Անկա՞խ, թե՞ վախեցած դատավորներ․ գործադիրը ներկայացրել է բարեվարքության մասին փաթեթը

փետրվարի 26, 2020

Անկա՞խ, թե՞ վախեցած դատավորներգործադիրը ներկայացրել է բարեվարքության մասին փաթեթը

Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դատական համակարգի բարեվարքության խնդիրը կարգավորող օրենսդրական փաթեթը: Դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող այս փաթեթը ստացել է Վենետիկի հանձնաժողովի  դրական կարծիքը: Փետրվարի 26-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել առաջարկվող փոփոխությունները քննարկելու համար:

Էլ ավելի երիտասարդ դատավորներ

Եթե ԱԺ-ն ընդունի Դատական օրենսգրքում և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը, ապա դատավոր կարող են դառնալ ոչ թե 28, այլև 25 տարեկանը լրացած այն երիտասարդները, որոնք կունենան 3 տարվա ստաժ:

Այս դրույթը դժգոհություն է առաջացրել հատկապես գործող դատավորների շրջանում: «Որքանո՞վ է նպատակահարմար դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմը 28-ից դարձնել 25 տարեկան։ Կրթական մասը՝ մի կողմ, բայց դատավորը պետք է ունենա նաև կյանքի և աշխատանքային որոշակի փորձ», - խորհրդարանում այս նախագծի քննարկման համար հրավիրված լսումների ժամանակ կասկած հայտնեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը:

«Շատ կներեք, բայց որոշ չակերտավոր փորձառու դատավորներ ձևավորել են շատ վատ համբավ ամբողջ դատական համակարգի համար: Պետք չէ վախենալ 25 տարեկաններից, մանավանդ, որ 25 տարեկաններ դատական համակարգում այսօր դժվար թե ունենանք, կամ էլ եղածները երիտասարդներ են, որոնք, կարող է պարզվի, շատ օգտակար գործեր են արել դատական համակարգի համար»,- հակադարձեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. փոփոխությունների փաթեթը մշակել է նրա ղեկավարած գերատեսչությունը:

Կստուգեն գույքը և հոգեբանական վիճակը

Փոփոխություններ են առաջարկվում նաև դատավորի թեկնածուների ընտրության կարգում: Ընտրություն կատարելիս Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հաշվի առնի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, թեկնածուն հոգեբանական թեստ պետք է անցնի, պետք է ստուգվի նաև նրա գույքային վիճակը: Եթե դատավորի գույքի փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա վարույթ հարուցելու իրավունք:  

ՍԴ դատավորների պարագայում Կոռուպցիայի կանխագերլման հանձնաժողովը ոչ թե ԲԴԽ, այլ Ազգային ժողով է դիմելու՝ հասկանալու՝ ՍԴ դատավորի դեմ կարգապահական խախտման հիքմով հարցը քննարկելու համար դիմե՞լ ՍԴ , թե՞ ոչ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց. «Հնարավորություն կա ուսումնասիրելու, օրինակ, սոցիալական ցանցերը, ընդհանրապես անձի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության հնարավոր դրսևորումները»։

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի կարծիքով՝ այս և առաջարկվող մյուս փոփոխությունները շատ կարևոր են անկախ և հանրային վստահության բարձր մակարդակ ունեցող դատական համակարգ ձևավորալու հարցում: «Այդ բարեվարքության ստուգումով անցնող դատավորները լրիվ այլ մակարդակի անկախություն ունեն, որովհետև այս պարագայում այլևս ոչ ոք չի փորձի, օրինակ, շահարկել դատավորի կենսագրության կամ ներկային վերաբերող ինչ-որ անհասկանալի կամ մութ կետերը»,- ասաց Վիգեն Քոչարյանը։

Նախագծերի փաթեթը սահմանել է նաև կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Նախարարը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը տարիներ շարունակ Հայաստանին կոչ է արել այսպիսի ցանկ ունենալ: Մինչև հիմա  այդ ցանկը սահմանվում  էր գլխավոր դատախազի ստորագրած իրավական ակտով, իսկ նախագծով այն օրենքի ուժ կստանա:

