Գլխավոր շտաբի պետը փարատել է պատգամավորների մտահոգությունները

փետրվարի 18, 2020

Վերջին շրջանում Զինված ուժերում գրանցված դժբախտ պատահարները, զինծառայողների մահվան դեպքերը ստիպել են խորհրդարանական երկու հանձնաժողովներին համատեղ նիստ անել և հրավիրել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Հիշեցնենք՝ տարեսկզբից ոչ մարտական պայմաններում զոհվել է 13 զինծառայող։

Նիստը դռնփակ էր, տևեց երկու ժամից ավելի, որից հետո Արտակ Դավթյանը, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի ու Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտակա հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատգամավորների և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հանդիպումից գոհ էր: Ասաց՝ հանդիպումը արդյունավետ էր և բովանդակալից, և տրվել են մտահոգություն առաջացնող շատ հարցերի պատասխաններ:

«Մենք՝ որպես օրենսդիր մարմին, դեռ շատ անելիքներ ունենք: Հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ԶՈւ Գլխավոր շտաբի հետ համագործակցության մասին»,- ներկայացրեց պատգամավորը:

ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, քննարկվել են գաղտնիության բարձր մակարդակ ունեցող հարցեր: «Մենք պետք է հաշվի առնենք, որ Զինված ուժերում միջադեպերը մեզ ստիպում են անել ամեն ինչ բանակի համար: Այսօր բանակը չպետք է թիրախ դառնա: Բոլորս պետք է կանգնած լինենք բանակի կողքին»,- ասաց Քոչարյանը։

Դավթյանին ուղղված առաջին հարցը պաշտպանական համակարգում պաշտոնանկությունների մասին էր, որոնք զինված ուժերի գլխավոր պաշտոնյան չբացառեց։ «Կադրային փոփոխություններ կլինեն, այդ մասին պաշտոնապես կիմանաք, կհայտարարվի», -հայտարարեց Դավթյանը։ Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնանկության մասին, Դավթյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց՝ նշելով, որ դա Արցախի նախագահի, ՀՀ վարչապետի իրավասության ներքո է։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկությանը, ԶՈւ ԳՇ պետը հայտարարեց, որ մտադիր չէ ու չի պատրաստվում հրաժարական տալ։ «Հրաժարական չեմ պատրաստվում տալ, զինծառայողների մահվան դեպքերից չորսը հիվանդության հետևանքով է, և ամեն անգամ շահարկվում են հենց դրանք, 4-ը դժբախտ պատահարի հետևանքով է, ես եղել եմ զորամասերում, պարբերաբար լինում եմ, չեմ խորշում»,- ընդգծեց Դավթյանը։

ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի միջև տարաձայնությունների մասին մամուլի տեղեկությունները Արտակ Դավթյանը հերքել է։

«Զինված ուժերի Գլխավոր շտաբը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, և մեր հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա, աշխատանքային հարաբերություններ են։ Աշխատանքային գործընթացը և դրա ընթացքում հայտնած կարծիքները ներկայացվում են որպես խիստ հակասություններ: Պետ-ենթակայի միջև չի կարող լինել … էսպես ասեմ՝ չեմ կարողանալու տեսակետ հայտնեմ, պետք է հրաժարական տամ…էղավ, հրաժարական կտամ, որևէ խնդիր չեմ տեսնում, եթե սկզբունքային ինչ-որ հարցեր առաջ գան»,- հավելեց Արտակ Դավթյանը:

Ներկայացնելով աշխատանքային գործընթացը՝ Դավթյանն ասաց, որ մինչև պաշտպանության նախարարության կողմից քաղաքականությունը մշակելը, Գլխավոր շտաբը ներկայացնում է իր տեսակետներն ու մոտեցումները: «Շատ անգամ դա կարող է չհամընկնել ընդունված որոշման հետ, բայց դա շատ նորմալ է: Ճիշտ երևույթ է, քանի որ քաղաքական առումով պատասխանատուն պաշտպանության նախարարն է: Այնպես որ, այդտեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում», -ընդգծեց ԳՇ պետը:

Բանակում մահվան, մասնավորապես ինքնասպանության հասցնելու դեպքերի վերաբերյալ, Արտակ Դավթյանի խոսքով, դատարանի վճռից առաջ հայտարարություններ անելն ու մեղավորներ կարգելը ճիշտ չէ։

«Օրենքի առջև հավասար են բոլորը, իսկ թե ովքեր են մեղավորներ, կորոշի դատարանը՝ օրինական վճռով, և հասարակությունը չպետք է նշանակի պատասխանատուներ»,- ասաց նա։

Նրա ներկայացմամբ, զինծառայողների հետ կատարվածի հետևանքով սպայական կազմի շրջանում նույնպես պատժվողներ եղել են։ Մասնավորապես, ծառայողական քննության արդյունքում գրանցվել են կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի և´ պաշտոնից հեռացումներ, և´զորացրումներ, ինչպես նաև՝ խրախուսումներ: «Խրախուսումներ տրվել են այն անձանց, ովքեր կանխել են ինքնասպանության փորձերը», -հայտարարեց Դավթյանը: