«Իմ քայլ»-ն իրեն կամավոր զրկում է ֆինանսական լուրջ միջոցներից․ Հ․ Դանիելյան

փետրվարի 14, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ։

-Անցած տարի Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասացիք, որ «Կուսակցությունների մասին» օրենքում Ձեր գլխավորած աշխատանքային խմբի մշակած փոփոխությունների նախագծը մինչև 2019թ. ավարտը ընդունված կլինի։ Ինչո՞ւ մինչև հիմա նախագիծը չեք ներկայացրել։

-Եթե նախագծի վրա միայն ես աշխատեի, արդեն ներկայացրած կլինեի։ Այնուամենայնիվ, տարեվերջին արդեն նախագիծն ունեինք, այն շրջանառության է դրվել միայն աշխատանքային խմբի շրջանակում։ Բավականին լուրջ փոփոխություններ ենք արել։ «Իմ քայլի» մոտեցումները հստակեցված են, սպասում ենք «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կարծիքներին։ Շուտով կներկայացնենք ԱԺ-ին, կուղարկենք միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական լսումներ կկազմակերպենք։

-Այսինքն, խմբում ընդգրկված ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի ներկայացուցիչների առաջարկությունները չե՞ք ընդունել, նրանք ընթացքում դիրքորոշում չե՞ն հայտնել, որ հիմա եք սպասում եք նրանց դիտարկումներին։

-Առաջարկներ կան, որ հաշվի ենք առել, բաներ կան, որ մենք ենք ներկայացրել։ Հունվարի սկզբին նախագիծը ներկայացրել ենք աշխատանքային խմբին, հունվարի կեսերին հանդիպում ենք ունեցել, երկու շաբաթ առաջ էլ քննարկել ենք խմբակցությունների հետ և սպասում ենք վերջնական եզրակացությանը։

-Ի՞նչ հիմնական փոփոխություններ եք արել։

-Կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմների վերանայում, բիզնեսի կամ իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսավորման արգելք, ֆինանսական ավելի խիստ վերահսկողություն և հստակ սահմանված պատժամիջոցներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վերահսկողության իրականացում, հանրային ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություն և վերահսկողության ավելացում։ Վարչական և քրեական պատիժներ ենք նախատեսել այն դեպքում, երբ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ներկայացուցիչը ապօրինի գումարներ է ներգրավում։ Այսինքն, լինելու է նախագծերի փաթեթ, և համապատասխան փոփոխություններ են լինելու Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենքում, ինչպես նաև` Կոռուպցիայի կյանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում։

-Տպավորություն է, թե հատուկ թիրախավորել եք ԲՀԿ-ն, որի ղեկավարը խոշոր սեփականատեր է և կարող է ֆինանսավորել իր կուսակցությունը:

-Ոչ։ Հայաստանում միշտ իշխող կուսակցությունն է ամենաշատը ֆինանսավորվել։ Բիզնեսը սիրում է իշխանությանը ֆինանսավորել, անկախ հանգամանքից, թե որ կուսակցությունն է իշխանության։ Կարող ենք ասել, որ «Իմ քայլը» կամավոր իրեն զրկում է պոտենցիալ և շատ լուրջ ֆինանսական միջոցներից։ Այլ հարց էլ կա՝ կուսակցությունների հայտարարագրերը թերի են և բավարար մանրամասներ չեն պարունակում։ Այս փոփոխություններից հետո ավելի մանրամասն կդառնան։ Ավելացնում ենք պարտադիր հայտարարագրում բոլոր կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների անհատական եկամուտների ու ծախսերի համար։

-Ո՞րն է այդ բոլոր փոփոխությունների նպատակը։

-Նպատակը չի փոխվել՝ կուսակցությունների ներքին ժողովրդավարություն, կուսակցություններին ավելի հաշվետու, թափանցիկ, պատասխանատու, ավելի ներառական դարձնելը։ Հանրային ֆինանսավորման մասով նախատեսում ենք ավելացնել ծավալները, նաև ամրագրում, որ դրա 10 տոկոսը պետք է ծախսեն կանանց և երիտասարդներին ներգրավելու, ինչպես նաև հանրային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրությունների ու իրենց քաղաքական գաղափարախոսությունն առաջ մղելու համար։