Դատարանները գերծանրաբեռնված են

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը խնդրահարույց համարեց դատարանների ծանրաբեռնվածությունը: Նրա ներկայացմամբ՝ միայն Երևանի դատարաններում քննվում է 155 քրեական և 1.628 քաղաքացիական գործ, որոնց մեծ մասը շրջանառության մեջ է 2 կամ ավելի տարի: 1.122 գործ ընդամենը 7 դատավորի քննության տակ է: «Այս գործերից որոշները տարիներ են տևում, ինչը երկրի հիմնական օրենքի պահանջների խախտում է: Որոշ դեպքերում վերանայումը տևում է 8 կամ ավելի տարի, և դրանց վերջը չի երևում: Հաճախ դատական գործերի քննությունն իրականացվում է 4-6 ամիսը մեկ, ինչը պարզապես անընդունելի է և վկայում է դատարանների ծանրաբեռնվածության մասին»,- նշեց Թաթոյանը` շեշտելով, որ այս հարցերը պետք է նկատի ունենալ նոր Քրեական օրենսգիրքը մշակելիս:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի ներկայացրած վիճակագրությամբ՝ դատավորների ուսերին դրված է 250 հազարից ավելի գործ: «250 հազարից ավելի գործ՝ ամեն տարի, և դրանով զբաղվում է ընդամենը 230 դատավոր: Ստացվում է, որ յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը կազմում է 1000 և ավելի գործ: Եթե այս թիվը բաժանենք աշխատանքային օրերի վրա, կտեսնենք, որ դատավորն այլընտրանք, քան 1 ամիսը 1 գործով նիստ անելու, չունի: Վստահեցնում եմ, որ մեր դատավորները ոչ միայն աշխատանքային, այլև ոչ աշխատանքային օրերին են աշխատում»,- ասաց Երվանդ Խունդկարյանը: Վճռաբեկ դատարանի նախագահը նաև նշեց, որ դատական համակարգը թերանում է իր կատարած աշխատանքը հասարակությանն ի ցույց դնելու տեսանկյունից:

Ընդդիմությունը դժգոհ է

Արդարադատության նախարարության ներկայացրած այս նախագիծը քննադատեց խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե հասկանում են, որ դատավորների ծանրաբեռնվածությունը մեծ է, սակայն պետք է հստակ ուշադրություն դարձնել դատավարությունը անցկացնելու ժամկետներին: «Մենք օրենքով պիտի սահմանենք ողջամիտ ժամկետ։ Պատճառաբանությունները, թե դատավորները քիչ են, յուրաքանչյուրն այսքան գործ ունի և չի հասցնում, ընդունելի բացատրություններ չեն: Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ»,- հայտարարեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանի կարծիքով էլ Արդարադատության նախարարության ներկայացրած առաջարկները կոսմետիկ են, և իշխանությունները չեն իրականացնում ամիսներ առաջ խոստացված վեթինգը: «Քաղաքական իշխանությունը որոշել է, որ կոսմետիկ փոփոխությունների, բարեվարքության որոշ կանոններ փոփոխելու միջոցով կարող ենք այդ նպատակին հասնել: Բայց ձեր ներկայացրած նախագիծը ոչ թե նպաստում է, որ մենք ունենանք անկախ դատավոր, այլ որ ունենանք վախեցած դատավոր. վախեցած՝ ոչ թե խիստ օրենքից, այլ կոնկրետ անձանցից»,- ասաց ԼՀԿ պատգամավորը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ մտահոգված էր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վաղեմության ժամկետով՝ 8 տարի. «8 տարվա մասին է խոսքը, որը Մարտի 1-ի դատավորներին՝ ապօրինի վճիռ կայացրածներին, արդարադատության դեմ հանցագործություն արածներին հնարավորություն է տալիս պլստալ ուղղակի պատասխանատվությունից»։

Ռուստամ Բադասյանը, սակայն, բացատրեց, որ այդ 8 տարին հետադարձ ուժ չունի: «Խոսքը հետո կատարվող կարգապահական խախտումների մասին է, այս Դատական օրենսգիրքը ապագայի մասին է, իսկ անցյալի մասով դա չի նշանակում, որ մենք անցյալի էջը փակում ենք առանց գնահատական տալու անցյալին»,- պարզաբանեց նախարարը: Նա նաև հայտարարեց, թե խորքային խնդիրներ կան ոչ միայն դատական, այլև իրավապահ ողջ համակարգում, բայց ճիշտ է սկսել դատական համակարգի խնդիրների լուծումից, քանի որ մարդու իրավունքների երաշխավորը դատական իշխանությունն է, որը անկյունային դեր է կատարում արդարադատություն իրականացնելու հարցում:

Նախագծերի փաթեթը փետրվարի 28-ին կքննարկվի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հետո` ԱԺ լիագումար նիստում: