Ատելություն քարոզողները ցանկանում են զավթել իշխանությունը․ Մ․ Կարապետյան

փետրվարի 12, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

-Արդեն հայտնի է, որ փետրվարի 17-ին մեկնարկելու է Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավը: Ի՞նչ սպասումներ ունեք:

-Կանխատեսում եմ «այո» դիրքորոշման միանշանակ հաղթանակը։ Նաև խրախուսում եմ հատկապես երիտասարդության ակտիվ մասնակցությունը հանրաքվեին:

-Խորհրդարանում հանրաքվեին դեմ քվեարկած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ «Ոչ»-ի շարժում չի նախաձեռնելու: Դա չի՞ կաշկանդում իշխանությանը, մրցակցային պայմաններ չեն ստեղծվում և հակառակը պնդող կողմը չի լինում, փաստորեն:

-Թե ինչ կանեն մյուս քաղաքական ուժերը, չի կարող կաշկանդել կառավարող ուժի և քաղաքացիների երկխոսությունը։ Իսկ այս երկխոսությունը շատ պարզ հարցի շուրջ է հարգելի՛ քաղաքացիներ, ուզո՞ւմ եք վերկանգնել Սահմանադրության ոգին և ունենալ ձեր վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։

«Լուսավոր Հայաստանը» և ցանկացած լեգիտիմ քաղաքական ուժ չեն կարող այս հարցին տալ բացասական պատասխան և մնալ հանրայնորեն ընկալելի։ Հարցի բովանդակային մասում «Լուսավոր Հայաստանը» չի կարողանում դիրքավորվել որպես ընդդիմադիր ու գտել է ընթացակարգային և այլ պատրվակներ` խուսափելու հարցի բովանդակությունից։ Իսկ բովանդակությունից խուսափում է, որովհետև ունի «ընդդիմադիրի կոմպլեքս» «Լուսավոր Հայաստանին» թվում է, թե այս օրակարգը մեզ հետ կիսելով՝ կկորցնի ընդդիմադիրի իր դեմքը։

-Բացի «Լուսավոր Հայաստանից», ըստ Ձեզ, կա՞ն ուժեր, որոնք կձևավորեն «Ոչ»-ի շարժումը:

-Ես հարցը կվերաձևակերպեի կա՞ն քաղաքական լեգիտիմ ուժեր, որոնք կարող են ասել՝ ոչ, Սահմանադրության ոգին չպետք է վերականգնվի և չպետք է ձևավորվի հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։ Եվ ուրեմն՝ այս հարցի բովանդակային մասին «ոչ» պատասխանող ցանկացած լեգիտիմ քաղաքական ուժ իրեն անխուսափելիորեն դարձնում է անցյալի ջատագովը և կորցնում լեգիտիմությունը։ 

-Տարօրինակ չէ՞ «Բարգավաճ Հայաստանի» վարքագիծը. նրանք չմասնակցեցին հանրաքվե անցկացնելու մասին նախագծի քվեարկությանը, մինչ այժմ էլ հստակ չեն պատասխանել՝ պատրա՞ստ են դիմել ՍԴ, թե ոչ:

-Նույն հարցն է՝ ուզո՞ւմ ենք Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, և ո՞վ է այս հարցի հասցեատերը։ Մենք ասում ենք՝ այո, և այս պատասխանը պետք է վավերացնի ժողովուրդը։ «Բարգավաճ Հայաստանի» ՍԴ չդիմելը կարող է նշանակել միայն մի բան՝ հասկանալ, որ ժողովրդի ազատ կամարտահայտությունը չի կարող ունենալ խոչընդոտ։ 

-Իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարելով՝ իշխանությունը հակասահմանադրական քայլ է կատարել, և այդպես փորձում եք ստեղծել «Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարան»: Այս հարցում իշխանությունը խոցելի տեղեր չունի՞: 

