Գործադիրը ՀԿ-ներից ֆինանսական հաշվետվություն է պահանջում

փետրվարի 13, 2020

Փետրվարի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «կողմ» քվեարկությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: Գլխադասային` Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն չէր ստացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ոչ բավարար ներկայության պատճառով: Նախագծի հեղինակը կառավարությունն է:

Ուզում են բարձրացնել հանրային հաշվետվողականությունը

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը: Նախագիծը խորհրդարանին ներկայացնող Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ իր ստեղծած աշխատանքային խումբը ՀԿ ներկայացուցիչների հետ միասին մշակել է այն 1 տարում: Նախագիծը դրվել է հանրային քննարկման: ՊԵԿ նախագահի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդրահարույց կարգավորումներն ու տարընթերցումները հարթելու և վերախմբագրելու անհրաժեշտությամբ:

«Առաջարկվող փոփոխությամբ բոլոր ՀԿ-ների համար հաշվետվության պարտադիր պահանջ է սահմանվում։ Գործող կարգավորումներով կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն հրապարակել, եթե նրա գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները։ Այժմ ՖԱՖՏ-ի 8-րդ հանձնարարականի 8.3 կետի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություն` բոլոր կազմակերպությունների կառավարումը պետք է լինի թափանցիկ և հաշվետու։ Օրինագծի համաձայն բոլոր ՀԿ-ները պետք է էլեկտրոնային եղանակով տարեկան հաշվետվություն ներկայացնեն մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը: Իսկ ՊԵԿ պաշտոնական էջում դրանք հրապարակելու ծրագիր կստեղծվի»,- հայտարարեց Դավիթ Անանյանը:

Կազմակերպությունները, ըստ ՊԵԿ նախագահի, իրենց անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրելու փոխարեն պետք է ներկայացնեն դեկտեմբերի 31-ին:

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ինչպես հանձնաժողովում, իրենք կրկին դեմ են քվեարկելու, քանի որ ՀԿ-ներն արդեն իսկ հաշվետվություն ներկայացնում են, իսկ այս նախագծով անհարկի ավելացվում է նրանց բեռը: «Բացի այդ նախագծում կան ձևակերպումներ, որոնք տեղ են թողնելու, որ իրավակիրառ պրակտիկայում ՊԵԿ-ը հարցերին հայեցողական մոտեցում ցուցաբերի։ Պետք է նաև նշեմ, որ այս նախագծի շուրջ ՀԿ-ների լայն կոնսենսուս չկա, և նախագիծն ինքնին խնդրահարույց է»,- հայտարարեց ԼՀԿ պատգամավորը։

ԲՀԿ-ն նույնպես փոփոխությունները անընդունելի համարեց: «Որևէ մեկը դեմ չէ թափանցիկությանը, բայց սա այլ բան է: Խստացվում են նաև գույքային պահանջները ՀԿ-ներից: Մենք հարց տվեցինք ու պատասխանը չստացանք, թե մեկ ավել կամ պակաս աթոռը կարո՞ղ է ինչ-ինչ խնդիրներ առաջ բերել։ Ու քանի որ ՀԿ-ների միջև լիակատար կոնսենսուս չկա, և բազմաթիվ ՀԿ-ներ սա համարում են իրենց գլխին դամոկլյան սուր` իրենց հետագա գործունեությունը կասեցնելու համար, ԲՀԿ-ն նախագծին դեմ կքվեարկի»,- հայտարարեց   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փորձեց շտկել իրավիճակը, թե մինչև հիմա ոչ բոլոր ՀԿ-ներն են ֆինանսական հաշվետվություն ներկայացրել, հաշվետու են եղել միայն հանրային միջոցներ ստացած կազմակերպությունները:

«Թույլ տվեք չհամաձայնել: Այն, ինչ դուք նշում եք, իրականությանը չի համապատասխանում: Ես երկար տարիներ ՀԿ-ներում եմ եղել, նաև ՀԿ նախագահ եմ եղել, և բոլոր հաշվետվությունները հրապարակվել են»,- հակադարձեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։

Փետրվարի 11-ին նախագիծը ընդգրկվեց 4-րդ նստաշրջանի օրակարգ, բայց հաջորդած օրերին չքննարկվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, թե եթե օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա մինչև երկրորդ ընթերցում իրենք նույնպես ՀԿ-ներին կհրավիրեն խորհրդարան՝ միասնական քննարկման: