«Ոչ»-ի պատասխանատուները դեռ հայտնի չեն

փետրվարի 11, 2020

Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, կմեկնարկի փետրվարի 17-ին։ Ազգային ժողովում հանրաքվեի նախագծին դեմ քվեարկած խմբակցությունը, օրենքի պահանջով, յոթնօրյա ժամկետում պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ոչ»-ի շարժում-նախաձեռնությունը գրանցելու համար։ Եթե չդիմի, դա կարող է անել հիսուն քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը։

Իշխանական կամ «այո»-ի ճամբարում ամեն ինչ հայտնի է «այո»-ի շտաբը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Սպասվում է, որ իշխանական կուսակցությունն ամբողջ թիմով շուտով կսկսի քարոզարշավ իրականացնել։

Իրավիճակն այլ է ընդդիմադիր հատվածում. առայժմ ոչ մի ուժ պատասխանատվություն չի վերցրել առաջնորդելու «ոչ»-ի ճամբարը։ 

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», դեռ հստակ որոշում չունիայն կկայացվի կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Խմբակցությունը  ստորագրություններով չի միացել  «Լուսավոր Հայաստանին» Սահմանադրական դատարան դիմելու և հանրաքվե անցկացնելու մասին նախագահի հրամանագիրը վիճարկելու համար։ «Քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ կմնանք», -բացատրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ոչ»-ի քարոզարշավ իրականացնելու պատասխանատվությունից խուսափում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ «Իշխանությունը սպասում է, որ ճամբարներ լինեն, որ իր հրետանիով, մարտակառքերով, հրասայլերով, ատելության քարոզիչների բանակներով գնա այդ ճամբարներին ոչնչացնելու»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ի  դիրքորոշումը հետևյալն է՝ հակասահմանադրական պրոցեսի մեջ պետք է չլինի հակառակ ճամբար, պետք է գործի միայն «այո»-ի շտաբը։ Հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, իշխանությունները քարոզարշավի ժամանակ հայտարարելու են, թե «ոչ»-ի ճամբարը պաշտպանում է նախկին իշխանություններին ու նրանց ներկայացուցիչ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ «Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում», - նշեց Մարուքյանը՝ մյուս ուժերին կոչ անելով չմտնել «ատելության պատերազմի» մեջ և թողնել «այո»-ին միայնակ։

«Ցայտնոտի մեջ հայտնված քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր», - Մարուքյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Նա աբսուրդ է համարում այն, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը դատարկ են թողնում «ոչ»-ի ճամբարը։

«Մենք մի խնդիր ունենք Հայաստանում՝ քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն, այստեղ ես ազնիվ գործելաոճ չեմ տեսնում»,-ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը վստահ է՝ իշխանությանը կհաջողվի հավաքել պահանջվող 650-700 հազար ձայնը՝ առանց ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելու։ «Մենք իշխանական ռեսուրս չենք օգտագործել և  չենք օգտագործելու։ Խնդրում եմ  այդ պրիզմայով մեզ չնայել, դա մեզ համար անընդունելի է։ ՀՀ ժողովուրդը իշխանության կրողն է, ու այսօր կա մի իրավիճակ, երբ փորձ է արվում ժողովրդի ձեռքից խլել իշխանությունը», -ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Չի բացառվում, որ արտախորհրդարանական ուժերն իրենք ձևավորեն «ոչ»-ի ճամբարը։ Չնայած Հանրապետական, ՀՅԴ կուսակցություններն այդ մասին պաշտոնական հայտարարություններ չեն արել, բայց առանձին գործիչներ քննադատել են  ՍԴ յոթ դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցով  հանրաքվե անցկացնելու որոշումը։