Լինելու է իշխանության վստահության հանրաքվե․ Ն․Բաղդասարյան

փետրվարի 10, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբագրության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ

-Արտախորհրդարանական որոշ ուժեր ու իրավաբաններ կարծում են, որ ՍԴ-ի ճգնաժամը, որի մասին խոսում է իշխանությունը, պետք էր լուծել ավելի վաղ՝ հեղափոխության առաջին շրջանում: Ինչո՞ւ այսքան ձգձգեցիք։

-Լուծումը կարող էր լինել միայն խորհրդարանական ընտրություններից հետո, մինչ այդ տեխնիկական մեխանիզմներ չկային: Գուցե Ձեր ասած ուժերը ճիշտ են. պետք էր դեռ անցած տարվա հունվար-փետրվար ամսին ձեռնամուխ լինել այս գործին, գուցե ճիշտ են նաև նրանք, ովքեր ասում են, թե պետք էր նրանց կամովի գնալու հնարավորություն տալ: Ես այն կարծիքին եմ եղել, որ ՍԴ անդամները չունեն կամովի դիմում գրելու ու թոշակի գնալու իրավագիտակցություն: Նույն իրավագիտակցությունը չունեն նաև Ընդհանուր իրավասության որոշ դատավորներ, որոնք նախորդ հանցավոր ռեժիմի հետ կապակցված են եղել:

-Հեղափոխությունից հետո մեկուկես տարի՞ էր պետք, որ իշխանությունը դա հասկանար:

-Հասկանալու խնդիր չկար: Կային գործիչներ, որոնք ասում էին, թե պետք չէ կտրուկ քայլերի գնալ։ Կարծիք կար, թե միջազգային կազմակերպությունները կարող են վատ աչքով նայել այս գործընթացին: Հիմա պետք է փորձենք ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի սահուն կերպով:

-Միջազգային կառույցներն այս դեպքում էլ լավ աչքով չնայեցին. ԵԽԽՎ համազեկուցողներն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կոշտ հայտարարություն տարածեցին, թե լարվածությունը վարչապետի գրասենյակի ու ՍԴ-ի միջև աննախադեպ բարձր մակարդակի է:

-Ինձ հիմնականում հետաքրքրում է ՀՀ քաղաքացին, ինձ այնքան էլ չեն հետաքրքրում միջազգային կառույցների այն զեկույցները, որոնցով ոտնահարվում են մեր պետության ինքնիշխանությունը, մեր քաղաքացու իրավունքները:

-Սահմանադրական փոփոխությունների նախագծից առաջ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց մի նախագիծ, որի համար ԱԺ խորհուրդը հինգ անգամ նիստ հրավիրեց։ Ի վերջո նիստը կայացավ, բայց այդ նախագծերը հետ կանչվեցին, ու քննարկվեց և ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ներկայացվել էր ընդամենը նախօրեին: Ինչո՞ւ այսպես հապճեպ:

-Հապճեպ չէ: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո եմ ասել, որ ԱԺ որոշման կամ հանրաքվեի միջոցով պետք է Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխել:

-Ինչո՞ւ այն ժամանակ ձեզ չլսեցին, և այդ քայլին մեկ տարի հետո գնացին:

-Կային գործիչներ, որոնք մտածում էին, թե պետք է դատավորներին կամավոր գնալու հնարավորություն տալ:

-Այդ գործիչները ձեր խմբակցությունի՞ց էին։

-Նաև մեր խմբակցությունից էին։

-Ձեր խմբակցությունից նման ճանապարհով գնալու ջատագովներից մեկը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր: Նրա խորհուրդների՞նն է իշխանությունը հետևել:

-Չեմ կարող ասել: Մենք եկանք այն մտքին, որ այլ ճանապարհ, քան 213-րդ  հոդվածը փոփոխության ենթարկելն է, չկա: ՍԴ նախագահին ու մյուս անդամներին ես ճանաչում էի, գուցե ոմանք լավ չէին ճանաչում: Նրանք իրավագիտակցությունն այնքան բարձր չէր, որ ասեին, թե հանուն ժողովրդավարությանը մենք կգնանք: Նրանք իրենց անձնական շահը երբեք չէին ստորադասի ժողովրդի շահին:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը օրեր առաջ էր հայտարարել, թե ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի: Տարբեր նախագծեր ներկայացնելու, հետո դրանք հետ կանչելու հապճեպ քայլերը վարչապետի այդ հայտարարությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համա՞ր էր:

-Ոչ, ես ակնկալում էի, որ մենք անցած դեկտեմբերի 1-ին կգնանք այս քայլին: Եթե քրքրեք Սահմանադրության հոդվածները, կտեսնեք, որ ընդունված տարբերակին այլընտրանք չկար: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկները, թե Սահմանադրության այլ հոդվածներ փոխելու միջոցով կարելի էր դրան հասնել, իրավիճակը չէր փոխի:

-Կա նաև կարծիք կա, որ Սահմանադրության 73-րդ հոդվածը արգելում է հետադարձ ուժի իրավունք տալ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենսդրական կամ սահմանադրական փոփոխություններին, իսկ 213-րդ  հոդվածի փոփոխված տարբերակը վատթարացնող հետևանք ունի:

-Այո, եթե օրենքը վատթարացնում կամ սահմանափակում է մարդու պատասխանատվությունը կամ ավելի վատթարացնող պատիժ է սահմանվում, չպետք է կիրառվի: Բայց եթե որևէ պատասխանատվություն կամ պատիժ չի ծանրացնում կամ չի վատթարացնում տվյալ անձի կարգավիճակն իրավունքի տեսակետից, այդ օրենքը պետք է կիրառվի այդ անձի նկատմամբ:

-Նաև հայտարարություն եղավ, թե 213-րդ  հոդվածն ընդամենը անցումային հոդված է և կիրարկվել է արդեն:

-Դրա կիրառման ժամկետը չի սպառվել, թեպետ անցումային հոդվածների գործունեությունը չպետք է այդքան երկար լինի: Այդ հոդվածի ձևակերպումն այնպես էր, որ կիրառումը ձգվում էր մինչև 2035թ.: Նշված է, որ ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005թ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, որը ձգվում է մինչև 2035թ:

-Ենթադրենք՝ ՍԴ անդամները չեն ընդառաջում Նիկոլ Փաշինյանի հորդորին և հրաժարական չեն տալիս, ընդունված փոփոխությունների ու մյուս կարգավորումների համաձայն ե՞րբ պետք է ձևավորվի Բարձր դատարանի նոր կազմը։

-Ես համոզված եմ, որ Հրայր Թովմասյանը չի լսի վարչապետի հորդորը և հրաժարական չի տա։ Կմնա սահմանադրական փոփոխությունների տարբերակը, որը երկամսյա ժամկետ է ենթադրում։ Հետո նոր կլինեն ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրումներ, ընտրություն։

-ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները նորից հայտարարություն են տարածել, թե սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ներկայացնեք Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը։ Կներկայացնե՞ք։

-Ինչո՞ւ ոչ։ Եթե պետք է փորձագետները ուսումնասիրեն, հարստացնեն նախագիծն իրենց առաջարկներով, ինչո՞ւ չպետք է ներկայացնենք։

-Շատերն այն կարծիքին են, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինելու է վստահության հանրաքվե ձեր իշխանության նկատմամբ։ Համաձա՞յն եք:

-Այո, հանրաքվեն լինելու է իշխանության վստահության հանրաքվեն, և ժողովուրդը իր քվեարկությամբ ցույց է տալու, թե որքան է վստահում մեր իշխանությանը։