-Անհատական հանգանակություններ թույլատվելո՞ւ են։

-Իրավական տերմինաբանությամբ՝ նվիրատվություն։ Այս դեպքում փոփոխություններից մեկը գումարի չափի նվազեցումն է։ Գործող օրենքով յուրաքանչյուր անձի համար առավելագույն թույլատրելի չափը` 10 մլն դրամ, շատ բարձր է: Եթե ելակետ վերցնենք ՀՀ միջին աշխատավարձը, այն տարեկան կտրվածքով կլինի 10 մլն դրամի ընդամենը մեկ քառորդը։ Մենք առնվազն կեսով, միգուցե մի փոքր ավելի, կնվազեցնենք 10 մլն դրամը, և եթե որպես ուղեցույց վերցնենք քաղաքացու միջին աշխատավարձի տարեկան չափը, այդ գումարը կարող է լինել 2,5 մլն դրամ։

-Այդ դեպքում բիզնեսի սեփականատերը, օրինակ, Սամվել Ալեքսանյանը կարող է 3 մլն դրամ նվիրատվություն կատարել, նույնքան էլ կարող են նվիրել նրա կինը կամ որդիները։ Դա թույլատրելի՞ է։

-Վարորդը, խորհրդականը։ Այո, եթե ՀՀ քաղաքացի են։

-Իսկ դա չի՞ նշանակում, որ բիզնեսի կողմից կուսակցություններին ֆինանսավորելու մասով ընդամենը ձևակերպումներն եք փոխում։

-Մենք առնվազն դժվարացնում ենք, և այդ դժվարությունը որոշակի սահմանափակումներ է ներկայացնում։ Սա է լուծումը, սրանից ավելի իդեալական լուծում ունենալու ենք միայն այն ժամանակ, երբ Հայաստանում բոլոր քաղաքացիները կունենան հայտարարագիր։ Երբ Ձեր, Սամվել Ալեքսանյանի վարորդի և մյուսների եկամուտների ու ծախսերի հայտարարագրերը կունենանք, կհասկանանք՝ արդյո՞ք մարդը տարեկան կտրվածքով, պայմանական ասած, 2 մլն դրամ եկամուտ ունի, բայց 2,5 մլն դրամի նվիրատվություն է կատարել: Այդ ժամանակ արդեն հարցեր կառաջանան։

-Իսկ լիագումար նիստում նախագիծը ե՞րբ կքննարկեք:

-Կընդունենք գարնանային նստաշրջանում, ուժի մեջ կմտնի 2021թ.։

-Ասում էիք, թե նույն աշխատանքային խումբը կմշակի նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Այդ աշխատանքը ե՞րբ եք սկսելու։

-Այս քննարկումները ավարտելուց հետո, բայց, օրինակ, փետրվարի 17-ին քննարկելու ենք քվեարկության եղանակին վերաբերող հարցերը` ինտերնետային քվեարկություն, փոստային քվեարկություն, շրջիկ արկղով քվեարկություն։ Իմ կարծիքով, այսօր գոյություն ունեցող ինտերնետային քվեարկությունը մեզ պետք չէ, որովհետև դրա նկատմամբ վստահության պակաս կա`քվեարկողների զգալի մասը վստահ չէ, թե այդ համակարգով իր քվեի գաղտնիությունն ապահովված է։

-ԸՕ փոփոխությունների քննարկումները կսկսեք Սահմանադրության փոփոխություններից հետո՞։

-Ոչ, քննարկումները կսկսենք հընթացս։ Պետք է ուշադիր լինենք, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քննարկումների և մեր քննարկումների միջև երկխոսություն լինի, որպեսզի տեսնենք, թե որ ուղղությամբ ենք ընթանում։ Պետք է աշխատենք այն տրամաբանությամբ, որ հանրաքվեից հետո հնարավորինս արագ ունենալու ենք նաև ԸՕ-ի փոփոխություններ։