Հեղափոխությունը մոտենում է կրթությանն ու գիտությանը

փետրվարի 24, 2020

Հայերենի ու հայոց պատմության մասին

Հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող բարեփոխումները փետրվարի 24-ին քննարկվել են Ազգային ժողովում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված լսումների ընթացքում: Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները հանրային դժգոհություն էին առաջ բերել: Ուսանող երիտասարդները, հիմնականում Հ. Յ. Դաշնակցությունից, նույնիսկ նստադուլ էին կազմակերպել նախարարության դիմաց՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Վերջինը խորհրդարանական լսումների ժամանակ անցյալի այդ դրվագին անդրադարձավ այսպես. «Երբեմն ասում էին բաներ, որոնք իրականությանը չէին համապատասխանում»։

Կառավարությունը առաջարկում է հայերենի և Հայոց պատմության դասավանդումը բուհերում դարձնել ոչ պարտադիր՝ դասավանդել-չդասավանդելու ընտրությունը թողնելով բուհին: «Այդ գիտելիքը, որը մեր ուսանողը ստանում է բուհում, պետք է լինի դպրոցում։ Մենք այս հարցը թողնում ենք գիտխորհուրդներին, թող իրենք որոշեն», -նշեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս դրույթը ուժի մեջ է մտնելու 2022 թվականից։ Նախարարի խոսքով՝ տարօրինակ է, որ ընդդիմախոսները շահարկում են առարկաների պարտադիր չլինելը, բայց չեն խոսում փոփոխությունը իրականացնելու ժամկետի մասին։

Նախատեսվում է, որ բուհ ընդունվելու համար դիմորդը պետք է պարտադիր միասնական քննություն հանձնի «Հայոց լեզու» առարկայից։ «Նախագծով պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,-առաջարկվող հիմնական փոփոխությունները ներկայացրեց նախարար Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը ունի բացատրություն, թե ինչու է այս օրինագծի շուրջ բողոքի ալիք բարձրացել. «Քննարկումները երբեմն հասնում են անթույլատրելի մակարդակի, դա այն պատճառով է, որ մենք ունեցել ենք տասնամյակներով կարծրացած համակարգ և այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին»։

Կառավարության «հեղափոխական» նախաձեռնությունը՝ բուհերում Հայոց լեզուն և Հայոց պատմությունը ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ, քննադատեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Որևէ մեկը ինձ չհամարի հետադիմական: Միգուցե ձեր քայլը կլիներ ընդունելի, եթե մենք դպրոցներում ունենայինք Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաների դասավանդման այն որակը, որ բուհերում այլևս անհրաժեշտ չլիներ դրանց պարտադիր ուսուցումը գոնե ինչ-որ ժամանակ»։

Գիտության մասին

Կառավարությունը որոշել է հրաժարվել կոսմետիկ փոփոխություններից գիտության ոլորտում: Նախարարը «կոնստրուկտիվ քննարկումներ» է ունեցել ԳԱԱ նախագահության ու ԳԱԱ ինստիտուտների ղեկավարների հետ. հնչած կարծիքներն ու առաջարկները կներկայացվեն գրավոր։ «Օրենքի հիմնական նպատակը բուհի և գիտության ու հետազոտության ինտեգրումն է։ Այս նպատակի համար ենք ներկայացրել այս նախագիծը, որը, այո, հեղափոխական է», -հայտարարեց նախարարը։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով, օրինագծում գիտությանը վերաբերող հատվածը փոքր է, համեստ, բայց հիմնական խնդիրները դրանում արտահայտված են։ «Լավ կլիներ, որ օրենքում լիներ գիտական հետազոտությունների նյութական ապահովման խնդիրը:  Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի ընդունման առաջին փուլում օրենքում ֆիքսված էր որոշակի թիվ, որ պետբյուջեից գիտությանը հատկացված գումարները պետք է ունենան որոշակի մեծություն: Սակայն այդ պահանջը չկատարվեց, դա փոփոխության ենթարկվեց: Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել, այլ եղել են ֆինանսներ միայն այս կամ կազմակերպությունների պահպանման համար: Միայն անցյալ տարի առաջին անգամ հատկացվեցին առանձին գումարներ՝ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Կուզեինք, որ այս մոտեցումները ինչ-որ ձևով ամրագրվեին օրենքում»,-ասաց ԳԱԱ նախագահը:

Կառավարման խորհուրդների մասին

Փոփոխությունների նախագիծով բուհերի կառավարման խորհրդի անդամների թիվ է սահմանվում 12-ը՝ 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, մեկը՝ ուսանող, իսկ 6-ը՝ գործարար շրջանակից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվելու է:

Սահմանվում են բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետության և հասարակության առաջ:

Հանրային քննարկումներից հետո օրենդրական նախաձեռնությունը կներկայացվի կառավարություն և հաստատվելու դեպքում կուղարկվի խորհրդարան։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդում կառաջարկեն նախագծի քննարկումներին երկար ժամանակ հատկացնել, որպեսզի բոլոր կողմերը արտահայտեն իրենց մտահոգությունները։