-Իսկապես չունի։ Զուտ իրավական առումով չկա Սահմանադրության որևէ հոդված, որը խախտվում է։ Մենք տալիս ենք հանրային իշխանության երեք ճյուղերից մեկի մասին ամենալեգիտիմ հարցը այդ հարցի պատասխանի ամենալեգիտիմ կրողին՝ քաղաքացուն։ Ինչպես գործընկերներիցս մեկն է ասել՝ Սահմանադրության հեղինակային իրավունքները պատկանում են ժողովրդին, և նույնիսկ այն պարագայում, երբ մենք համոզմունք ունենք այս հարցի պատասխանի շուրջ, մենք այն ուղղում ենք ժողովրդին, և այստեղ չկա և չի կարող լինել որևէ ընթացակարգային «խոտան»։ 

Աբսուրդ է կախյալ Սահմանադրական դատարան ձևավորելու մեջ մեղադրել մի կառավարող ուժի, որը փորձով է ցույց տվել, որ խամաճիկների կարիք չունի։ Այս են վկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը ընդդիմության և կառավարող ուժի կողմից։ 

Պետք է ֆիքսենք, որ հենց Սահմանադրության ոգին վերկանգնելով է, որ կձևավորվի անկախ Սահմանադրական դատարան։ Նախկինում առաջադրումները կատարվել են կուսակցական մարմինների կողմից, իսկ այժմ առաջադրումները կկատարվեն ավելի դիվերսիֆիկացված մարմինների կողմից, և ընտրությունը կկատարվի Ազգային ժողովի կողմից՝ հնարավորություն տալով ձևավորել լայն կոնսենսուս Սահմանադրական մարմինների միջև և հետևաբար՝ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ 

-Էդմոն Մարուքյանը, որպես քարոզարշավին չմասնակցելու պատճառ, նշել էր ատելության մթնոլորտը: Նա ասել էր. ««Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորել, նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, շարունակել սպառնալիքներ ուղարկել գործիչներին, և վերջում էլ մեկի ներվերը չեն դիմանա, քարով կտա մյուսի գլուխը կծակի ու կունենանք արյունահեղություն: Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում»: Ինչո՞ւ եք ատելություն գեներացնում: 

-Երբ մենք՝ կառավարող ուժի ներկայացուցիչներս, խոսում ենք ատելության խոսքի մասին, մենք խոսում ենք քաղաքացու՝ ատելության խոսքից զերծ ապրելու իրավունքի մասին, հանրային ավելի ամուր համերաշխության մասին, սիրո մասին։Երբ մեր ընդդիմությունն է խոսում ատելության խոսքի մասին, նրանք խոսում են իրենց,շեշտում եմ՝ իրենց՝որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձնանց նկատմամբ հանրային քննադատության մասին։ Այո, այդ քննադատությունը երբեմն շատ սուր է, երբեմն` զայրույթ պարունակող, երբեմն՝ նույնիսկ հայհոյանք։ Բացառիկ դեպքերում դա վերաճում է նաև ատելության խոսքի։ 

Սակայն քննադատության ողջ ծավալը փաթթավորել որպես ատելության խոսք, նշանակում է փորձել վնաս հասցնել ատելության խոսքի դեմ իրական պայքարին՝ աղճատելով դրա սահմանումը։ 

Քննադատության ողջ ծավալի «պատասխանատու» դարձնել կառավարող ուժին՝ նշանակում է չհասկանալ, թե սեփական քաղաքական անցյալում ինչ խնդիրներ կան կամ սեփական քաղաքական ներկա դիսկուրսում ինչ շտկումների կարիք կա հանրության համար ավելի ընկալելի ընդդիմություն դառնալու համար։ 

