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես «կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի «վոչդոգ, որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն»: 

Նիկոլ Փաշինյանը հատուկ դիմեց Սահմանադրական դատարանի անդամներին: Ասաց, որ նրանց վիրավորելու միտում չունի, բայց եթե իր ելույթից անձնական առումով որևէ մեկը վիրավորել է, ներողություն է խնդրում։

«Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչև Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը և դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Ասեմ նաև, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով և կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը:

Եթե դա ձեզ համար ընդունելի է՝ շատ լավ, եթե դա ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն հարցը, համոզված եմ, կլուծի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որովհետև Սահմանադրությունն է ժողովրդի համար, և ոչ թե ժողովուրդը՝ Սահմանադրության», -հայտարարեց Փաշինյանը։