Սիրո և համերաշխության ոգով գործող և իր թավշյա գործելաոճի համար հաճախ քննադատվող քաղաքական ուժին մեղադրել ատելության խոսք գեներացնելու մե՞ջ։ Առաջարկում եմ «Լուսավոր Հայաստանին» ինքնահայեցման միջոցով վեր հանել հանրության կողմից անընկալելի լինելու պատճառները և ավելի հաճախ հանդես գալ համերաշխության կոչերով, այլ ոչ թե մեղավորներ փնտրել։ Ամեն դեպքում, խնդրում եմ քաղաքացիներին մշտապես աչալուրջ լինել իրենց խոսքի նկատմամբ Կարելի է սուր քննադատել միմյանց և քաղաքական գործիչներին, բայց չանցնել վիրավորանքի, հայհոյանքի և ատելության խոսքի սահմանը, որոնք, կրկնում եմ, շատ տարբեր բաներ են։ 

-Այս հարցում իշխանություններին մեղադրողը միայն Մարուքյանը չէ, շատերն են հայտարարում իշխանությունների կողմից «ֆեյքերի ՊՈԱԿ» պահելու, համացանցում կեղծ հաշիվների միջոցով ատելություն տարածելու մասին:

-Նման մեղադրանք հնչեցնելու համար հարկավոր է նաև բացատրել՝ ո՞րը կլիներ մեր մոտիվը դրա համար։ Ֆեյքերի կարիք ունեն նրանք, ովքեր չունեն հանրային աջակցություն։ Ատելության մթնոլորտի կարիք ունեն նրանք, ովքեր ցանկանում են իշխանությունը զավթել՝ պառակտելով հանրությունը։ Իսկ իրականությունը հետևյալն է․ կան հարյուր հազարավոր ռեալ մարդիկ, որոնք անհանդուրժող են անցյալի վերադարձը գուժող քաղաքական խոսքի և մանևրումների նկատմամբ, և կա մի կառավարող ուժ, որը պայմանավորվել է այդ հարյուր հազարավոր ռեալ մարդկանց հետ լուծել բոլոր խնդիրները իրավական ճանպարհով և հանրային համերաշխությունը վերականգնելու և ամրապնդելու վերջնանպատակով։

-Իր ելույթում վարչապետը հայտարարեց՝ «ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կհամարվեն հակաժողովրդավարական և հակապետական ուժեր»: Այս հայտարարությունը ուղղված չէ՞ ատելության մթնոլորտի խորացմանը:

-Ամենևին։ Այս արտահայտությունը մեր Սահմանադրության երկրորդ հոդվածի վերաշարադրումն է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաև հանրաքվեների միջոցով։ Նրանք, ովքեր կփորձեն խլել այս իրավունքը ժողովրդից հակաժողովրդավարական են։ Կրկնեմ՝ հակաժողովրդավարական են նրանք, ովքեր դեմ են ազատ կամարտահայտմանը, ոչ թե ովքեր այդ կամարտահայտման մեջ ջատագովում են «այո» կամ «ոչ»։

-Դուք ատելության խոսքի դեմ պայքարողներից եք և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ: Ի՞նչ փուլում են խմբի աշխատանքները, Հայաստանում ատելության խոսքի դեմ պայքարի շանսեր կա՞ն:

-Աշխատանքային խումբը դեռևս երկու աշխատանքային հանդիպում է ունեցել։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են բոլորի նախնական մոտեցումները, և ընտրվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ աշխատանքային խմբին մասնագիտական աջակցություն տալու համար։ Ես ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» իրենց խոսքով՝ «թայմ-աութ» է վերցրել աշխատանքային խմբից, իսկ «Լուսավոր Հայաստանն» էլ առհասարակ հայտարարեց աշխատանքային խմբից դուրս գալու մասին։ Կարծում եմ, որ այստեղ նույնպես գործեց «ընդդիմադիրի կոմպլեքսը»։ Իբր թե՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա խմբից, իսկ «Լուսավոր Հայաստանը» մնա, ապա վերջինս այլևս ընդդիմադիր չի ընկալվի։ Նման ընդդիմադիրության համար շատ եմ ափսոսում։ Ոչինչ, մենք կշարունակենք մեր աշխատանքը և կնպաստենք թե՛ ատելության խոսքի իրական սահմանների մասին հանրային իրազեկմանը, թե՛ դրա դրսևորումների վերացմանը։